«Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք»

31/01/2012

Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները հանգրվան են գտել Արամի եւ Բուզանդի փողոցներին հարող այգում, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ: Քաղաքապետարանի աշխատակիցները նույնությամբ տեղադրել են նախկինում Աբովյան փողոցի վրա գտնվող ապամոնտաժված կրպակները նշված վայրում: Երեկ, ըստ tert.am-ի` այնտեղ էին հավաքվել են մի շարք բնապահպաններ` «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երեւանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից» վերտառությամբ պաստառներով: «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանի խոսքով` իրականացվում է անօրինական շինարարություն: Երեկ Երեւանի քաղաքապետարանն այս խնդրի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, ըստ որի` կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին տաղավարներ չեն տեղադրվել: «Վերջին 2 ամիսների ընթացքում Երեւանի քաղաքապետարանը Երեւանի Կենտրոնի գոտիավորման նախագծին համապատասխան` կառուցապատման աշխատանքներ է կատարում Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում` իրականացնելով Արամի եւ Փավստոս Բուզանդի փողոցների շարունակությունը, որը հիմնականում սպասարկելու է «Հին Երեւան» ծրագրով նախատեսված հատվածը: Նոր փողոցների կառուցման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերակառուցել գործող վարձակալների կողմից տնօրինվող տարածքները եւ դրանց սպասարկող տաղավարները` ըստ քաղաքապետարանի կողմից տրված սխեմայի: Բանակցությունների արդյունքում Աբովյան փողոցի որոշ կառուցապատողների եւս որպես փոխհատուցում առաջարկվել է այդ հատվածում տաղավարներ տեղադրել, բնականաբար, ոչ կանաչ գոտու եւ ընդհանուր օգտագործման տարածքների հաշվին: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է ամբողջովին բարեկարգել Գլխավոր պողոտայի տվյալ հատվածը: Այս համատեքստում քաղաքապետարանի կողմից մշակված է տվյալ տարածքի բարեկարգման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության ծրագիր»: