Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ` երեկ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երեւանում: Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 1-ին հարկում գտնվող քրեական գործերի համար նախատեսված 1-ին դահլիճում շարունակվում էր հանրության համար մեծ հնչեղություն ստացած Միխայիլ Բաշչկովի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն 2 կամ ավելի անձանց) հատկանիշներով: Դատական նիստի ժամանակ դատարանի շենքը գտնվել է ուժեղացված հսկողության տակ: Դատական նիստի ժամանակ դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հարց է ուղղել ամբաստանյալ Բաշչկովին, թե արդյո՞ք նա պատրաստ է դատարանում ցուցմունք տալ, ամբաստանյալի բացասական պատասխանից հետո դահլիճում գտնվող սպանվածներից մեկի հայրը դահլիճից արձագանքել է. «Ինչի՞ պատրաստ չես, քո զոհի երեխուն ո՞վ ա պահելու»: Նրա այս խոսքերից հետո դահլիճում գտնվող տուժողների հարազատները հարձակվել են ամբաստանյալի վրա: Դատական կարգադրիչներն ու Ոստիկանության հատուկ ուղեկցող գնդի աշխատակիցներն անմիջապես փորձել են միջամտել եւ ամբաստանյալին հատուկ մուտքով տեղափոխել խուց: Սակայն դահլիճում ներկա տուժողների հարազատները` թվով 20-25 հոգի, հարձակվել են նաեւ ուղեկցողների եւ կարգադրիչների վրա: Ըստ Գ. Շամշյանի` երբ դատական կարգադրիչ Արմեն Օհանյանը փորձել է փակել երկաթյա ճաղավանդակի դուռը, հետեւից հարձակվել են նրա վրա, ինչի հետեւանքով վերջինս աջ դաստակի կոտրվածք է ստացել: Դատարանի բակում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ միջադեպի ժամանակ ուղեկցող գնդի ոստիկաններից մեկի ատրճանակը վայր է ընկել, բարեբախտաբար դատարանի կարգադրիչները կարողացել են կանխել այն, որ բարկացած ամբոխը չկարողանա վերցնել գետնին ընկած ատրճանակը: Իսկ դատավորը` տեսնելով, որ միջադեպը կարող է այլ զարգացումներ ստանալ, ահազանգել է Ոստիկանություն: Եվ մինչ ոստիկանների ժամանումը, ըստ Գ. Շամշյանի` «բանը բանից անցած է եղել արդեն», եւ կարգադրիչներին հաջողվել է կանխել միջադեպը: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաեւ ամբաստանյալ Բաշչկովը, իսկ դատարանի դահլիճի պատին կային «կռվի հետքերը»:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: