Շնորհավորել է

28/01/2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Անկախ պետականության կորստից ի վեր հայ ժողովուրդը բազմաթիվ զինվորներ է ծնել, սակայն իր բանակն ունենալու բախտը չի ունեցել: Հայ մարտիկները, սպաներն ու գեներալներն իրենց անձնական սխրանքով ու նվիրումով փառք են բերել տարբեր երկրների, բայց մեր ժողովրդի քաջարի զավակները զրկված են եղել իրենց հայրենիքի շահերը եւ հայրենակիցների իրավունքները միասնաբար պաշտպանելու հնարավորությունից: 20 տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարեւորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր: Հայ ժողովրդի եւ մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր: Մեր դատն արդար էր, եւ մենք պատրաստ էինք դիմակայության: Գիտեինք, որ միայն մենք կարող էինք պաշտպանել ապրելու մեր իրավունքը: Սակայն մենք նաեւ քաջ գիտակցում էինք, որ հենց այդ իրավունքն ու արդարությունն էին մեզ ուժ ու կորով հաղորդում: Անհանդուրժողականության, չարության եւ կույր ատելության դեմ կռվի ելած կամավորները դարձան հայոց կանոնավոր բանակի կորիզը: Ազգային զարթոնքի պահին այդ կամավորներից շատերն իրենց կյանքը դրեցին հայրենիքի անվտանգության ու պաշտպանության զոհասեղանին: Հավե՛րժ փառք նրանց, խոնարհում ու խնկարկում նրանցից յուրաքանչյուրի պայծառ հիշատակին:

Մեր բանակի տարեդարձը ձեր մասնագիտական տոնն է: Այդ մասնագիտությունն ընտրելով` դուք պատասխանատվություն եք ստանձնել ձեր ժամանակակիցների ու ժառանգների հանդեպ: Բայց միաժամանակ դուք ընտրել եք Վարդան Մամիկոնյանի եւ Հովհաննես Բաղրամյանի ուղին, ուստի եւ ձեր արած գործը գնահատվելու է նրանց սահմանած չափանիշներով: Չեմ կասկածում, որ ՀՀ յուրաքանչյուր զինվորական, անկախ իր ծառայության վայրից եւ դիրքից, պիտի գիտակցի այդ պատմական պատասխանատվությունը: Հիշենք, որ մենք սկսել ենք զենքերը եւ նույնիսկ փամփուշտները հատ-հատ հաշվելուց, եւ այսօր ունենք սպառազինության լրջագույն մակարդակ: Մենք մետր առ մետր խրամատ ենք փորել, հարյուրավոր կիլոմետրերով ռազմական ամրություններ, զինվորականների համար հազարավոր բնակարաններ եւ Պաշտպանության նախարարությանը հարիր շենք կառուցել: Ռազմարդյունաբերական համալիր ենք ստեղծել եւ բանակի արժանի ընկալում ձեւավորել: Այս ամենը միասին ենք արել, ողջ ժողովրդով: Եվ շարունակում ենք անել աշխատանքով, բանակի նկատմամբ ունեցած հավատով եւ առանձնահատուկ ջերմությամբ: Անհնարին է երկու բառով թվարկել այն, ինչ արվել է 20 տարվա ընթացքում: Հայոց պետականության վերականգնման 20-ամյակին նվիրված զորահանդեսը եւ 1994 թվականից պահպանվող զինադադարը մեր բանակի ամենաճշգրիտ զեկույցն ու ստուգատեսն են Հայաստանի ժողովրդի եւ ողջ հայության առջեւ: ՀՀ զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի եւ` խաղաղության ու կայունության պահպանման ամենակարեւոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսեւորում է լավագույն կողմերով եւ բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը: Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկրում ու տարածաշրջանում միշտ տիրի խաղաղություն, իսկ մեր ժողովուրդը շարունակի իր ստեղծագործ աշխատանքը` հանուն Հայաստանի հզորության եւ վերելքի»: