Արմեն Աշոտյան. «Ուզում եմ դուստր ունենալ»

28/01/2012

Ծնվել է 1975թ. հուլիսի 25-ին, Երեւանում, ամուսնացած է, ունի երկու որդի:
2002-2005թթ.` ԵՊԲՀ ռեկտորի օգնական:
2005-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
2008թ.` ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2009թ. մայիսից` ՀՀ կրթության եւ գիտության նախարար:
Ազատ ժամանակ բանաստեղծություններ է գրում:

– Թե դպրոցում, թե համալսարանում Դուք միշտ լավ եք սովորել, դա հստակ նպատա՞կ էր, թե՞ պարզապես ստացվում էր:

– Ինչքան ինձ հիշում եմ, գիտակից կյանքս նկատի ունեմ, ծնողներս ինձ հետ շատ են աշխատել: Փոքր տարիքում` 3.5-4 տարեկան էի, հայրս գրազ էր գալիս ընկերների հետ. աշխարհի քարտեզը հանում, երկրները ցույց էր տալիս, իսկ ես ասում էի մայրաքաղաքները: Իրականում հաջողություններիս համար ծնողներիս ու բարեկամներիս եմ պարտական, իրենք են փոքր տարիքից առաջացրել սերը դեպի գիրքը, գիտելիքը: Իսկ դպրոցում միշտ ցանկացել եմ չզիջել ոչ մեկին: Միշտ ձգտել եմ ստանալ ամենաբարձր գնահատականները` լինի դա դպրոցում թե բուհում: Սակայն փորձել եմ հեռու մնալ «գիտությունը կրծող» ուսանողի կերպարից: Ճիշտ հակառակը` փորձել եմ միշտ վայելել դպրոցական տարիները, ուսանողական կյանքը` մաքսիմալ ըմբոշխնելով այդ տարիքի համար առանձնահատուկ էմոցիոնալ բացահայտումները, փորձը, մարդկային շփումը, զվարճանքները: Եվ լավ եմ սովորել եւ չար եմ եղել` փախել եմ դասերից: Բայց, քանի որ լավ էի սովորում, վստահ էի, որ քննությունների ժամանակ կկարողանամ «տակից դուրս գալ»:

– Դպրոցական տարիներին ի՞նչ նախասիրություն ունեիք:

– Դրոշմանիշներ եմ հավաքել երկար տարիներ: Հիշում եմ, 1989 թվականին Պատանի ֆիլատելիստների համամիութենական հավաքին Արտեկում իմ հավաքածուն արժանացավ 3-րդ տեղին: Այն կոչվում էր «Արեւմտաեվրոպական գեղանկարչությունը 15-17-րդ դարերում»: Հրաշալի թեմա է: Պատանեկան տարիքից շատ եմ սիրել Վերածննդի արվեստը, Վերածնունդը մարդու գեղեցկությունը, արժանապատվությունը բացահայտող մի ֆենոմեն է, երբ աշխարհը շրջվեց դեպի մարդ եւ դրեց մարդուն ամեն ինչի կենտրոնում, իհարկե, չխզելով կապը Աստծո հետ: Այդ շրջանի մարդասիրությունը, հումանիզմն ինձ շատ էր հրապուրում, հատկապես գեղանկարչության ու արվեստի ոլորտում:

– Հավաքածուն պահպանվե՞լ է մինչեւ հիմա:

– Մի մասը պահպանվել է, իսկ մի մասը հերթական ցուցահանդեսից վերադառնալիս գողացան: Հավաքածուն ամբողջական չի պահպանվել, բայց սերս ամբողջական պահպանվել է Վերածննդի նկատմամբ: Վերածննդի տեսակետից ինձ միշտ գրավել է Իտալիան: Այսօր էլ ցանկացած առիթ կօգտագործեի Իտալիա գնալու համար, բայց, ի հակառակն, այս 2,5 տարիների ընթացքում առիթ չի եղել անգամ աշխատանքային այցով մեկնել այդ երկիր:

– Ինչպե՞ս են անցել ուսանողական տարիները:

– Բժշկական համալսարանում սովորելը միշտ շատ ծանր է եղել, դա վաղ 90-ականներն էին: Առաջին 3 տարին ծանր էր, որեւէ այլ բանի մասին մտածելը շռայլություն էր: Այդ տարիները հիշում եմ քաղցրությամբ, որովհետեւ բուռն տարիներ էին, չքավոր վիճակում ուսանողական կյանքի կազմակերպման ամեն մի փորձ հիշվում էր` լինի դա կուրսի «քեֆ», խմբի հավաք թե ընկերներով Երիտասարդական պալատի կանաչ սրահ գնալը, «Աղթամար» բարը, որն այն ժամանակ եզակի բարերից էր: 4-րդ կուրսում արդեն հեշտ էր: Բժշկական համալսարանում մի ասացվածք կա. «Երեք տարի դու ես աշխատում քո ստուգարքային գրքույկի համար, հետո էլ` նա քեզ համար» (ժպտում է.-Է.Ա.): Ավելի շատ ազատ ժամանակ ունեինք: Ես օտար լեզուներ եմ սիրել միշտ: 4-րդ կուրսից սկսեցի ավելի խորը ուսումնասիրել անգլերեն լեզուն, հետո` ֆրանսերեն, հետո էլ դրան գումարվեց ուսանողական հասարակական ակտիվությունը:

– Ձեր մասնագիտությունը Դո՞ւք եք ընտրել:

– Ես բժիշկ չէի ուզում դառնալ: Իմ ծնողական խորհուրդն է որոշել դա: Լավ էի սովորում, յուրաքանչյուր տեղ կարող էի ընդունվել: Եվ ահա որոշվեց, քանի որ Աշոտյանների տոհմում բժիշկ չկա, լավ կլիներ, որ որդին բժիշկ դառնա: Ես ինձ բժիշկ չեմ համարում մասնագիտությամբ, ես բժիշկ եմ աշխարհայացքով: Բժշկական կրթությունը ոչ միայն հմտություններն են, գիտելիքները, այն մտածելակերպ է ձեւավորում: Սովորեցնում է ավելի մարդասիրական, դիմացինիդ ավելի շատ օգտակար լինել:

– Ուսանողական տարիներին արդեն իսկ քաղաքական ակտիվություն էիք դրսեւորում: Որեւէ հետաքրքիր պատմություն հիշո՞ւմ եք:

– Ընկերներով տեղ էինք փնտրում մեզ համար քաղաքական դաշտում: Օրերից մի օր մեզ գտավ այսօրվա ընդդիմության առաջնորդներից մեկը, այն ժամանակ նա արդեն ընդդիմություն էր ներկայացնում: Հրավիրեց հանդիպելու: Կիրակի էր, ուժեղ անձրեւ էր գալիս, 8 հոգով սպասում էինք Պոլիտեխնիկի մոտ: Սպասեցինք 1,5 ժամ, ոչ ոք չեկավ: Մեզ անտեսեցին, մենք վիրավորվեցինք: Օրեր անց կրկին հրավիրեցին հանդիպման, մենք մերժեցինք: Այդպես մենք չդարձանք ընդդիմադիր քաղաքական ուժի երիտթեւ:

– Իսկ մասնագիտությամբ աշխատե՞լ եք:

– Կլինիկական օրդինատոր եղած ժամանակ ակտիվ դիահերձել եմ, զբաղվել եմ դատաբժշկական փորձաքննությամբ Մարսելում: Այն ժամանակ ավելի շատ դասախոս եմ ինձ պատկերացրել: Մինչեւ 2007թ. դասավանդում էի Բժշկական համալսարանում: Սակայն քաղաքական գործունեությունը լավ չէր անդրադառնում իմ գիտամանկավարժական գործունեության վրա: Հիմա իմ մասնագիտությունը քաղաքականությունն է` իր բոլոր դրսեւորումներով: Ես ինձ համարում եմ քաղաքականության մեջ մտած մարդ: Լեզուս չի «ֆռռում» ասել, որ ես ինձ համարում եմ քաղաքական գործիչ: Չգիտեմ, թե ինչու, երեւի ինքնաքննադատությունս ավելի մեծ է, քան պետք է: Կարող եմ ասել, որ ինձ շատ է դուր գալիս քաղաքականությունը, շատ եմ սիրում քաղաքական գործընթացների մեջ լինել, քաղաքական պայքարն ինձ միշտ գրավել է` որպես գաղափարների պայքար: Անգամ այստեղ` աշխատելով 3 տարի, պարբերաբար ուշք ու միտքս ակտիվ քաղաքականությունն է:

– Դա Ձեզ ավելի՞ մոտ է:

– Ես միշտ փորձել եմ պրոֆեսիոնալ մոտենալ այն պարտականություններին, որոնք դրվել են իմ առջեւ: Ես այստեղ էլ եմ հաճույքով աշխատում, որովհետեւ աշխատում եմ ինձ վրա դրված պարտականությունների շրջանակում: Չեմ սիրում պարտվել, սիրում եմ իմ կատարած աշխատանքով լինել ֆավորիտների շարքում: Այդ տեսակետից ամբիցիոզ մարդ եմ: Իմ քաղաքական ամբիցիաները, իհարկե, բավարարել եմ: Ամբիցիաները միշտ մղիչ ու շարժիչ ուժն են եղել մարդկության պատմության մեջ: Եթե ամբիցիաները դատարկ չեն, եթե մարդն ավելին է մտածում իր մասին, քան կա, դա վտանգավոր է, իսկ եթե ավելիին է ուզում հասնել, դա դրական է: «Մի մտածիր քո մասին ավելին, քան դու կաս». Նժդեհի այս խոսքերը մխրճված են իմ մեջ` որպես ինքնազսպման ամենամեծ մեխանիզմ:

– Այսինքն, Ձեզ տեսնում եք քաղաքականության մեջ:

– Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցության մեջ եւ պատրաստ եմ կիսել կուսակցության քաղաքական ճակատագիրը, ինչպես կիսել եմ վերջին 10 տարիների ընթացքում: Եթե վաղը որոշվի, որ ես ուրիշ տեղում եմ պետք, կանեմ այն, ինչ կորոշվի: Բայց նախարարը քաղաքական պաշտոն է: Երբ նշանակվեցի նախարար, դա չէր նշանակում, որ ես լավագույն մասնագետն էի այդ ոլորտում: Ես հիմա էլ ինձ չեմ համարում այս ոլորտի լավագույն մասնագետներից մեկը: Իմ պատասխանատվությունը տեսնում եմ իրավիճակը ճիշտ կառավարելու, գործընթացները ճիշտ ղեկավարելու մեջ: Երբեմն փորձել հետեւիցս տանել հասարակական կարծիքը, այլ ոչ թե ընկնել այդ կարծիքի հետեւից: Կարծում եմ, դա քաղաքական առաջնորդի հավակնորդ մարդկանց հատկանիշն է: Այս պաշտոնին ավելի հրապարակային եմ դարձել, հետեւաբար, ավելի պատասխանատու. ավելի քիչ ազատ ժամանակ, ավելի շատ շփումներ, այդ թվում` պարտադրված: Եվ արդյունքում` ավելի քիչ անձնականություն:

– Իսկ Ձեր անձնական ամբիցիանե՞րը:

– Ունենալ ավելի շատ ազատ ժամանակ ընտանիքիս, երեխաներիս հետ շփվելու, ինքնակատարելագործման, նոր հմտություններ ձեռք բերելու համար, գրքեր կարդալ, շփվել ընկերներիս հետ: Գիտեք, մի անգամ որդիս զանգեց ու ասաց. «Հայրիկ, ե՞րբ են քեզ աշխատանքից ազատելու, որ գաս հեքիաթներ կարդաս»: Ընդհանրապես, ես փորձում եմ ինձ պահել այնպես, ինչպես ես կամ: Նախարար լինելու կարգավիճակը չպետք է ավելացնի ինչ-որ մի բան, օրինակ, սնափառություն, գոռոզություն… Անիմաստ աժիոտաժ չեմ սիրում: Հիմա ավելի շատ եմ խուսափում դրանից: Շատ ավելի հեշտ է շփվել բաց միջավայրում, շարքայինի կարգավիճակով, քան ձեւ տալ, որ դու ինչ-որ մեկն ես, որը կարող է որոշումներ կայացնել ինչ-որ ոլորտում: Դրանք երկրորդական բաներ են: հցպՑՈ րցպՑ: Հիմա փորձում եմ ամեն մի պահ օգտագործել քաղաքում զբոսնելու, սրճարան գնալու, առեւտուր անելու, երեխաներիս հետ լինելու համար:

– Ինչպիսի՞ նոր հմտություններ կուզենայիք ձեռք բերել:

– Ես միշտ փորձել եմ 2-3 տարին մեկ նոր ինտելեկտուալ լիցք ստանալ` լինի դա նոր դասընթաց կամ վերապատրաստում: Այսօր ես կարիք ունեմ նորից սովորելու: Երեկոները, երբ երեխաներս արդեն քնած են, ես զբաղվում եմ ինտերնետ-սերֆինգով, տեղեկատվություն եմ որսում: Զվարճալի կայքերից համարյա չեմ օգտվում, բայց փորձում եմ ավելի ակտիվ լինել սոցիալական կայքերում:

– Ժամանակին բանաստեղծություններ էիք գրում, որոնք երգեր էին դառնում: Արդյոք շարունակո՞ւմ եք զբաղվել դրանով:

– Ոչ այն ծավալով, որով կցանկանայի: Այդ ամենը պետք է պարպվի, լիցքերը պետք է կուտակվեն, եւ այդ պահին մի բան մոգոնես: Այսօր այնքան ավտոմատացված է դարձել իմ աշխատանքը, որ դժվար է ժամանակ գտնել: Իհարկե, պարբերաբար փորձում եմ անել: Հիմա 4-5 նոր գրած երգեր ունեմ, բանաստեղծություններ: Սակայն ավելի կաշկանդված եմ այդ ամենը հրապարակային դարձնելու առումով:

– Ինչո՞ւ:

– Չգիտեմ, չգիտեմ` ինչու: Նախկինում` պատգամավորի կարգավիճակում, ավելի հեշտ էր ինձ: Հիմա վախենում եմ, մտահոգություն ունեմ, գիտեմ, որ կասեն, թե իր գործը թողած` ինչով է զբաղվում: Գրիբոյեդովն է ասել. «զլիի յազիկի ստրաշնեե պիստոլետա»: Չնայած, արդեն հասունանում է մի նոր երգ, անգամ տեսահոլովակ: Մոտակա ամիսներին դրանով կզբաղվեմ, ոչ աշխատանքային ժամերին:

– Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում, մուսա ունե՞ք:

– Կյանքը… Կինս նեղանում է` ես իրեն դեռ ոչ մի երգ չեմ նվիրել, չեմ ուզում, որ արհեստական ստացվի: Որպես կանոն, երգը, բանաստեղծությունը լավ է ստացվում, եթե տառապանքից է ծնվում, ինչ-որ խնդրից, մտորումներից:

– Ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում եւ որտե՞ղ եք անցկացնում այն:

– Կամ տանը, կամ ընկերներիս հետ: Տանը` երեխաներիս հետ, ընկերներով հավաքվում ենք, զրուցում, խմում ենք: Շատ եմ սիրում պարել, այո, շա՜տ:

– Ի՞նչ երաժշտություն եք սիրում:

– Նայած, տրամադրությունից է կախված. ամենավերջին ռաբիսից սկսած, վերջացրած ամենանորարար երաժշտությամբ: Հիմա ավելի եմ կաշկանդվում գնալ ինչ-որ ակումբ, դիսկոտեկ: Բայց երբեմն գնում եմ: Յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, որն անձեռնմխելի է:

– Լինելով ՀՀ կրթության նախարար` ուրիշ ի՞նչ կուզենայիք փոխել կրթության համակարգում:

– Ուզում եմ, որ գիտելիքը դառնա բարեկեցության բացառիկ նախապայման, գերագույն արժեք: Գիտելիքը բարեկեցության բանալի է եւ երաշխիք լավ ապագայի: Եթե այդպես լինի, ապա երեխաներին սովորել զոռով ստիպելու կարիք չի լինի, ուսուցիչներին ու դասախոսներին լավ աշխատել ստիպելու կարիք չի լինի:

– Ունե՞ք չիրականացած երազանք:

– Այո, ես ունեմ երկու հրաշք որդի, Գեւորգը 3 տարեկան կդառնա, Գոռը` 5,5 տարեկան է: Անպայման դուստր եմ ուզում: Աստծուց առաջ չընկնեմ, բայց 4 երեխա եմ ուզում ունենալ:

Էլեոնորա ԱՐԱՐԱՏՅԱՆ
mediamax.am