ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ՀՀԿ-ն որեւէ առնչություն չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքողների հետ: «Առանց այն էլ մենք այնքան շատ կադրեր ունենք, այնքան շատ մարդիկ ունենք, գործիչներ ունենք, որ չենք կարողանում հասարակական քննարկումների դաշտում տեղավորել, ուր մնաց` ուրիշներից բան տանենք»,- հայտարարել է Սահակյանը` հավելելով, թե ԲՀԿ-ի նման զանգվածային կուսակցության դեպքում նման երեւույթը «նորմալ» է: «Անընդհատ հոսքը գնում է: Շատ բնական եմ համարում… Մեզ մոտից էլ անընդհատ գնում են, գալիս են: Սա է կուսակցության ֆիլտրման եղանակը»,- հավելել է ՀՀԿ փոխնախագահը: Հիշեցնենք, որ վերջին օրերին ԲՀԿ-ից դուրս գալու որոշում են կայացրել հարյուրավոր կուսակիցներ: Երեկ ԲՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավարը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ իրենք կուսակցությունից դուրս գալու մասին մի քանի տասնյակ դիմումներ են ստացել: