«ՀՀԿ-ն որեւէ մեկից չի վախենում, որ որեւէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետեւ ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ ու միամիտ բան կլինի նրա հետ` բազմաթիվ քաղաքական անհաջողություններ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար: Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առկա լարվածությունը, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Հակամարտող կուսակցությունները նախընտրական շրջանում հակասություններ կամ հակամարտություններ ունենում են: Բնական է, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն փորձում է ավելի շատ ձայներ հավաքել»: Ռ.Հայրապետյանը նաեւ չի բացառել, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հետ կապված` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ լարվածություն լինի: Իսկ ինքը` Ռ.Հայրապետյանը, դեռ հստակ չի որոշել` առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: «Ես իմ կարծիքն ասել եմ: Բայց ես նաեւ ասել եմ, որ անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, եւ իմ կուսակցական ղեկավարները պիտի որոշեն: Ես կարծում եմ, որ չեմ ուզում: Ես այդպես եմ ուզում: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Կուսակցությունն ինչ որոշի, այդպես էլ կանեմ»,- ավելացրել է նա: Ի դեպ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար Ռ.Հայրապետյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ հինգ այլ պատգամավորների հետ միասին, երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգեւատրվեց «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: