ԲՀԿ-ի խոսքը գործ չէ՞

28/01/2012

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ մեր թղթակցի հետ զրույցում լուրջ կասկածի է ենթարկել ԲՀԿ-ի «Մեր խոսքը գործ է» կարգախոսը: Անդրադառնալով «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին, որին միացել է նաեւ ԲՀԿ-ն, Էդ. Շարմազանովն ասել է, թե ԲՀԿ-ն ազնիվ ու անկեղծ չէ իր գործողություններում: «Պետք է ընդամենն ասեմ, որ ազնիվ չեն, անկեղծ չեն: Նրանց փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն: Կարծում եմ, որ քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն այո է, ոչ-ը` ոչ: … Սա քաղաքական հնարք է, ազնիվ չէ, ու մենք այստեղ տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել»: Նա նաեւ հիշեցրել է, որ կոալիցիոն հուշագրով իրենց` կոալիցիոն բոլոր ուժերի վրա պարտավորություն է դրված իրականացնելու ՀՀ նախագահի ծրագրերը` ասելով. «Ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ կոալիցիոն մյուս երկու ուժերի համար էլ պետք է հասկանալի լինի, որ պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է»: Ապա` անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերություններին, նա հայտարարել է, թե որքան մոտենում են ընտրությունները, այնքան տարաբնույթ մեկնաբանությունների կամ ամբիցիաների դրսեւորումների ականատես կարող ենք լինել: «Միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն այս քաղաքական մարաթոնի հիմնական ֆավորիտն է: Քաղաքական պայքարում ոչ թե սպրինտն է (սպրինտը 100 մ վազքն է), այլ մարաթոնն է, որը 42 կմ 195 մ է գնում: Սպրինտում կարող է շունչդ հերիքի մինչեւ 100 մետրի, դրանից հետո արդեն դժվարանաս վազել»,- ասել է Շարմազանովը: Հարցին, թե` «սպրինտ ասելով` ԲՀԿ-ի՞ն նկատի ունեք», ԱԺ փոխխոսնակը պատասխանել է. «ՀՀԿ-ն քաղաքականության մեջ մարաթոնյան վազքի կողմնակիցն է, եւ կարեւորը արագ ստարտը չէ, կարեւորը ճիշտ ֆինիշին հասնելն է: Եվ ես համոզված եմ, որ ինչպես նախկինում, այս խորհրդարանական ընտրություններին էլ ճիշտ ֆինիշին կհասնի ՀՀԿ-ն»: