Անցած տարի մամուլը բավականին զվարճացրեց քյավառցի ինքնահռչակ աստղաֆիզիկոսի կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին մոլորության մեջ գցելու պատմությամբ: Սակայն ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում:
Այս անգամ հերթական ավանտյուրիստի որոգայթներում հայտնվեցին Հայաստանի գրեթե բոլոր զանգվածային լրատվամիջոցները: Եվ այսպես, լրատվամիջոցները` ձեռքից ձեռք խլելով, իրար հերթ չէին տալիս հարցազրույց վերցնելու մի ռեժիսորից, որն, իբր, վերջին տասը տարում զբաղվելով կինոարտադրությամբ, թողել է Մոսկվան, եկել Հայաստան, ֆիլմ է նկարահանում Ղարաբաղի պատերազմի մասին, որով նա լուծելու է Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը: Այդ ֆիլմի բյուջեն, ըստ ռեժիսորի` կազմում է 7,5 միլիոն դոլար, որից 7 միլիոնը նա արդեն ունի ավարտին հասցնելու համար, եւ պակասում է ընդամենը կես միլիոն դոլար, որն էլ խոստացել է տրամադրել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` հանձնարարելով այդ գործը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Վերջինս էլ, չգիտես ինչու, ձգձգում է գումարի տրամադրումը: Ֆիլմը, ռեժիսորի ասելով, ներկայացվելու է «Օսկարի» մրցանակի: Ամենասարսափելին, սակայն, այն է, որ այս ֆիլմի մասին ադրբեջանցիներն արդեն իմացել են եւ ամեն օր սպառնում են ֆիլմի հեղինակին, որ դադարեցնի նկարահանումները, թե չէ վիզը կթռցնեն: Հակառակի պես, մեր Ազգային անվտանգության մարմիններն էլ տիրություն չեն անում աշխարհահռչակ այս ռեժիսորին: Հայկական լրատվամիջոցներից եւ համացանցից հայտնի դարձավ, որ «աշխարհահռչակ» այս ռեժիսորը 17 տարեկանից երեք տարի շարունակ մասնակցել է Արցախի ազատագրման մարտերին, առանձնակի նշանակության գումարտակի հետախույզ է եղել: Ինչո՞ւ է լռում երկրի նախագահը, որն իր «դաբրոն» վաղուց արդեն տվել էր այս ֆիլմի նկարահանումն ավարտին հասցնելու համար. 500.000 դոլարն ի՞նչ է, որ չեն տալիս: Հակառակի պես` մամուլում եւ սոցցանցերում հնչող այս հարցերի պատասխանները չեն տրվում ոչ նախարարի եւ ոչ էլ նախագահի աշխատակազմի կողմից: Այս ամենը կարծես կատակերգական սերիալի սցենար լինի: Թվում էր` սենսացիոն այս պատմությունը, որն արդեն վերածվել էր անհեթեթության, այդպես էլ կավարտվեր, եթե տարվա վերջին տեղի չունենար մի այլ իրադարձություն, որին դարձյալ անդրադարձան հայկական լրատվամիջոցները, այս անգամ` առանց բացառության: Մամուլում եւ հեռուստաէկրաններին հայտնվում է «Տարվա քաղաքացի» տիտղոսին արժանացած մարդը, նույն ինքը` «աշխարհահռչակ կինոռեժիսորը»` այս անգամ կրպակավարի կարգավիճակով, որն իր իրավունքների համար մինչեւ վերջ պայքարող եւ հաղթանակի հասնող «Տարվա քաղաքացի» է ճանաչվում: Այս կոչումը նրան շնորհում է ՇՊԱԿ կազմակերպությունը` Հրազդանի տարածքային կազմակերպության ներկայացմամբ: Բայց ավելի լավ է ներկայացնենք պատմությունն այն մասին, թե «աշխարհահռչակ» ռեժիսորն ինչպես դարձավ սովորական կրպակավար: Հրազդանի հարկային տեսչության աշխատակիցները, իմանալով շանտաժիստի բնավորության մասին, վկաների ներկայությամբ փորձել են մուտք գործել Հրազդան քաղաքի Կենտրոնում գտնվող նրա տեսասկավառակների վաճառքի կրպակ եւ արձանագրություն կազմել ՀԴՄ կտրոններ չտրամադրելու վերաբերյալ: Դու մի ասա, այս «աշխարհահռչակ ռեժիսորը» կրպակում թաքնված տեսախցիկ է ունեցել, նկարահանել է, եւ ապա ՇՊԱԿ-ի իր ընկեր Տիգրանի իրավաբանական աջակցության շնորհիվ հարկային աշխատողների վրա կանոնակարգի խախտումների մասով գործ է սարքվում Ոստիկանությունում: Արդյունքում` 7 երիտասարդ մասնագետներ ազատվում են աշխատանքից, նրանց կարիերայի վրա սեւ բիծ է ընկնում:
«Աշխարհահռչակ» այս ռեժիսորը, որը Հրազդանում ճանաչված էր որպես գործ տվող ու գործ սարքող անձնավորություն (հայտնի է նաեւ, որ նա նույնիսկ Ղարաբաղում կռված իր հարազատ եղբոր վրա է գործ սարքել Հրազդանի ոստիկանությունում), ահուսարսափ է տարածում տեղական մարմինների վրա, մանավանդ որ, մամուլով տարածվել էր, թե սա ունի ՀՀ նախագահի «դաբրոն»: Գոգոլի «Ռեւիզորի» Խլեստակովից ահաբեկվածների նման` շատ-շատերը խուճապի են մատնվում: Մարդիկ մտածում են` «Թերթերը որ այսքան գրում են, մի բան կա երեւի, գուցե իսկապես սա նախագահի «դաբրոյին» արժանացած անձնավորություն է»: «Աշխարհահռչակի» մարդկային որակների մասին քաջատեղյակ էին Հրազդանում, սակայն ռեժիսորականի եւ դերասանականի մասին թերթերից իմացան: Վերջին 10 տարում նրա Մոսկվայում ապրելու մասին տեղեկությունը հրազդանցիներին կրկին ներշնչեց իրենց տեսողության հանդեպ կասկածներ: Եթե նա 10 տարի ապրել է Մոսկվայում, ապա այդ ո՞վ էր տարիներ շարունակ տեսասկավառակներ պտտեցնում Հրազդանի Կենտրոնում` չորսբոլոր լցնելով թուրքական եւ ադրբեջանական մեղեդիներով ու մուղամներով, դիտողություններին էլ միշտ պատասխանում` «Ժողովրդի պահանջով եմ անում»: Այդ ո՞վ էր Հրազդանում տպիչների ոչ արհեստավարժ լիցքավորում իրականացնում` տեղիք տալով այցելուների բողոքներին: Այդ ո՞վ էր տնետուն ընկած որպես վարձու Ձմեռ պապ ներկայանում, որի գովազդը պտտվում էր Հրազդանի եթերում: Հարց է առաջանում. եթե այսքան բան գիտեինք, ինչո՞ւ էինք լռում, ինչո՞ւ նրա իրական դեմքը չէինք բացահայտում: Սա արդեն ուրիշ պատմություն է. ավելի շուտ, մենք դա չէինք կարող անել, ինչպես ասում են` բոլոր ձվերը մեկ զամբյուղում չէին տեղավորվի: Այն ժամանակ, երբ պատրաստվում էինք դիմակազերծել մեզ քաջածանոթ ավանտյուրիստին, նա անմիջապես գործի դրեց արդեն փորձարկված շանտաժի իր մեքենան: Անցած տարվա օգոստոսի վերջերին «Հրազդան» հեռուստաընկերություն եկավ այս անձնավորությունը` առաջարկելով գնել տեսասկավառակներ: Նախատեսված գումարը ստանալուց հետո հրաժարվեց պայմանագիր ստորագրելու կամ ՀԴՄ կտրոն տրամադրելու մեր պահանջից: Դեռ ավելին` սկսեց սպառնալիքներ տեղալ` ասելով, որ մեծ խնդիրներ կունենանք, եթե շարունակենք պայմանագիր պահանջել: Սպառնալիքներն ավելի ազդեցիկ դարձնելու համար խորհուրդ տվեց մտնել ինտերնետ, իմանալ, թե ո՞վ է ինքը: Սպառնալիքներին բանի տեղ չդրեցինք, բայց ինտերնետ մտնելով` ապշեցինք: Պարզվում է` այս անձը իսկապես «աշխարհահռչակ» ռեժիսոր է եղել, վրաներս խաբար չկա: Որքան էլ անսպասելի էր, այնուամենայնիվ, նրա սպառնալիքներն իրական դարձան: Նրա բողոքի հիման վրա մեզ մոտ ստուգումներ եւ քննություններ սկսեցին ՀՀ աշխատանքի պետական տեսչության, Պետեկամուտների, Ոստիկանության աշխատակիցները: Ստուգողներն իրար հերթ չէին տալիս: Բողոքը հետեւյալում էր` իբր հեռուստատեսությունում օրավճարով փոխտնօրեն աշխատելով` վարձատրություն չի ստացել: Օրավճարով փոխտնօրե՞ն` պատմության մեջ սա երեւի եզակի դեպք է: Անլուրջ եւ անհեթեթ այս բողոքի վերաբերյալ ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հ. Մանուկյանը Կոտայքի տարածքային կենտրոնի կողմից տարվող վարույթը կարճեց` այն համարելով անհիմն եւ անթույլատրելի: Ստուգումները շարունակեցին հարկային աշխատողները եւ կասեցրին` էստաֆետը հանձնելով Ոստիկանությանը: Վերջինս գործին լուրջ բնույթ տվեց: Սկզբում Ոստիկանության քննիչ մայոր Ա. Կարապետյանը ստուգումներով պարզել էր, որ այս գործի մեջ ավելի շուտ զրպարտանքներ են, քան իրական փաստեր, այնուհետեւ քննիչին փոխեցին եւ տեղնուտեղը սկսեցին ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետի վերեւում հիշատակված որոշման բողոքարկման գործընթացն առաջ տանել: Փաստորեն, ոստիկանությունը, ինչպես հավաստում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» իրավաբան Օլգա Սաֆարյանը, գերազանցելով իր լիազորությունները, անցկացնում է գործառույթ, որով խախտում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը: Իրական հանցագործներին թողած` Ոստիկանությունը սկսել է հեռուստաընկերության դեմ հարկային եւ աշխատանքային տեսչության գործառույթներ իրականացնել: Բանը հասել է այնտեղ, որ պահանջ է դրվել բացել հեռուստատեսության տարիների արխիվները, որտեղից իբր կբացահայտվեր, թե նախկինում ինչ գովազդներ են եղել, որոնք չեն մուտքագրվել (թեեւ օրենքով հեռուստատեսությունը պարտավոր է պահպանել ընդամենը մեկ ամսվա նյութերը): Աշխատողներին արդեն երեք-չորս անգամ Ոստիկանություն են կանչել առանց ծանուցագրի: Հոգեբանական ճնշումների, շանտաժի, տնօրինությանը վարկաբեկելու մեթոդները մի կողմ թողնենք, դրանք, ըստ երեւույթին` մայոր Վ.Սողոմոնյանի աշխատաոճին հատուկ նորմեր են, եւ ահա վեց ժամ, մինչ գիշերվա ժամը 11-ը, չորրրորդ անգամ քննության ենթարկվելուց հետո, նոր ընդունված լրագրողի նյարդերը տեղի տվեցին, ու հաջորդ օրն արցունքն աչքերին նա դիմեց տնօրենին` իրեն աշխատանքից ազատելու խնդրանքով: Իսկ մարզերում ճրագով պիտի ման գալ` հեռուստալրագրող գտնելու համար: Հիմա առանց ծանուցագրի Ոստիկանություն են կանչում նոր աշխատանքի ընդունվող երկրորդ լրագրողին: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ աշխատանքները կազմալուծելու եւ հին հաշիվներ մաքրելու գործընթաց է ընթանում: ՀՀ նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, կարծում ենք, պետք է առաջ տանի Ոստիկանության ավգյան ախոռները մաքրելու սրբազան գործը նաեւ մարզային կառույցներում, որտեղ կամայականությունն ու ապօրինությունը երբեմն սահմաններ չեն ճանաչում: Կրկին անդրադառնանք հրազդանյան մեր ինքնակոչին: Այն, որ նա կինոարտադրությամբ է զբաղվել եւ «աշխարհահռչակ ռեժիսոր ու պրոդյուսեր» է, ավելի շատ կոմիկական, քան էպիկական ժանրի պատմություն է: Պրոֆեսիոնալ ռեժիսոր եւ դերասան հռչակված այս անձնավորությանը հավանաբար թվում է, որ տեսասկավառակների վաճառքի իր կետում կինոֆիլմերի տեսագրումը կինոարտադրություն է, դրանց վաճառքը` պրոդյուսերություն: Արցախի պատերազմին մասնակցելու վերաբերյալ նրա պնդումների մասին սկզբում մտածում էինք` մեր աչքի առջեւ թրեւ եկող այս տղան, կարող է, իսկապես մեզանից թաքուն գնացել, Ղարաբաղի կռիվներին մասնակցել է: Փորձեցինք Հրազդանի զինկոմ, գնդապետ Ս. Գրիգորյանից ստանալ այդ հարցի պատասխանը: Նա մեր հարցմանը ներկայացրեց պաշտոնական պատասխան` «Գագիկ Շիրինի Աթասյանը ՀՀ ԶՈՒ ծառայել է 1995թ. հոկտեմբերի 23-ից մինչեւ 1997թ. նոյեբերի 25-ը: Արցախի ազատագրման համար կռվողների ցուցակում նրա անունը բացակայում էմ»: Ապա զինվորականին հատուկ կտրուկ ավելացրեց. «Մարդ, որը պատերազմի մասնակցի կեղծ տեղեկություններ է տարածում, քրեական հանցագործ է, պատերազմի ժամանակ այդպիսի պադոնոկներին գնդակահարում էին, նրանք պղծում են մեր զոհերի թափած արյունն ու հիշատակը»: Արցախյան պատերազմին մասնակցած հրամատարի ինքնասիրությունն ու պատիվը վիրավորված էր: Մեզ հասած ստույգ տեղեկություններով պարզեցինք նաեւ, որ այս անձը բանակում եղել է մոտ երեք տարի, նրա մեկ տարին ծառայություն չի համարվել, քանի որ զինվորական պարտադիր երկու տարվա ծառայությունից խուսափել է: Մի ուշագրավ դիտարկում եւս. քյավառցի «աստղաֆիզիկոսին» նմանվելով` հրազդանցի «աշխարհահռչակ» ռեժիսորը նույնպես ռուսական համացանցում իր մայրենի լեզուն համարում է ռուսերենը, թեեւ այդ լեզվին գրեթե չի տիրապետում, իսկ հայերենը` օտար լեզու, որին իբր տիրապետում է 100 տոկոսով: Իրականում այս անձն ընդամենը Հրազդանի պրոֆտեխուսումնարանի կրթություն ունի: Պիտի ընդունենք նաեւ, որ այս «հերոսին» թեեւ մենք` լրագրողներս ենք ստեղծել, բայց նա, ինչպես Նար-Դոսն էր գրում «Սպանված աղավնին» վիպակում իր կերտած հերոսի մասին` «Ինձ այլեւս չի ենթարկվում, ցինիկի պես անպատկառ է, լրբի պես համարձակ»:
Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հրազդան» հեռուստաընկերության տնօրեն
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամ
Հ.Գ. Այնուհանդերձ, մենք հեռու ենք այն մտքից, որ այս անձը միայնակ եւ մեկուսի գործող սովորական շանտաժիստ է, որ կարողացավ մոլորեցնել լրագրողական աշխարհի բազմաշերտ եւ բազմափորձ ներկայացուցիչներին: Անկեղծ ասած, լուրջ խորհրդածությունների տեղիք է տալիս ՀՀ նախագահի «դաբրոյին» արժանանալու նրա հրապարակած տեղեկությունների հաստատման կամ հերքման բացակայությունը: Ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած սրա հետեւում, ի՞նչ նպատակներ են հետապնդում առհասարակ եւ մասնավորապես` հեռուստաընկերության նկատմամբ նախընտրական այս օրերին, հարցեր են, որ պիտի բացահայտվեն: Որպեսզի ապահովագրված լինենք նաեւ նոր ինքնակոչերի ծնունդով եւ հայտնությամբ, հարկ է, որ այդ հարցում իրենց խոսքն ասեն իրավապահ մարմինները, հատկապես այն պատճառով, որ այստեղ շահարկվում է ազատամարտիկների եւ երկրի նախագահի անունն ու հեղինակությունը: Էլ չենք խոսում ՀՀ մշակույթի նախարարի մասին. երեւի նա, ինչպես ասում են` դեռ կարող է իր յուղով տապակվել: Եվս մի հարց կարելի է ուղղել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից աջակցություն ստացող «Տարվա քաղաքացի» շնորհող ՇՊԱԿ կազմակերպությանը` մի՞թե Հայաստանին 2011թ. համար այսպիսի ՏԱՐՎԱ ՔԱՂԱՔԱՑԻ էր հարկավոր: