1876թ. մայիսի 5-ին Հենրի Ֆորդը շոգեքարշ տեսավ: Շոգեքարշի հետ Ֆորդի հանդիպումը փոխեց աշխարհը: Շոգեքարշը հալից ընկած էր նույնիսկ այն ժամանակի չափանիշներով. նա փնչացնում էր ու ահավոր ծուխ արձակում, բայց Հենրին հիացմունքով էր նայում այդ ամենին: Կգա ժամանակը, եւ Հենրի Ֆորդը կդառնա ազգի կուռքը. նա կստեղծի դարի ավտոմեքենան, որի շնորհիվ ամերիկացիները կսիրահարվեն մեքենաներին:
Ֆորդերի ընտանիքը բավականին դժվար էր ապրում: Հենրին ուներ 6 քույր ու եղբայր: Երբ երեխաներին լարովի խաղալիք էին նվիրում, փոքրիկ Ֆորդերը միաձայն գոռում էին. «Միայն թե Հենրիին չտաք»: Նրանք լավ գիտեին, որ Հենրին խաղալիքը լրիվ կքանդի, իսկ հավաքելուց հետո մասերի կեսն ավելորդ դուրս կգա: 1879-ին, երբ լրանում է նրա 16 տարին, Հենրին, առանց որեւէ մեկին բան ասելու, հավաքում է իրերն ու մեկնում Դետրոյտ, որտեղ սենյակ է վարձում եւ իբրեւ ենթավարպետ աշխատանքի տեղավորվում մեխանիկական արհեստանոցներից մեկում: Շաբաթական ստանում էր 2 դոլար, իսկ տան վարձը 3,5 դոլար էր, եւ նա ստիպված է լինում անցնել նաեւ գիշերային աշխատանքի: Բայց 4 տարի անց այդպիսի կյանքը նրան զզվեցնում է, եւ Հենրին վերադառնում է հայրական տուն: Առաջին անգամ ճակատագիրը հայտնվել էր շոգեքարշի տեսքով, երկրորդ անգամ այն հայտնվում է կալսիչ մեքենայի տեսքով: Գոնե այդպես է ասում Հ. Ֆորդը: Տարիներ անց «Ֆորդ Մոտորի» ղեկավարը հրամայում է գտնել այդ կալսիչը. ժանգոտած ու դեն նետված մեքենան գտնում են, մաքրում, յուղում ու բերում Ֆորդի առանձնատուն: Հենրի I-ը նստում է մեքենայի ղեկին ու գնում կալսելու. այդպես է մուլտիմիլիոնատերը նշում իր 60-ամյակը: Իսկ առայժմ կալսիչը կանգնած է ամբարի մոտ, ու նրա կողքերով պտտվում է սատանայական մեքենայից մահու չափ վախեցող հարեւանը: Հենրին իր օգնությունն է առաջարկում: Մինչեւ երեկո նա արդեն 5 մատի պես գիտեր մեքենան, հաջորդ առավոտ դրանով աշխատում էր հարեւանի դաշտում, իսկ մի շաբաթ անց՝ բոլոր նրանց համար, ովքեր կարող էին 3 դոլար վճարել իրեն: Շուտով երիտասարդ Ֆորդը, գործիքները ձեռքն առած, շրջում էր ամբողջ նահանգով: Սկսում է կարգին փողեր աշխատել, եւ քանի որ երեւացող երիտասարդ էր, պարզ է դառնում, որ երկար չի մնա ամուրի:
Կլարա Ջեյն Բրաենտը սովոր էր հաճոյախոսությունների, նա գեղեցիկ աչքեր ու վարսեր ուներ: Իսկ Հենրին ողջ երեկոյի ընթացքում նրան պատմում էր իր հավաքած ժամացույցի մասին, որը ցույց է տալիս ոչ միայն տեղական ժամանակը, այլեւ ժամանակն` ըստ գոտիների (Միչիգանի համար չլսված բան): Կլարան լուրջ աղջիկ էր, նա գիտեր, որ ամուսնությունը տոն չէ, այլ փորձություն: Մարդը, որ համբերություն է ունեցել ժամացույց հավաքելու, կարող է լավ ամուսին դառնալ: Նրանք ամուսնանում են եւ բնակություն հաստատում ֆերմայում, որ նրանց էր տվել ավագ Ֆորդը: Հենրին երբեք չզղջաց, որ ամուսնացել է Կլարայի հետ: Նա հիանալի կին էր. երբ Հենրին տուն բերեց իր առաջին շարժիչը, Կլարան մի կողմ թողեց 1,5 ամսական երեխային ու գործերը եւ 80 կգ-անոց շարժիչը միացրեց խոհանոցի վարդակից (շարժիչը ջարդուփշուր արեց եւ՛ գազօջախը, եւ՛ լվացարանը): Երբ Հենրին հավաքեց իր առաջին մեքենան, եւ այն դուրս չէր գալիս դռնից, Կլարան քլունգով ջարդեց դռների շրջանակը: 1908-ին Հենրին ստեղծեց «Ֆորդ T»-ն, որն աննշան փոփոխություններով արտադրվեց մինչեւ 1928թ.: Թեթեւ, փոքրածավալ, էժան այդ մեքենայով ֆերմերները գնում էին առեւտուր անելու, մաքսանենգները վիսկի էին տեղափոխում, գանգստերները ճողոպրում էին ոստիկաններից:
50 տարեկանում Ֆորդը մուլտիմիլիոնատեր դարձավ, իսկ նրա մեքենան՝ Ամերիկայի ազգային խորհրդանիշներից մեկը: Դրանից հետո նա ընդմիշտ հրաժարվեց գյուտարարությունից. «Ֆորդ T»-ն պիտի մնար նրա գլուխգործոցը: Հենրի Ֆորդն առնում էր երկաթուղային ճանապարհներ, օդակայաններ, կազմում էր աֆորիզմների գիրք ու կռվում կաթոլիցիզմի դեմ, փորձում կանգնեցնել Առաջին աշխարհամարտը: Նա չափազանց գործունյա մարդ էր, նոր գաղափարները նրա գլխում ծնվում էին ամեն օր, ու կողքից թվում էր, թե նա մի քիչ ցնդել է: Օրինակ՝ բոլորին ապշեցրեց այն, որ միշտ խնայող Ֆորդը Մեծ դեպրեսիայի տարիներին բանվորների աշխատավարձը կրկնակի ավելացրեց, այն դեպքում, երբ մյուս օլիգարխներն այն կրճատեցին մոտ 3 անգամ: Իսկ տնեցիներն անհանգստանալու ուրիշ պատճառներ ունեին. այն, թե ինչպես է Հենրին վերաբերվում իր միակ որդուն՝ Էդսելին, ոչ մի բացատրություն չուներ:
Հենրին ու Էդսելը մի քանի օր իրար չտեսնելու դեպքում միմյանց երկար նամակներ էին գրում, երբեք չէին վիճում ու ամեն ինչում իրար հետ խորհրդակցում էին: Հենրին կասկածամտորեն էր վերաբերվում բարձրագույն կրթությանը, եւ գերազանցիկ Էդսելը դպրոցն ավարտելուց անմիջապես հետո եկավ Ֆորդի կորպորացիան, 21 տարեկանում արդեն տեղ ուներ Տնօրենների խորհրդում: Հենրին չէր դադարում որդուն գովելուց, բայց մի գեղեցիկ օր այդ ամենին վերջ դրվեց:
Հենրի I-ը չեղյալ էր հայտարարում Էդսելի հրամանները, գործից ազատում էր նրա աշխատակիցներին: Որդին տանում էր այդ ամենը լուռումունջ: Որքան ավելի շատ էր Էդսելը ենթարկվում, այնքան հայրն ավելի էր նրա վրա ճնշումներ գործադրում: 30-ականների վերջերին բժիշկներն ասացին, որ Էդսելը ստամոքսի քաղցկեղ ունի, Կրտսեր Ֆորդին վիրահատեցին եւ տնեցիներին զգուշացրին` պատրաստ լինել վատթարագույնին: Բայց Հենրին համոզված էր, որ որդին ինքը գլուխ կհանի իր խնդիրներից: Նրա քարտուղարն Էդսելին հանձնեց մի ընդարձակ նամակ, որտեղ Հենրին շարադրել էր իր պահանջները: Հայրը պահանջում էր ավելի շատ աշխատել, առաջարկում էր ընկերանալ վստահելի մարդկանց հետ, որոնց ցուցակը ներկայացրել էր նամակում: Վերջում գրված էր. «Վերականգնիր առողջությունդ՝ համագործակցելով Հենրի Ֆորդի հետ»: Այդ ֆրազից հետո Էդսելը հեկեկաց ու ազատման դիմում գրելով՝ գնաց տուն:
Հենրի I-ն այդպես էլ չհավատաց, որ որդին մահամերձ է. թաղման ժամանակ նա ոչ այնքան ընկճված տեսք ուներ, որքան շփոթահար: Շուտով արդեն խելքը կորցրած Հենրի I-ն իր նոր մենեջերի՝ Բեննետի հետ միասին ընկերությունը հասցնում է քայքայման եզրին: Վերջին տարիներին Հենրի I-ը խելքը կամաց-կամաց թռցնում էր, եւ ընտանիքում իշխանությունն անցավ կանանց՝ Կլարա Ֆորդի ու Էդսելի այրու՝ Էլեոնորայի ձեռքը:
Ծերուկ Ֆորդը գնալով ավելի տարօրինակ էր դառնում: Նա սկսում է հավաքել Տիցիանի գործերը. ինչ-որ մեկը նրան ասում է, որ նկարիչը գլուխգործոցներ է ստեղծել 99 տարեկանում, եւ Հենրին ոգեւորվում է դրանից. նա շատ էր ուզում տոնել իր 100-ամյակը: Բայց նա մահացավ 1947-ին՝ 84 տարեկանում:
«Ֆորդ Մոտորը» մինչեւ հիմա պատկանում է հիմնադիրների ժառանգներին: Բայց Ֆորդերն այլեւս չեն ղեկավարում ընկերությունը. գործերն անում են մենեջերները:
Ըստ Ինտերնետային նյութերի