Ռուս ներդրողի շահը պահանջում է ՀՀ քաղաքացուն անձնագիր չտալ

31/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

21 տարեկան Անդրանիկի` երեք իրենից ավագ ընկերները, թեեւ, վաղուց ամուսնացած են, բայց մինչեւ հիմա հայր չեն դարձել:

Երկու տարեկան Գուրգենից բացի, Անդրանիկը մի քանի օրից նաեւ կդառնա զույգ երեխաների հայր: Ասում է` «Մի ընկերս յոթ տարի ա` ամուսնացած ա, բայց վախենում ա երեխա ունենալ: Ասում ա` իմ վիճակում երեխա մեծացնելը մեղք գործել ա: Մյուս ընկերս էլ ամեն տարի ասում ա` մի քիչ ոտքի կանգնեմ, նոր երեխա ունենամ: Հիմնականում իրանց հույսը կապում են ռուսաստաններում խոպան գնալու հետ: Հայաստանում երեխա ունենալն, իսկականից որ, մեղք գործելու նման ա»: Հիմա արդեն զղջում է, որ ընկերների օրինակով չի առաջնորդվել, բայց Գուրգենին նայելիս այնպես է «խեղճանում», որ սկսում է զղջալ քիչ առաջ արտահայտած խոսքերի համար: Արցախի 32 հանրակացարան կոչվող կիսափուլ շենքը գտնվում է Երկաթգծի վագոնային դեպոյի տարածքում, որը նախկինում եղել է այդ հաստատության վարչական շենքը: Այդ տարածքում Անդրանիկի ծնողներին սենյակ հատկացրել է Տրանսպորտի նախկին նախարարը: Երկաթգծի անօթեւան աշխատակիցներին նախկինում հիմնականում բնակեցնում էին ժամանակավոր կացարաններում, որպեսզի հետագայում պետությունը նրանց բնակարան հատկացներ: 1994-ից Անդրանիկի բազմանդամ ընտանիքն ապրում է այդ հանրակացարանում, որն, անկեղծ ասած` մինչեւ հիմա էլ գտնվում է Երկաթգծի ռելսերի ու գնացքների արանքում: Շենքում բնակվող ընտանիքների բակում խաղացող երեխաների գնդակները հաճախ հայտնվում են գնացքի երկաթե անիվների տակ: Կենսակերպն այս տարածքում անանուն ու անբացատրելի է: Սլացող վագոնների ծանրությունից հանրակացարանի սենյակում դղրդոցից իրերը ճոճվում են, իսկ առաջին անգամ այդ շենք ոտք դրած մարդու մոտ երկրաշարժի տագնապ է սկսվում: Անդրանիկ Միքայելյանը ՀՀ քաղաքացի չէ, ոչ էլ այլ պետության քաղաքացի է: Հիմա նա պատրաստվում է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` արտահայտելով իր վրդովմունքը եւ պահանջելով իրեն արտաքսել այլ երկիր: Հայաստանը հրաժարվում է ազգությամբ հայ քաղաքացի այս երիտասարդին անձնագիր տրամադրել, որովհետեւ Հայաստանում առավել կարեւոր է ազգությամբ ռուս ներդրողի շահը: «Դիմում եմ Էրեբունու անձնագրային բաժին, ասում են` մեզ տեղեկացրել են, որ այդ տարածքը պատկանում է ռուսներին, եւ դուք չեք կարող գրանցվել, որպեսզի անձնագիր ստանաք: Ասում եմ` բայց ես ամբողջ կյանքում էդտեղ եմ ապրել, ինչո՞ւ չեք կարող գրանցել: Ասում են` որովհետեւ այդ տարածքն արդեն ռուսներինն է: Դուք ավելի լավ է ուրիշ որեւէ տեղ գրանցվեք, ասենք` հարազատներից, բարեկամներից մեկի հասցեում: Բայց ո՞վ կհամաձայնվի ինձ գրանցել էն դեպքում, որ մեր բոլոր բարեկամներն էլ մեր օրին են»,- ասում է Անդրանիկը` հավելելով, որ տեւական ժամանակ է` անձնագրային բաժնի դուռը թակում է, բայց անօգուտ: Հիշեցնենք, որ տարածքը ներկայումս տնօրինում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որն, ի դեպ, ոչ թե գնել, այլ 50 տարի ժամկետով վարձակալել է տարածքը: Չնայած դրան, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն դիմել է Էրեբունու անձնագրային բաժին` տեղեկացնելով, որ այլեւս արգելում է հանրակացարանի տարածքում բնակիչներին գրանցել: Սա` այն դեպքում, երբ Ա. Միքայելյանի ընտանիքն այնտեղ բնակվում է 1994-ից: «Դուք հասկանո՞ւմ եք, ես չեմ կարողանում աշխատանքի տեղավորվել, չեմ կարողանում որեւէ փաստաթուղթ ձեւակերպել, որովհետեւ, փաստորեն, Հայաստանում ես որպես անձ` գոյություն չունեմ: Ընտանիքս կա, շուտով երկրորդ եւ երրորդ երեխան կունենամ, բայց իմ երեխաների հայրը փաստացի գոյություն չունի, որովհետեւ ռուսները որոշել են, որ ես իրավունք չունեմ քաղաքացիություն ստանալ, իսկ իմ երկրի պետական կառույցներն էլ իրավունք չունեն ռուսների հրամանը անտեսելով` օրինական կերպով ինձ անձնագիր տալ»,- ասում է Անդրանիկը` իշխանություններից պահանջելով իրեն վտարել Հայաստանից` շեշտելով, որ պատրաստ է նույնիսկ թշնամի պետություններից ապաստան խնդրել: Կինը` Քրիստինեն, մինչեւ օրս գրանցված է Աշտարակում` հայրական տան հասցեում: Արդեն մի քանի տարի է` ամուսնացած են, բայց նույնիսկ չեն կարողանում զագսավորվել, քանի որ փաստաթղթերով ամուսինը գոյություն չունի: «Մենք չգիտենք` էս անելանելի դրությունից ինչպես դուրս գանք: Էն օրը պետական մի հիմնարկից ամուսնուս կանչել էին աշխատանքի, բանվորություն պիտի աներ: Գնաց, անտրամադիր եկավ: Ասել էին` առանց անձնագրի իրավունք չունենք աշխատանքի ընդունել»,- ասում է Քրիստինեն` վստահեցնելով, որ նման չքավորության պայմաններում նույնիսկ աղքատության նպաստ չեն ստանում:

Գուրգենն անհանգիստ քայլում է բանտախուց հիշեցնող իրենց սենյակի ողջ երկայնքով մեկ: Երբ քաղց է զգում, ձեռքը գցում է սեղանին դրված շաքարաջրին ու ագահությամբ ըմբոշխնում է: Անդրանիկի երիտասարդ ընտանիքը ներկայումս գոյատեւում է նրա ավագ եղբոր աշխատանքի շնորհիվ. «Ախպերս աշխատում ա 50.000 դրամ աշխատավարձով: Օգնում ա, բա ի՞նչ անի, հո չի՞ կարա նայի, թե ոնց ա ախպոր ընտանիքը վարի գնում: Էդ 50.000-ով համ իրա ընտանիքն ա պահում, համ էլ մեզ ա մի կտոր հաց հասցնում»: Քրիստինեն ասում է, որ գործազրկության պատճառով ամուսնու նյարդային համակարգը խախտվել է:

Վերջերս նյարդաբանի մոտ հետազոտությունից հետո նրան ուղեգրել են հոգեբուժարանում ստուգվելու: Նա հրաժարվում է ոտք դնել այդ բուժհաստատություն` խոստանալով հանդարտվել եւ փորձել կյանքի դժվարություններին թեթեւ վերաբերվել: Չնայած դրան, յուրաքանչյուր խնդրի բախվելիս նյարդերը տեղի են տալիս: Հիմա Անդրանիկի աշխատանքը առավոտից իրիկուն փողոցներից վառելիք հայթայթելն է, որ Գուրգենին ու հղի կնոջը ցրտից պաշտպանի: Չորս տարի առաջ էլ` առավոտից իրիկուն, Անդրանիկի ամենօրյա աշխատանքը փողոցներից վառելիք հայթայթելն էր: Չորս տարի առաջ էր, երբ փողոցներից վառելիք հայթայթելիս այս երիտասարդը գործարաններից մեկից երկաթե ջարդոն էր տեղափոխել, որպեսզի հանձնի եւ չորս քույրերի ու եղբայրների համար հաց գնի: Քույրերն ու եղբայրներն այդ օրը կուշտ էին, ու Անդրանիկն այդ օրը գոհ ու երջանիկ էր: Հաջորդ օրը նա հայտնվել էր Ոստիկանությունում, իսկ հաջորդ ամիսներին` անչափահասների գաղութում: Չորս տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության նախկին պետը, Անդրանիկին բնութագրելով, նրան համարում էր խելացի եւ կյանքի հատակում հայտնված մի մարդ, որն իր պատիժը կրում է ամենօրյա տառապանքով: Կալանավայրի ղեկավարության դրական բնութագիրների միջնորդությամբ նա վաղակետ ազատման ենթարկվեց: Ազատություն ստանալուց հետո այս երիտասարդը փորձում էր իր կյանքից ջնջել ազատազրկման տարիներն ու ընտանիք կազմելով` նոր կյանք սկսել: «Էդ օրն իմ ընտանիքը կուշտ էր, բայց ես շատ թանկ գին վճարեցի: Ինձ հետ տառապեցին նաեւ իմ հարազատները»,- ասում էր կալանավայրի դռներին արդեն այս կողմից նայող երիտասարդը: Հիմա Անդրանիկն ունի այն ամենը, ինչի մասին երազում էր` բացի արժանապատվությունից: Հիմա, երբ Գուրգենը մեկ-մեկ սովից իրեն պատռում է` Անդրանիկը չի դիմանում: Մտքի ծայրով անցնում է Գուրգենին գոնե մեկ օր կուշտ կերակրելու մասին: Մտքի ծայրով նաեւ անցնում է փախչելը: Այնտեղ` փակ դռների ետեւում, արժանապատվությունը ճաղավանդակներից դուրս է երեւում, բայց այստեղ էլ` արժանապատվությունն իրենից խլում են: