Բուժիչ նամակներ

28/01/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Քաղցր բուժիչ նարինջը

Նարնջենին սատապազգիների ընտանիքին պատկանող բույս է։ Պարունակում է ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, պեկտին, շաքարներ, օրգանական թթուներ, պղինձ, երկաթ, ցինկ, մարգանեց, ֆոսֆոր, մագնիում, զգալի քանակությամբ կալցիում` 45 մգ` 100 գ հումքի մեջ, կալիում 197 մգ, պանտոտենաթթու 0,25 մգ, բիոտին 1 միկրոգրամ, ֆոլիաթթու 5 մկգ, տոկոֆերոլ 0,22 մգ, ասկորբինաթթու 60 մգ, նաեւ բետա կարոտին, նիկոտինաթթու 0,2 մգ, վիտամիններ B1 (0,04 մգ) եւ B2 (0,03 մգ)։ Նարինջը, պտղահյութը եւ եթերային յուղերը բարձրացնում են դիմադրողականությունը, նպաստում տեսողության եւ հիշողության բարելավմանը։ Նարնջի մեջ պարունակվող պեկտինը կարգավորում է աղիների թթվային հավասարակշռությունը, ունի հակամանրէ հատկություն, խթանում է կերակրափողի եւ աղիների աշխատանքը, նպաստում արյան մեջ շաքարի պարունակության կայունությանը։ Պեկտինը պարունակվում է նաեւ պտղամսին կից սպիտակ շերտի մեջ։ Ինոզինը շատ է նարնջի հյութի մեջ։ Այդ նյութը կարգավորում է խոլեստերինի պարունակությունը, ամրացնում նյարդային համակարգը, լավացնում է մարսողությունը, կանխարգելում լյարդի ճարպակալումը, թրոմբների գոյացումը։ Եթերային յուղը օգտակար է հորմոնալ խանգարումների եւ դաշտանադադարի ժամանակ։

Զգուշացում։ Նարինջը կարող է առաջացնել միգրենի նոպա, քրոնիկ ստամոքսաբորբի եւ խոցի սրացում, ալերգիկ ռեակցիա։

Բուժումներ նարնջի եթերային յուղով

Ստամոքսի սպազմ. արոմալամպի միջոցով շնչեք.

– 3 կաթիլ նարնջի եւ 2 կաթիլ մեխակի եթերային յուղերի խառնուրդը, կամ`
– 2 կաթիլ նարնջի եւ 3 կաթիլ նարդոսի (լավանդա),
– 2 կաթիլ նարնջի եւ 1 կաթիլ դարչինի։

Աչքերի հիվանդություն.

– Շնչեք նարնջի եթերային յուղի բուրմունքը արոմալամպի միջոցով կամ կաթեցրեք 2-3 կաթիլ թղթե անձեռոցիկի վրա։

– Եթե եթերային յուղը թույլատրված է ներքին օգտագործման համար, ապա ընդունել 1-ական կաթիլ, օրը 2 անգամ` սնվելուց հետո, 1 ճ/գ կաթի կամ որեւէ հյութի հետ։

Հաճախակի կրկնվող փորկապություն. Կատարեք մերսումներ (1ճ/գ ձիթապտղի յուղ, 3-5կաթիլ նարնջի եթերային յուղ) կամ` ընդունեք լոգանք (5-10 կաթիլ յուղը լուծեք 100 մլ կաթի մեջ) 15-30 րոպե տեւողությամբ։

Հիպերտոնիա. Նարնջի եթերային յուղը նպաստում է արյունատար անոթների լայնացմանը, հեղուկացնում արյունը, ունի հանգստացնող հատկություն։ Օգտագործեք արոմալամպի եւ լոգանքի մեջ, մերսման համար։

Մրսածություն, բարձր ջերմություն. Մանր կտրատեք կես նարինջը, ավելացրեք 50-100 մլ եռացրած-հովացրած ջուր, թրմեք 30 րոպե։ Խմեք (առանց քամելու) օը 3-4 անգամ, շարունակեք 5-7 օր։

Չոր էկզեմա. Որպես սպեղանի` նարնջի թարմ կեղեւը (ներսի կողմով) ամրացրեք ցավոտ հատվածին։

Սրտխառնոց, ծովային հիվանդություն. Դրեք լեզվի տակ նարնջի բարակ պտղամիսը, պահեք 5-7 րոպե։

Քրոնիկ փորկապություն. Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 1 կիտրոնի եւ 2 նարնջի քամած հյութեր։ Խմեք քնելուց 1-2 ժամ առաջ։

Քրոնիկ հոգնածություն. Խառնեք 100-ական մլ նարնջի եւ խնձորի հյութերը, ավելացրեք տասը ընկույզի փոշիացրած միջնապատեր եւ 1 թ/գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 2 անգամ, առավոտյան եւ երեկոյան, շարունակեք 2 շաբաթ։ Ուժեղացնում է մտավոր կարողությունը։

Հիպերտոնիա. Խառնեք 200 մլ նարնջի հյութին

1 ճ/գ մեղր։ Խմեք կեսական բաժակ, օրը 2-3 անգամ` սնվելուց 30 րոպե առաջ։

Ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Խառնեք հավասար քանակի նարնջի կեղեւի սպիտակ մասը, չորացրած-մանրացրած օշինդր դառնահամ խոտը, ջրառվույտ եռատերեւի տերեւը, խնկեղեգ ճահճայինի արմատը։ 2 ճ/գ հումքը 6-8 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ ջերմապահում։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց հետո։

Ավելորդ քաշ. Խառնեք 150-ական մլ գրեյպֆրուտի եւ նարնջի, 50 մլ կիտոնի հյութեր, 1 լ (գազը հեռացրած) հանքային ջուր։ Խմեք 100-ական մլ` 1-1,5 ժամը մեկ։ Կատարեք շաբաթը 1 անգամ, այդ օրն օգտագործեք անյուղ, ցածր կալորիականություն ունեցող սնունդ։

Երիտասարդացնող էլիքսիր. Պատրաստեք հյութ` 2 նարնջից, 3 գազարից եւ 1/4 գրեյպֆրուտից։ Ավելացրեք 1 ճ/գ սերուցք եւ 1 թ/գ շաքարավազ։ Լավացնում է ինքնազգացողությունը, վերականգնում ուժերը։

Գեղարարություն

Ծակոտկեն մաշկը մաքրող լոսյոն. Խառնեք (1։2) նարնջի հյութը ջրին։ Շփեք դեմքի մաշկը հյութով թրջված բամբակե խծուծով` առավոտյան եւ երեկոյան։

Սնուցող.

– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 100 գ թթվասեր, 1/4 ճ/գ օղի եւ 1/2 նարնջից քամած հյութ։ Մերսեք պարանոցը, այնուհետեւ քսեք յուղոտ քսուք կամ տաք բուսայուղ։ Օգտագործեք ամեն օր։ Պահեք սառնարանում։

– Խառնեք 2 ճ/գ բարձր տոկոս յուղայնությամբ կաթնաշոռը կես նարնջի հյութին եւ ավելացրեք 1 թ/գ բուսայուղ։ Լցրեք զանգվածը թանզիֆե թաշկինակին եւ ամրացրեք պարանոցին, 15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։

Ձեռքերի լոգանք. Խառնեք 1 նարնջի հյութը 100 մլ բժշկական գլիցերինի եւ 200 մլ ջրի հետ։

Արմունկները փափկացնող. Խառնեք նարնջի հյութը բուսայուղի հետ (1։1)։ Քսեք արմունկներին։

Դիմակներ

Թարմացնող (ցանկացած մաշկ). Կոպերին քսեք սնուցող քսուք։ Թրջեք նարնջի հյութի մեջ թանզիֆե թաշկինակը` դրեք դեմքին։ Պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։

Ճարպոտ, ծակոտկեն մաշկ.

– Խառնեք թարմ նարնջի հյութը մանկական ցանափոշուն (պրիսիպկա), մինչեւ ստացվի խիտ զանգված։ Պահեք դեմքին 20 րոպե, լվացեք տաք, ապա սառը ջրով։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։

– Միջին մեծության նարինջն անցկացրեք քերիչի մանր հատվածով եւ շիլայատիպ զանգվածը 1 շաբաթ թրմեք 100 մլ օղու մեջ։ Քամեք, հեղուկին ավելացրեք 1 թ/գ բժշկական գլիցերին։ Մաքրեք դեմքը օրը 1 անգամ` քնելուց առաջ։

Չոր մաշկը սնուցող. Հարեք 1 ձվի դեղնուց, ավելացրեք կես թ/գ մեղր, բուսայուղ, կես նարնջի հյութ։ Շիլայատիպ զանգվածը քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Կրկնեք շաբաթը 2 անգամ։ Շարունակեք 1 ամիս։

Սկրաբ ճարպոտ եւ նորմալ մաշկի համար. Խառնեք փոշիացրած 1 ճ/գ նարնջի կեղեւը եւ 1թ/գ նուշը, ավելացրեք եռջուր այնքան, մինչեւ ստացվի շիլայատիպ զանգված։ Մերսեք մաշկը 3 րոպե, դեմքը լվացեք տաք ջրով։

Վիտամինային. Բարակ շերտերով կտրատած նարինջը դրեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին։ պահեք 10-15 րոպե, շփեք նարնջի լոսյոնով (տես` վերեւում)։ Կրկնեք շաբաթը 1 անգամ։