– Այն, ինչ տեղի է ունենում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, լարվածությո՞ւն, առճակատո՞ւմ, թե, նախընտրական սովորական մրցակցություն է:
– Դեռ նախընտրական պայքարը չի մեկնարկել, եւ կոալիցիոն ուժերը պետք է իրականացնեն կոալիցիոն հուշագրով իրենց վրա դրված պարտավորությունները: Կոալիցիան ստեղծվել է, որպեսզի իրականացնի ՀՀ նախագահի նախընտրական ու կառավարության ծրագրերը եւ կոալիցիոն հուշագրում ներառված նպատակները: Ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ կոալիցիոն մյուս երկու ուժերի համար էլ պետք է հասկանալի լինի, որ պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է: Ինչ վերաբերում է սրվել-չսրվելուն, բնական է, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան տարաբնույթ մեկնաբանությունների կամ ամբիցիաների դրսեւորումների ականատես կարող ենք լինել: Միայն կարող եմ ասել, որ ՀՀԿ-ն այս քաղաքական մարաթոնի հիմնական ֆավորիտն է: Քաղաքական պայքարում ոչ թե սպրինտն է (սպրինտը 100 մ վազքն է), այլ մարաթոնն է, որը 42 կմ 195 մ է գնում: Սպրինտում կարող է շունչդ հերիքի մինչեւ 100 մետրի, դրանից հետո արդեն դժվարանաս վազել:
– Սպրինտ ասելով` ԲՀԿ-ի՞ն նկատի ունեք:
– ՀՀԿ-ն քաղաքականության մեջ մարաթոնյան վազքի կողմնակիցն է, եւ կարեւորը արագ ստարտը չէ, կարեւորը ճիշտ ֆինիշին հասնելն է: Եվ ես համոզված եմ, որ ինչպես նախկինում, այս խորհրդարանական ընտրություններին էլ ճիշտ ֆինիշին կհասնի ՀՀԿ-ն:
– ԲՀԿ-ն միացավ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների կողմից 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին վերաբերող խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ առաջարկին: Մտահոգություն չունե՞ք, որ սա ընդդիմության եւ ԲՀԿ-ի համագործակցության սկիզբն է, որն ընտրություններին ընդառաջ կարող է դառնալ լուրջ համագործակցություն եւ վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար: Հատկապես, որ այդ գաղափարը պաշտպանում է նաեւ արտախորհրդարանական ՀԱԿ-ը:
– Ես համոզված եմ, որ համամասնական կամ մեծամասնական ընտրակարգերի հարցը Հայաստանի հասարակությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկը չէ, որ հասարակական այսպիսի մեծ հնչեղություն ստանա: Աշխարհը չունի մի այնպիսի մոդել, որ ասի, թե որ ընտրակարգն է լավը, որը` վատը: Պետք է ոչ թե ձեւի հետեւից ընկնել, այլ` բովանդակության: Եվ շատ դեպքերում չպետք է զբաղվել քաղաքական իմիտացիայով, պետք է բովանդակային պայքար մղել: Իսկ բովանդակությունն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ընտրական համակարգ է, պետք է կարողանանք մեր երկրում ապահովել նորմալ ժողովրդավարական պրոցեսների զարգացում: Ընդամենը հիշեցնեմ, որ անցած տարի մայիսին կոալիցիոն 3 ուժերն ընդունել են բարեփոխված Ընտրական օրենսգիրքը: Եվ բացառությամբ մի քանի ընդդիմադիր պարգամավորների, որեւէ մեկը, այդ թվում եւ` ԲՀԿ խմբակցության իմ հարգարժան գործընկերները, ոչ պառլամենտական բարձր ամբիոնից, ոչ էլ մամուլի ասուլիսների ժամանակ հրապարակային չեն խոսել համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Եվ այդ մարդիկ այսօր նոր հիշեցին, որ 2006թ. իրենց նախընտրական ծրագրում դա գրված է: Սովորաբար մենք լսումների կողմնակից ենք, բայց պառլամենտական պրակտիկան բոլոր երկրներում ցույց է տալիս, որ լսումներն արդյունավետ են մինչեւ օրենքի ընդունումը: Այդ ուժը եղել է, Ընտրական նոր օրենսգրքի համահեղինակը, ի՞նչ փոխվեց այս վեց ամսում: Դրա անունն ընդամենը կարող եմ դնել նախընտրական PR-ակցիային ուղղված քաղաքական հնարք: Մի քիչ էլ` անհաջող հնարք: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այս դաշտում պայքարը շատ ավելի թեժ է լինելու, որովհետեւ այսօր ընդդիմադիր էլեկտորատի ձայներին տիրանալու խնդիր ունի եւ ՀԱԿ-ը, եւ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն, ինչո՞ւ չէ, նաեւ որոշ կոալիցիոն ուժեր: Շատ լավ հասկանում ենք, որ կա մի զանգված, որն արմատական ընդդիմադիր է ու դժվար թե իշխանությանը ձայն տա: Էլ չասեմ այն գաղափարական տարբերությունները, որ ունեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»:
– Հնա՞րք, թե՞ առեւտուր, որովհետեւ նման հարցերը նախընտրական շրջանում բարձրացվում են հիմնականում իշխող քաղաքական ուժից ինչ-որ զիջումներ կորզելու համար:
– Քաղաքական հնարքի մեջ մտնում է նաեւ ամեն ինչը, դա ընդունված բան է համաշխարհային քաղաքականության մեջ: Պետք է ընդամենն ասեմ, որ ազնիվ չեն, անկեղծ չեն: Նրանց փաստարկներն այնքան էլ հիմնավոր չեն: Կարծում եմ, որ քաղաքականության մեջ հաջողում են այն ուժերը, ում այո-ն այո է, ոչ-ը` ոչ:
– Դուք կոալիցիոն պարտականությունների, անկեղծության ու ազնվության մասին խոսեցիք: Ակնարկում եք, թե ԲՀԿ-ն հավատարիմ չէ՞ կոալիցիոն հուշագրին:
– Նախ ասեմ, որ կոալիցիան միայն ՀՀԿ-ինը չէ, երեք քաղաքական ուժերն էլ ունեն հավասարազոր պատասխանատվություն: Որեւէ մեկը որեւէ մեկին զոռով կոալիցիա չի բերել: Պետության համար կարեւոր հարցերի լուծման նպատակով երեք ուժերով համախմբվել ենք նախագահի նախընտրական ծրագրի շուրջ: Եթե կարդաք կոալիցիոն հուշագրի կետերը, կարող եք վերլուծել գործընկերների գործունեությունը: Չեմ էլ կարծում, որ մեր երկրի կարեւոր հարցերից մեկը ներկոալիցիոն հնարավոր հակասությունները կամ պայքարն է: Սա քաղաքական հնարք է, ազնիվ չէ, ու մենք այստեղ տեսնում ենք խոսքի եւ գործի հստակ տարբերություն: Ավելի լավ բան կարող էին հորինել:
– Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ քաղաքական հիմնական ուժերը պայմանավորվել են մեծամասնական ընտրատարածքներում միմյանց դեմ թեկնածուներ չառաջադրել: Այս անգամ թե ՀՀԿ-ն եւ թե ԲՀԿ-ն հայտարարում են, որ թեկնածուներ կառաջադրեն մեծամասնական 41 ընտրատարածքների մեծ մասում: Այս հանգամանքն արդեն կարո՞ղ է առճակատման տանել:
– Մեր կուսակցությունը դեռ չի ավարտել քննարկումները համամասնական եւ մեծամասնական թեկնածուների հետ կապված: Եվ մեզ մոտ քննարկումները նոր են սկսվել եւ կավարտվեն համագումարից հետո, որը լինելու է մարտի կեսին: Իսկ ովքեր էլ հայտարարել են, ընդամենը մի բան կարող եմ ասել. եթե օլիմպիական սկզբունքով պետք է առաջնորդվենք, այսինքն` կարեւորը մասնակցությունն է, թող առաջադրեն: Ես կարող եմ ասել, որ մենք չպետք է գնանք ցնցումների ճանապարհով: Քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար, եւ մենք պետք է կարողանանք ապահովել նորմալ մրցակցություն: Իսկ ինչ վերաբերում է 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելուն, կա կոալիցիոն վերջին հայտարարությունը: Կարծում եմ` այնտեղ ուրիշ բան էին ասում` «ուժերի հարաբերակցություն», եւ այլն:
– Այնուամենայնիվ, կարծիք կա, թե ներկոալիցիոն այս լարվածությունն առաջացել է այն պատճառով, որ ԲՀԿ-ն պահանջում է իրեն տալ 41 մեծամասնական ընտրատարածքներից 11-12-ը: Այսինքն` ունենա 11-12 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ: Մինչդեռ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել է, որ ԲՀԿ-ն ունենա այնքան մեծամասնական ընտրատարածք, որքան ունեցել է 2007թ. ընտրությունների արդյունքում` 8 ընտրատարածք:
– Դա երկրի քաղաքացիները պետք է որոշեն, ՀՀԿ-ն առաջնորդվում է ժողովրդավարական արժեքներով: Իսկ ՀՀԿ-ն երբեք որեւէ մեկին թույլ չի տվել, որ իր հետ պահանջներով կամ ուլտիմատումներով խոսեն: Մենք ոչ միայն մեր կոալիցիոն, այլեւ ընդդիմադիր գործընկերների հետ գործում ենք զինակցի ու փոխադարձ հարգանքի դաշտում եւ նույնը կարող ենք պահանջել բոլորից: Եվ պետք չէ կենտրոնանալ ՀՀԿ-ԲՀԿ կամ ներկոալիցիոն հարաբերությունների վրա, անհաղթահարելի հակասություններ չկան: