Ռուսական անշարժ գույքի արքաները-2012

31/01/2012

«Forbes» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները» ամենամյա վարկանշային աղյուսակը, որի ներքո ներկայացվում են Ռուսաստանի առեւտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերի առաջատար 30 գործարարները եւ նրանց գործունեության մասին որոշ մանրամասներ: Առաջին եւ երկրորդ տեղերում գտնվող ընկերություններն էլ պատկանում են ադրբեջանական ծագումով գործարարների: Նախորդ տարվա առաջատար` «Կռոկուս» ընկերության սեփականատեր Արաս Աղալարովն իր տեղը զիջել է իր հայրենակիցներ Զարախ Իլիեւին եւ Գոդ Նիսանովին` «Կիեւսկայա պլոսչադ» ընկերության սեփականատերերին: « Կիեւսկայա պլոսչադ»-ի եկամուտը 2011-ին կազմել է 780 մլն դոլար, իսկ նրանց « Կռոկուս»-ինը` 700 մլն դոլար: Տարիներ շարունակ աղյուսակի առաջին հորիզոնականներում տեղ զբաղեցնող «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը այս տարի պահպանել է նախորդ տարվա դիրքը` զբաղեցնելով երրորդ հորիզոնականը: 2011-ին Ս.Կարապետյանի ընկերության եկամուտն անշարժ գույքի վարձակալությունից (վարձակալության տրվող անշարժ գույքը) կազմել է 565 մլն դոլար: Անդրադառնալով Ս. Կարապետյանի գործունեությանը, պարբերականը հիշեցնում է, որ հայ գործարարն իր բիզնեսը սկսել է Հայաստանում, բայց շատ արագ տեղափոխվել է Կալուգա, որտեղ զբաղվել է տեքստիլ արդյունաբերությամբ եւ մեծածախ առեւտրով: Այժմ Ս. Կարապետյանի ընկերությունն, առեւտրային տարածքների վարձակալությունից բացի, զբաղվում է նաեւ էներգետիկայով, մեծածախ առեւտրով, հանրային սննդի սպասարկմամբ եւ տասնյակ այլ ուղղություններով: Կարապետյանի ընկերությունների համախառն հասույթը 2011-ին կազմել է 2.8 մլրդ դոլար: 2011-ին նրա ընկերությունների խումբը ձեռք է բերել բնակելի եւ առեւտրային անշարժ գույքի 7 օբյեկտներ, որոնց ընդհանուր ներդրումային արժեքը գերազանցել է 1 մլրդ դոլարը: Ըստ «Forbes»-ի վերլուծաբանների` 2011թ. այս ոլորտում իրականացված ռուսաստանցիների ներդրումները կազմում են 7 մլրդ դոլար, որից 1.8 միլիարդը բաժին է ընկնում առաջատար հնգյակին: Չնայած ներդրումների ակտիվացմանը` 2011թ. վերջին 7 տարիների ընթացքում ամենապասիվն է եղել շահագործման հանձնված տարածքների ծավալով` ընդամենը 1.5 մլն քմ: «Forbes»-ի վերլուծաբանների հետազոտություններով` սա պայմանավորված է նախ ճգնաժամով, որի արդյունքում շինարարությունը սառեցվել է, նախընտրական անորոշություններով, ինչպես նաեւ Մոսկվայի քաղաքապետ Սոբյանինի որոշմամբ, ըստ որի` պետք է դադարեցնել քաղաքի կենտրոնում առեւտրային տարածքների կառուցումը: