Դոլարն իրեն վերջին շրջանում տարօրինակ է պահում։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ դոլարի փոխարժեքն ու դրա հետ կապված հանգամանքները։
Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Ընդ որում, նույն վիճակը եղել է նաեւ նախորդ օրը՝ հունվարի 26-ին։ Փաստորեն, երկու օր շարունակ դոլարի գնորդներն ու վաճառողներն ընդհանուր հայտարարի չեն եկել գնի շուրջ։ Դոլարի նկատմամբ պահանջարկը գտնվել է 386 դրամի (1 դոլարի դիմաց) սահմաններում։ Սակայն այդ գնով դոլար վաճառող չի գտնվել. առաջարկի գինը կազմել է 387.5 դրամ։ Սա նշանակում է, որ փոխարժեքի հարցում դեռեւս անորոշություն կա, եւ չնայած կայունության միտումներին՝ առեւտրային բանկերն իրենք էլ հակասական սպասումներ ունեն դոլարի գնի առումով։
Արտարժութային շուկայի խաղացողների շփոթվածությունը հասկանալի է. վերջին 1-1.5 ամսվա ընթացքում փոխարժեքը զարգացավ հակառակ կանխատեսումների եւ նախկին փորձի։ Այսպես, նախկին տարիներին ամանորյա տոների ժամանակ դոլարն էժանանում էր՝ կապված արտարժութային մեծ ներհոսքի հետ։ Բնակչության մի ստվար մասը դոլարը վեր էին ածում դրամի՝ առեւտուր անելու համար։ Բացի այդ՝ տարվա վերջին ամսին Հայաստան են վերադառնում արտագնա աշխատանքի մեկնած մեծ թվով հայաստանցիներ՝ իրենց հետ բերելով արտարժույթի զգալի ծավալ։ Արդյունքում՝ փոխարժեքն անկում էր ապրում մի քանի տոկոսով։ Կառավարության եւ ԿԲ-ի ընդդիմախոսների հիմնական թեման այդ օրերին միշտ հետեւյալն էր՝ թալանում են տրանսֆերտների հույսին մնացած անապահով խավին։ Այս անգամ, սակայն, ամեն ինչ ճիշտ հակառակ ընթացավ։ Դոլարը սկսեց թանկանալ։
Եթե դեկտեմբերի 17-ին դոլարի առքի միջին գինը տատանվում էր 380-381 դրամի սահմաններում, ապա Ամանորին ընդառաջ այն սկսեց բարձրանալ, եւ դեկտեմբերի 28-ին հասավ գրեթե 385 դրամի։ Հետո որոշ չափով իջավ, եւ ամանորյա տոների ընթացքում պահպանվում էր 383-384 դրամի սահմաններում։ Նման բան երբեք չէր եղել։ Թե` դոլար մանրող «շարքային գնորդները», թե՛ փորձագետներն ու լրագրողները զարմացած էին։ Ճիշտ է՝ որոշ փորձեր եղան բացատրություն գտնել եւ այս երեւույթին, սակայն Հայաստանում, ճշգրիտ տվյալների եւ ստվերայնության պատճառով ոչ մի հիմնավորում չի կարող բավանակաչափ արժանահավատ թվալ։ Առավել լավատեսները կարող են հայտարարել, որ իշխանություններն այս տարի բարեհաճ գտնվեցին եւ չթալանեցին դրսից ստացված փողերով գոյատեւող իրենց հայրենակիցներին։
Իսկ ետամանորյա զարգացումները, կարելի է ասել, դեռեւս անորոշ են։ Տոներից անմիջապես հետո դոլարը սկսեց թանկանալ. հունվարի 16-ին առքի գինը հասավ ռեկորդային` 388 դրամի։ Սակայն վերջին 10 օրերի ընթացքում դոլարի փոխարժեքը, որոշակի շեղումներով, սկսել է իջնել։
Իսկ ինչպե՞ս է ազդել փոխարժեքը ֆինանսական շուկայի խաղացողների եւ ազգաբնակչության վարքագծի վրա։ Այսպես, առեւտրային բանկերի տրամադրած վարկային ներդրումների ծավալը 2011թ. նոյեմբերին կազմել է 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ։ Դա 358 միլիարդ դրամով կամ 42%-ով ավելի շատ է, քան 2010թ. նոյեմբերին։ Սակայն ընդհանուր վարկերի մեջ արտարժույթով տրամադրված վարկերի ծավալն ավելի մեծ չափով է աճել՝ 50%-ով, եւ կազմել 727 միլիարդ դրամ։ Այսինքն՝ բանկերն ավելի շատ վստահել են արտարժույթին։ Ասենք, միշտ էլ այդպես է եղել, քանի որ առեւտրային բանկերը դոլարային ավանդների համար միշտ էլ 1-2 տոկոսային կետով ավելի բարձր տոկոսադրույք են առաջարկել։
Որքան էլ զարմանալի լինի, շարքային քաղաքացիներն ազգային դրամի հանդեպ ավելի մեծ վստահություն են ցուցաբերել։ Դրամային ավանդները 12 ամսվա կտրվածքով աճել են 38.3%-ով՝ 2011թ. նոյեմբերին կազմելով 272.4 միլիարդ դրամ։ Սա` այն դեպքում, երբ ավանդների ընդհանուր ծավալը աճել է 26.9%-ով։ Չնայած այս հանգամանքին, դրամային ավանդների տեսակարար կշիռը դեռեւս զգալիորեն զիջում է արտարժույթին՝ 37%-ը` 63%-ի դիմաց։
Թե ինչ փոփոխություններ կկրի փոխարժեքը տարվա ընթացքում՝ անհնար է ասել։ Մանավանդ, եթե նկատի ունենանք վերջին օրերի զարգացումները։ Սակայն մի բան ակնհայտ է. իշխանությունները թույլ չեն տա փոխարժեքի կտրուկ տատանումներ։ Ամենայն հավանականությամբ, տարվա ընթացքում դոլարը կշարունակի թանկանալ, քանի որ իշխանությունները կարծես վերջնականապես հասկացել են, որ հակառակ պրոցեսն անուղղելի վնաս է հասցնում տեղական արտադրողներին ու արտահանողներին։ Սակայն դրամի կտրուկ արժեզրկում դժվար թե լինի, քանի որ դա արդեն վտանգավոր է. հարվածում է տրանսֆերտներով գոյատեւող քաղաքացիների գրպանին։ Նրանց թիվն, ի դեպ, փոքր չէ. տարբեր գնահատականներով` ընդհանուր բնակչության 30-35%-ը։ Իսկ ընտրական տարում անտեսել այս խավին ոչ մի դեպքում չի կարելի։