Օրեր առաջ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ձեւավորվել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության գործունեությունն ուսումնասիրող միջգերատեսչական մի հանձնաժողով, որի կազմում բացառապես ընդգրկվել են պետական գերատեսչության պաշտոնյաներ: Ընդ որում` խորհրդի կազմում ընդգրկված միակ հասարակական կազմակերպությունը «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ն է` ի դեմս դրա նախագահ Սիլվա Ադամյանի: Վերջինիս, սակայն, զարմացրել է խորհրդի կազմը, որտեղ, ըստ նրա, պետք է ընդգրկվեին նաեւ բնապահպանական մյուս կազմակերպությունները: «Ստացվում է այնպես, որ հասարակական կազմակերպությունների սեկտորից միայն իմ անունն էին գրել: Իմ բողոքը հայտնեցի` ասելով, որ դա ճիշտ չէ, քանի որ պետական հիմնարկներից ընդգրկված պաշտոնյաները չեն կարող անկողմնակալ լինել: Ներեցե՛ք, փաստորեն, ստացվում է այնպես, որ ես ուղղակի պետք է, այսպես ասած` «պեշկայի» նման նստեի այնտեղ ու հետեւեի՞ նրանց»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Ադամյանը` հավելելով, որ խորհուրդն ուղղակի խորհրդանշական բնույթ է կրում: «Ես պետական պաշտոնյա՞ եմ, որ ինձ ընդգրկել են այդ խորհրդում: Ի վերջո, էկոլոգիական հասարակական դաշինքում կա 50 կազմակերպություն: Մենք պահանջում ենք, որ առնվազն 3 մասնագետ ընդգրկվեն այդ խորհրդի կազմում»,- ասում է բնապահպանը: Ս. Ադամյանի խոսքով` ամիսներ առաջ Հայաստանի էկոլոգիական հասարակական դաշինքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին էր ներկայացրել «Գերոպրոմայնինգ գոլդի» մասին իրենց նկատառումներն ու անհանգստությունները: «Մենք նաեւ հայտարարություն արեցինք «Գեոպրոմայնինգ գոլդի» գործունեության մասին մեր մտավախությունների վերաբերյալ: Վարչապետը մեզ ասաց, որ անպայման կհանձնարարի, որ Բնապահպանության նախարարությունը զբաղվի այդ հարցով»,- նշեց Ս. Ադամյանը: «ՀՀ վարչապետին ուղղված հայտարարության մեջ նշել էինք, որ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն անօրինական գործունեությամբ է զբաղված եւ Սոդքում տեղադրել է ջարդիչ մի սարք, որն իր գործունեությամբ վնաս է պատճառում շրջակա միջավայրին, մասնավորապես` փոշին ու ապարների մեջ պարունակվող թունավոր նյութերը, «պոչվայի» եւ Սոդք գետակի միջոցով անցնում են դեպի Սեւանա լիճ: Նաեւ գրել էինք այն մասին, որ կա «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենք, եւ որ մենք բոլորս քաջ գիտակցում ենք, որ Սեւանա լճի ավազանում որեւէ հանքարդյունաբերական գործունեություն չի կարելի անել: Սա մեր մտավախությունն էր, եւ պահանջում էինք Բնապահպանության նախարարությանը փորձաքննություն անել այդ ջարդիչ սարքի հետ կապված, ինչպես նաեւ խնդրել էինք, որպեսզի վարչապետը միջամտի այդ գործընթացը կասեցնելու գործում»,- ասաց «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահը: Վերջինիս փոխանցմամբ` նշյալ հայտարարությունից հետո (որին, ի դեպ, հաջորդել էր ընդլայնված նիստը) վարչապետն ու Բնապահպանության նախարարությունը որեւէ քայլ չձեռնարկեցին: Սակայն երկրորդ նիստի ժամանակ վարչապետ Տ. Սարգսյանն արձագանքել էր` Բնապահպանության նախարարությանը հանձնարարելով գերատեսչական հանձնաժողով ձեւավորել եւ ուսումնասիրել սարքն ու ընկերության փաստաթղթային հատվածը: Եվ սա` այն դեպքում, երբ դեռեւս 2009թ. աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ էր արտահայտվել «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության արտադրությունը Սոդք տեղափոխելու նախագծին: Եվ այս մասին հրապարակավ հայտարարել էին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը եւ բնապահպանության նախարարը: «Այո, գիտեք իրենք ինչ են ասում (նկատի ունի նշյալ ընկերության պատասխանատուներին.- Մ.Մ.), ասում են, որ ջարդիչ սարքը դեռ արտադրություն չէ: Այնինչ մեր կազմակերպած մեծ բողոքի ակցիաներից հետո իրենք ասացին, թե` այո՛, դուք թույլ չէիք տալիս, որ Սոդքում արտադրություն լինի, եւ Սոդքում չկա արտադրություն»: Բնապահպանի կարծիքով` ընկերության այս տեսակետն իրականությանը չի համապատասխանում, եւ այսօր, ըստ նրա` Սոդքում կազմակերպվում է արտադրություն: «Մենք տեսել ենք, թե Սոդքում ի՞նչ վիճակ է: Գնացեք-տեսե՛ք, թե այդ ջարդիչ սարքի պատճառով ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ»,- նշեց «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահը` շեշտելով այն հանգամանքը, որ ընկերությունը պարտավոր էր հանքանյութը հանել եւ տեղափոխել Արարատի մարզ, որտեղ էլ պետք է կատարվեր մանրացումը, ինչպես կատարվում էր Խորհրդային Միության տարիներին: «Սակայն իրենց գործն ավելի հեշտացնելու, գործընթացն ավելի արագացնելու համար ջարդիչ սարք են տեղադրել, եւ հանքանյութը լա՜վ մանրացնում են` մաքուր վիճակում տեղափոխելով Արարատ: Դուք պետք է տեսնեք այդ ապարների վիճակը` իրենք հանքանյութը կորզում են, պետքական մասը վերցնում, իսկ այդ անպետք մասը կուտակվում եւ տարածվում է շրջակայքում: Այս պահին սարսափելի տեսարան է այնտեղ»,- ընդգծեց զրուցակիցս: Հարցին, թե ի՞նչ հետեւանքներ կունենա Սոդքում «Գեոպրոմայնինգ գոլդի» նման գործունեությունը, Ս. Ադամյանը պատասխանեց. «Անդառնալի հետեւանքներ կունենա «Գեոպրոմայնինգ գոլդի» գործունեությունը Սոդքում: Ապարների քանակությունն ու այն, թե ինչ տարածքներ են նրանք վերցնում, սարսափազդու տեսարան է: Վերջիվերջո, մի քանի տարվա ընթացքում դա կհասնի նաեւ Սոդք գյուղ: Այդ տարածքը դառնալու է նյութերի գերեզմանոց: Բացի դրանից, ոսկու կորզումից հետո, ինչպես գիտեք, ապարների մեջ մնում են թունավոր նյութեր, որոնք անձրեւի, քամու միջոցով մտնելու են հողի` բերքառատ հողի շերտի մեջ եւ գրունտային ջրերի միջոցով հասնելու են Սեւան: Եվ պարզ չէ, թե Սեւանա լճով դրանք ո՞ւր են գնալու»:
Իսկ «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի փոխանցմամբ` նախորդ տարի մարտ ամսին իրենք լսել էին վերոնշյալ ընկերության կողմից հանքաքարի մանրացնող, ջարդիչ սարքի գործունեության մասին: Այն ժամանակ իրենք դիմել էին ընկերության տնօրինությանը: «Ընկերության տնօրենը հաստատեց դա` նշելով, որ թույլտվություն ունեն, բայց երբ երկրորդ անգամ զանգահարեցինք` թույլտվության համարն իմանալու, ասաց, որ չունեն»,- ասաց Հ. Սանասարյանը` նշելով, որ 2011թ. մարտին ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի փորձագիտական հանձնաժողովից ստեղծված հանձնախումբն այցելել էր Սոդք: «Այդ ժամանակ երբ մենք նախագիծ պահանջեցինք, ասացին` չունենք: Մենք վերադարձանք, փաստաթուղթ կազմեցինք` նշելով, որ ընկերությունը նախագիծ չունենալով` գործունեություն է ծավալում: Երբ տեսանք, որ հարցը լուծում չի ստանում, Կանաչները գործը հանձնեցին Դատախազություն: Դատախազության տարբեր ատյաններից ստացել ենք 5-6 գրություն, եւ այդպես էլ այդ հարցը խցանվեց, լուծում չստացավ: Իսկ 2011թ. հոկտեմբերին, երբ մենք այցելեցինք Սոդք (ի դեպ, Սիլվա Ադամյանը եւս մեզ հետ էր), այդ սարքն արդեն գործում էր: Մի խոսքով` հարցը պետական լուծում չստացավ, եւ նրանք կեղծ փաստաթղթեր են ներկայացնում, թե իբր արտոնված են դա անելու` նույնիսկ 1982թ. մի փաստաթուղթ են մեջբերում, թե իրավահաջորդ են»,- ասաց «Կանաչների միության» հ/կ-ի նախագահը: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ պետք է անել, վերջինս պատասխանեց. «Օրենքով ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնահերթ պետք է արգելք դնի սարքի վրա, քանի որ դա ապօրինի գործող սարք է, եւ երկրորդ` ՀՀ նախագահը պետք է եռանդուն ջանք թափի»։ Նա հավելեց, որ մինչ օրս լուծում չստացող հարցը, հավանաբար, կապ ունի «ինչ-ինչ» մարդկանց շահերի հետ: Ինչեւէ, երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ նաեւ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից, որտեղ մեզ փոխանցեցին, թե միայն ընկերության մամլո քարտուղար Ռուզաննա Գրիգորյանն է իրավասու պատասխանել լրագրողների հարցերին: Մենք խոսեցինք նաեւ վերջինիս հետ, ով, սակայն, հեռախոսազրույցի վերջում ասաց, թե դեմ է իր պատասխանները հրապարակելուն: Լրագրողական էթիկայից ելնելով` մենք չենք հրապարակի նրա հետ մեր հեռախոսազրույցը, առանց որի էլ` պարզ է ընկերության ողջ մարտավարությունը: Որոշ հարցերի պատասխաններ մենք փորձեցինք ստանալ նաեւ ՀՀ բնապահպանության նախարարությունից: Բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը նախ ասաց, որ իրենք պատրաստվում են նախարարի` հունվարի 30-ի մամլո ասուլիսին, ապա, այնուամենայնիվ, լսելով նախարարությանն ուղղված հարցերը, համաձայնեց բանավոր պատասխանել միայն մեկ հարցի, թե ովքե՞ր են ընդգրկված օրեր առաջ «Գեոպրոմայնինգ գոլդի» գործունեության ուսումնասիրության նպատակով ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովում: Նախարարի մամլո քարտուղարը խոստացավ տեղեկանալ եւ զանգահարել մեզ: Սակայն այդպես էլ մենք նրանից պատասխան չստացանք…