ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով այս օրերին գտնվում է Վիլնյուսում` լիտվացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքների մասին հարցին` ասել է. «Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որեւիցե քննադատության: Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ մեկն այսօր խանգարում է կարգավորմանը, ապա դա հենց Թուրքիան է: Թուրքիայից հնչում է, թե այդ օրենքը խմբագրում է պատմությունը: Ցավոք սրտի, մի ողջ ժողովրդի համար ողբերգություն դարձած պատմության սեւ էջերն արդեն գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես հնարավոր լինի դա անել, ապա ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխարգելման միջոցով, որպեսզի թույլ չտրվի, որ աշխարհը ականատես լինի նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների»: Նրա խոսքով` Սենատի կողմից հաստատված օրինագիծը չի վերաբերում ինչ-որ կոնկրետ երկրի: «Այստեղ տեղին է հայտնի ասացվածքը, թե ում գլխին է գլխարկը վառվում: Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներով լի արձագանքը, ես կասեի` չափազանցված արձագանքը, մեղադրանքներով լի արձագանքը բոլոր այն երկրների հանդեպ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրա զոհը դարձած հայ ժողովրդի, Ցեղասպանության արդյունքում ձեւավորված հայկական Սփյուռքի հանդեպ վիրավորական եւ սադրիչ հայտարարությունները, թուրքական կողմի այդ չափազանցված` ժխտողականության դրսեւորումներով լի արձագանքը վկայում է պետական մակարդակով ժխտողականության քաղաքականության մասին: Դա շատ վտանգավոր երեւույթ է: Եվ այս ամենն ապացուցում է Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը: Այդ որոշումը պետք է աջակցություն ստանա այլ երկրների կողմից, որպեսզի թույլ չտրվեն մարդկության դեմ նոր հանցագործություններ»,- հայտարարել է Էդ. Նալբանդյանը: Իսկ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսն այս առնչությամբ ասել է. «Ուշ թե շուտ` պատմությունը թակում է ներկայի դռները, եւ մենք պետք է բացենք դրանք: Մենք պետք է առճակատվենք պատմությանը, մենք պետք է գնահատենք այն, ինչ կատարվել է բաց, շիտակ եւ ազնիվ ձեւով: Առանց դրա մենք երբեք չենք ունենա խաղաղություն կայուն միջպետական հարաբերություններում»: Նաեւ հավելել է. «Հենց այդ պատճառով, ես կարծում եմ, որ ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ պետք է քննարկել պատմությունը, իսկ նրանք, ովքեր ասում են, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին` սխալ են: Փոխադարձ հարաբերություններում անհարթություններն ու անվստահությունն առկա կլինեն, մինչեւ մենք չկարգավորենք հաշիվներն անցյալի հետ»: