Երբ ուսանողին գիրք է հարկավոր

25/11/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բացի գիտելիքներից, ինստիտուտը միշտ աչքի է ընկել յուրահատուկ մթնոլորտով, որի ստեղծման, նաեւ պահպանման համար ուսանողներն ու դասախոսները երախտապարտ պետք է լինեն ինստիտուտի գրադարանի աշխատակիցներին: Գրադարանի տնօրեն Նոնա Սարումյանը հպարտությամբ է հիշում, որ գրադարանը նույնիսկ մեկ օր շուտ է ստեղծվել, քան բուն ինստիտուտը: «Մենք մեր ինստիտուտի կադրերին անգիր գիտենք ու միշտ հպարտությամբ տեսնում ենք, որ մեր շրջանավարտները ղեկավար պաշտոններ են զբաղեցնում»,- ասում է նա: Այժմ Բրյուսովի անվան ինստիտուտում 3200-ից ավելի ուսանող է սովորում:

Ինստիտուտը մի քանի շենք է փոխել, ուսանողների ու դասախոսների սերունդներ են անցել-գնացել, սակայն գրադարանի աշխատակիցները համոզված են, որ առանց գրքի, նույնիսկ այս համակարգչային դարում, սովորելն անհնար է: «Եթե ուսանողը գիրք չի բացում, նա չի կարող սովորել»,- վստահ է Անահիտ Խաչատրյանը: Տիկին Անահիտը 43 տարի գրադարանում է աշխատում եւ առանց իր գործի կյանքը չի պատկերացնում: Գրադարանի աշխատակիցները լավ գիտեն անխափան ուսումնական պրոցեսի գաղտնիքները: Ուսանողը հաճախ լավ չի պատկերացնում, թե կոնկրետ որ գիրքն է իրեն անհրաժեշտ: Երբ գործի են անցնում գրադարանավարուհիները, ուսանողի կարդա՞լ, թե՞ չկարդալու խնդիրը միանշանակ լուծվում է կարդալու օգտին:

Գրքեր, գրքեր, գրքեր

1935 թվականի փետրվարի 4-ին ազգությամբ օսուհի Վերա Կոնստանտինովնա Պլեեւան առաջին քարը (գիրքը) դրեց գրադարանի հիմքում: Պատմում է Նոնա Սարումյանը. «Մեր գրադարանը չորս ընկերուհիներ են ստեղծել՝ Մարիա Շելկովան, Սուսաննա Շահվերդովան, Զոյա Յասինսկայան եւ Վերա Պլեեւան: Յուրաքանչյուրը տնից երկուական գիրք է բերել, եւս 20 գիրք նվիրել է Կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Եվ այսպես, 28 գրքով բացվեց մեր գրադարանը»: Այժմ գրադարանը կես միլիոն գիրք ունի, հիմնականում` դասագրքեր, հազվագյուտ՝ ռարիտետային հրատարակություններ եւ գեղարվեստական գրականություն: Հայաստանի գրեթե բոլոր դեսպանատներն ինստիտուտին նոր դասագրքեր են մատակարարում: Նաեւ տարբեր լեզուներ ուսումնասիրող ուսանողների համար առանձին կաբինետներ կան: Խորհրդային ռեժիմը պահանջում էր, որ յուրաքանչյուր ուսանողին մեկ դասագիրք հասնի: Հիմա այդպես չէ. մեկ գիրքը հասնում է երեք հոգու: Իսկ գրադարանի աշխատակիցները, զգալով, թե որ գիրքն ավելի մեծ պահանջարկ ունի, փորձում են իրենց ուժերով լրացնել այդ բացը: «Լինում է այնպես, որ ինքներս ենք գիրք գնում: Ուսանողներից շատերը պետպատվերով են սովորում, մենք էլ հասկանում ենք, որ թանկ դասագրքեր գնելն իրենց համար դժվար է»,- ասում է տիկին Անահիտը: Գրադարանում հասկանում են, որ ուսանողին առանց գիրք թողնել չի կարելի: Երբ իմանում են, որ որեւէ մեկն իր գրադարանն է վաճառում, գնում են եւ գրադարանին պիտանի գրքեր բերում: Գրադարանը միշտ բառարանների ու տեղեկագրերի կարիք ունի: Դրանք լեզուն ու դարաշրջանը հասկանալու ամենալավ միջոցն են: Եթե հանկարծ ուսանողին անհրաժեշտ գիրքը Բրյուսովի ինստիտուտի գրադարանում չի լինում, գրադարանի փորձառու աշխատակիցը գնում է Ակադեմիայի գրադարան եւ բերում այն: Ինչպես ամեն մի գրադարանում, գրքի վերադարձման ժամանակ խստորեն հսկվում է գրքի վիճակը: «Կեղտոտ, պատռված գրքեր տեսնելով` ասում ենք` բալիկ ջան, չես տեսնո՞ւմ, որ մենք մինչեւ ուշ երեկո այստեղ նստում ենք ու գիրք ենք վերանորոգում, սոսնձում, կարում»,- ասում է գրադարանի տնօրենը: Ուսանողները տեսնում եւ գնահատում են գրադարանի օգնությունը: Եվ ոչ միայն ուսանողները: Դասախոսները գիտական թեզեր կամ աշխատություններ պատրաստելու ժամանակ անպայման դիմում են բանիմաց գրադարանավարուհիներին, ովքեր երիտասարդ դասախոսների համար անփոխարինելի խորհրդատուներ կարող են լինել՝ հաճախ ավելի լավ իմանալով, թե կոնկրետ որ գրականությունից է պետք օգտվել: Տիկին Անահիտն, օրինակ, փակ աչքերով էլ կարող է ասել, թե որ գիրքը որ գրադարակում է եւ որ կուրսի որ սեմեստրում՝ ինչ գրքեր են պետք ուսանողին: Գրադարանը չորս անգամ տեղափոխվել է, եւ աշխատակիցներն ամեն ինչ արել են, որպեսզի տեղափոխման խառնաշփոթում ոչ մի գիրք չկորչի: «Եղել է, որ ուսանողները շապիկի տակ թաքցրել են գրքերը եւ ցանկացել տուն տանել: Հիմնականում գողանում էին գեղարվեստական գրքերը: Հիմա գեղարվեստական գրականությունը ոչ մեկին պետք չէ, հազվադեպ ուսանող է գալիս ու ասում՝ ինձ Պուշկին կամ Ռոմեն Ռոլան տվեք: Եթե արտասահմանյան գրականություն դասավանդող դասախոսն ինչ-որ բան է հանձնարարում կարդալ, ուսանողը կարող է գիրքը վերցնել, թերթել, որպեսզի մոտավորապես հասկանա, թե ինչի մասին է խոսքը, եւ պատասխանելու ժամանակ լրիվ ապուշի տեսքով չհայտնվի»,- ասում է Ն. Սարումյանը: Հանրային գրադարաններից շատերն ընթերցողներ չունենալու պատճառով փակվեցին, իսկ բուհական գրադարանն այժմ գեղարվեստական գրականության մեծ ցանկ ունի: Հասկանալով, որ ուսանողը Դիկենսի վեպն ամբողջովին չի կարդա, տիկին Անահիտն, օրինակ, փորձում է նրան առաջարկել վեպի ադապտացված տարբերակը, որպեսզի ուսանողը գոնե իմաստը հասկանա եւ աչք գցի գրքի ետեւում տպագրված բացատրական բառարանի մեջ: Հետաքրքիր է, որ Լեզվի իստիտուտի գրադարանի աշխատակիցներից յուրաքանչյուրը որեւէ օտար լեզվի է տիրապետում: Այդպես աշխատելն ավելի հարմար եւ ճիշտ է: Իտալերեն կամ ֆրանսերեն իմացող աշխատակիցը ծանոթ է ոչ միայն գրքի արտաքին տեսքին, այլեւ բովանդակությանը: Կոմունիստական գրականությունը գրադարանից դուրս է գրվում, սակայն տիկին Անահիտը յուրաքանչյուր գրքից երկուական օրինակ պահպանում է՝ ստեղծելով արդեն անպիտան համարվող գրքերի արխիվ: «Ո՞վ գիտի, այդ գրքերը կարող են տարիներ հետո պետք գալ»,- ասում է նա: Գրքերի մշակումն ու կոմպլեկտավորումը գրադարանի ներսի աշխատանքն է: Պարտադիր կնիքը, վերադարձի թերթիկը, ինվենտար համարն ու գրքի ինդեքսը գրքերի ապահովության եւ արագ գտնելու գրավականն են: Գրքի ինդեքսը համաշխարհային է: Գրադարանի տնօրենը համոզված է՝ եթե որեւէ սխալ լինի, անմիջապես քաոս կսկսվի: Իսկ քաոսային գրադարան չի լինում: Գրադարանի դասակարգված ու բայրացակամ աշխատանքն ապահովում է ողջ ուսումնական պրոցեսը: Արդեն 70 տարի շարունակ: Իսկ գրադարանի աշխատակիցներն, իրենց կյանքի մեծ մասը նվիրելով ինստիտուտին, բազում մարդկանց են օգնել կրթություն ստանալ եւ գիրք սիրել: