Զգոն են լինելու

28/01/2012

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ մեկնարկել է ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը, որին, ի թիվս այլ պաշտոնյաների, ներկա են Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը ներկա են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը, ինչպես նաեւ` բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ: Միջոցառման ժամանակ իր խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Բանակը ժողովրդինն է եւ ստեղծված է նրան ծառայելու համար, այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայրենիքի համար զոհվածներին եւ գերակա խնդիր ենք դարձնելու մեր համար ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության եւ անկախության պահպանումը: Ես զեկուցում եմ նախագահին եւ վստահեցնում ժողովրդին, որ ոչ մի վայրկյան բանակը չի թուլացնելու զգոնությունը եւ ժողովրդի անդորրը պահպանելու է հակառակորդի ոտնձգություններից»: