Հայաստան-Բելառուս` օգոստոսի 15-ին

28/01/2012

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ազգային հավաքականի հերթական ընկերական հանդիպման պայմանավորվածությունն է ձեռք բերել: ՀՖՖ-ի եւ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ ստորագրվել է պայմանագիր` ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը` օգոստոսի 15-ին, Երեւանում Հայաստան-Բելառուս հանդիպման անցկացման մասին: Հայաստանի ու Բելառուսի հավաքականները 2010թ. փետրվարին ընկերական հանդիպում էին անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ ժամանակ բելառուսները հաղթել էին 3:1 հաշվով, իսկ 2008թ. փետրվարին էլ Հայաստանը Կիպրոսում Բելառուսին հաղթել էր 2:1 հաշվով: Կողմերը ժամանակին մրցակիցներ են եղել նաեւ աշխարհի առաջնության ընտրական փուլում, որի շրջանակներում կայացած 2 հանդիպումներից մեկում Բելառուսը սեփական հարկի տակ հաղթել է 2:1 հաշվով, իսկ Երեւանում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Հայաստանը Լիմասոլում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի հետ, իսկ մեկ օր անց Լարնակայում կհանդիպի Կանադային: Սպասվում է, որ Հայաստանը եւս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի մայիսին` հյուրընկալվելով Ֆրանսիայի հավաքականին:

Իսկ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը ապրիլի 27-ից մայիսի 3-ը Ալմաթիում կմասնակցի «Ղազախստանի նախագահի գավաթի» մրցաշարին: Անցյալ տարի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականը մասնակցել էր այս մրցաշարին եւ գրավել 7-րդ տեղը: