Շվեյցարական «Focal» աուդիովիզուալ արվեստի զարգացման հիմնադրամը 2004թ. սկզբին անդրկովկասյան երկրներում իրականացրել է կինոյի զարգացման «Ավանտի» ծրագիրը, որի նպատակը կինոշուկայի հիմքերին ծանոթացնելը եւ գեղարվեստական ու վավերագրական կինոյի արտադրությունը խրախուսելն էր:
Ռեժիսորները, պրոդյուսերները եւ իրավաբանները տարին մի քանի անգամ հավաքվում էին Թբիլիսիում, սեմինարների մասնակցում, կինովարպետների դասեր լսում եւ սեփական նախագծերը քննարկում: Անկախ ժյուրին պատրաստ էր ֆինանսավորել հաղթանակած սցենարների հիման վրա ֆիլմերի նկարահանումները: Դավիթ Մաթեւոսյանը՝ դառնալով այդ սեմինարների մասնակիցը եւ որոշելով կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանել, նկարահանման գրանտ ստացավ: Նա կանգ առավ ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի «Թշնամիները» պատմվածքի վրա: «Թշնամիները» նոթագրության պես մեկ ու կես էջանոց պատմվածք է: Դավիթի ընտրությունը եղել է հայրիկի՝ Հրանտ Մաթեւոսյանի խորհրդով: «Հայրս ասաց, որ այդ պատմվածքի հիման վրա կարելի է նույնիսկ սուղ միջոցներով դիպուկ ու սուր ֆիլմ նկարահանել»,- պատմում է նա: Գարշինը շատ նուրբ եւ զգացմունքային գրող է, ում ողբերգական կյանքում եւ՛ ոգու տվայտանքներ, եւ՛ ինքնասպանության փորձեր են եղել: Լինելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ականատեսը, նա բազում էջեր է նվիրել պատերազմի, չարիքի, թշնամության մասին դիտարկումներին: «Թշնամիները» կարճ պատմվածքի հերոսները երկուսն են, որոնք, հայտնվելով մահվան իրողության առջեւ, հասկանում են, որ աշխարհում ոչ մեկին պետք չեն: «Երեւի, բացի իրարից»,- ավելացնում է Դավիթը: Նրա ֆիլմում միջավայրը պայմանական կլինի, սակայն ոչ՝ վերացական: «Կինոն կոնկրետիկա է սիրում: Մենք իրավիճակը մեզ համար ծանոթ ենք դարձրել: Մեր հերոսները հայն ու ադրբեջանցին են, բայց նույն հաջողությամբ կարող են, օրինակ, վրացի ու աբխազ լինել»,- ասում է Դավիթը: Կողք կողքի հայտնված թշնամիները ստիպված են միասին փնտրել ելքը: Էականն ազգությունը չէ, այլ՝ հոգեվիճակը: Ֆիլմում ադրբեջանցու դերակատարն Աշոտ Ադամյանն է, իսկ հայի դերում՝ Էդգար Մինասյանը: Ընդ որում, Դավիթ Մաթեւոսյանը փորձել էր իր նախագծում ընդգրկել ադրբեջանցի դերասանին: Թեեւ նա խոստացել է ապահովել հյուր-դերասանի անվտանգությունը, ադրբեջանցիները չեն համարձակվել մասնակցել ֆիլմում: «Ինձ ասացին, որ դերասանն Ադրբեջանում կարող է պրոբլեմներ ունենալ: Ետպատերազմյան հոգեբանական ճեղքվածքը մեծ է»,- ասում է Դավիթը: Այնպես որ, ադրբեջանցու դերը կատարել է հայը: Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտված են, դրանք տեղի են ունեցել Եղեգնաձորում: Ֆիլմում մեծ տեղ է հատկացված պատերազմական ֆոնին: Նկարահանման հրապարակում պիրոտեխնիկ է աշխատել: «Մեր նպատակը հոլիվուդյան պայթյուններ ստանալը չէր,- ասում է ռեժիսորը,- այլ` իրական պայմաններին մոտ միջավայր ստեղծելը»: Ըստ ֆիլմի ռեժիսորի՝ ֆինալը շատ մարդկային, այսինքն՝ հակապատերազմական կլինի: «Պատերազմներում հաղթող եւ պարտվող չկա, իրականում բոլորն էլ պարտվում են: Եթե, իհարկե, դիտենք անհատի տեսանկյունից: Անհատի դրաման նրանում է, որ նա միշտ պարտվում է»: «Թշնամիներ» ֆիլմն այժմ մոնտաժի փուլում է, հետո այն պետք է փառատոնների մասնակցի, քանի որ շվեյցարացիները փառատոնային քաղաքականություն են վարում: «Հետո էլ կարճամետրաժ ֆիլմերը երբեք վարկանիշային չեն լինում»,- ասում է ռեժիսորը: «Ավանտի» ծրագրի արդյունքում 27 ֆիլմ է ֆինանսավորվելու: Դավիթ Մաթեւոսյանի ֆիլմի պատրաստման համար շվեյցարացիները 10.000 դոլար են տրամադրել` հնարավորություն տալով հեղինակին նկարահանման համար անհրաժեշտ գումարի մյուս մասն ինքնուրույն հայթայթել: Բարձր տեխնիկական որակ ստանալու համար պետք էր թվային տեխնիկա օգտագործել: «Մենք դիմեցինք Մշակույթի նախարարություն, այնտեղից մեզ եւս 10.000 դոլար խոստացան»,- ասում է Դավիթը: Այդ գումարը դեռ անցյալ տարի պետք է «Հայֆիլմ» փոխանցվեր, սակայն պայմանավորվածությունը եղել է «Հայֆիլմի» սեփականաշնորհումից առաջ: Հիմա իրավիճակը մի քիչ խճճված է: Սակայն «Թշնամիների» ռեժիսորն այդ գումարը ստանալու հույսը չի կորցրել: Բայցեւ նկարահանումը ձգձգել չի կարողացել: Ֆիլմին աշնանային գույներ էին հարկավոր: