Վկան փոխում է ցուցմունքը

28/01/2012

ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով վկա, ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանը փոխել է իր ցուցմունքը: Դատական երեկվա հերթական նիստում` դատավորի հարցին, թե` ինչո՞ւ եք ցուցմունքում այլ բան գրել, իսկ դատարանում` այլ բան ասում, Ե. Ենգիբարյանը պատասխանել է, թե քննիչն ասել է` գրի, ինքն էլ գրել է. «Քննիչին ասել եմ` լսել եմ, ասել ա` դե գրի, որ եղել ա, տենց էլ գրել եմ, բայց իմ վաշտի հետ կապված բենզինի դեպք չի եղել»: Մ. Օհանյանի հարցին, թե` ո՞ր ցուցմունքն է ճիշտ, դատարանում արված հայտարարությո՞ւնը, թե՞ այն, ինչ գրվել է նախաքննության ժամանակ` տրված գրավոր ցուցմունքը, վկա Ենգիբարյանը պատասխանել է. «Այսօրվա ասածս, պարոն Օհանյան»: Ի դեպ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, երեկ դատարանի դահլիճում է եղել նաեւ ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանը` նույն «Լավանդայի Արայիկը», եւ, երբ ինքը փորձել է լուսանկարել նրան, Հայրապետյանն անմիջապես լքել է դահլիճը` բողոքելով. «Այ մարդ, չենք կարում մի տեղ հանգիստ նստենք. էս լրագրողները թռնում են դեմքներիս»: