Գործարարն էլ պիտանի է… ԱԺ-ում

26/01/2012

«Բոլորովին էլ բացառված չէ, որ անձը լինի գործարար, բայց նաեւ շատ պիտանի լինի օրենսդրական աշխատանքում: Դա ավելի շատ անձերի հետ կապված խնդիր է: Հայտարարությունն այդպես միանշանակ պետք չէ ընդունել, որ եթե գործարար ես, ուրեմն չպիտի պատգամավոր լինես»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է թիվ 39 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Սամվել Սարգսյանը` անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներին չընդգրկելու հարցին: Հիշեցնենք, որ վերջինս «Արարատ Հայաթ» հյուրանոցի սեփականատերն է: Իսկ ՀՀԿ անդամներն անընդհատ հայտարարում են, թե իրենց համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու: Արդյո՞ք հակասություն չի ստեղծվում կուսակցության եւ գործարար ՀՀԿ-ականների միջեւ, հատկապես, որ նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարի հայտարարեց, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական կառավարումից: «Համաձայն եմ, որ գործարարների թիվը պետք է նվազագույնի հասցվի, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ, իրոք, մեծ մասը չի զբաղվում օրենսդրական աշխատանքով: Այն գործարարները, ովքեր ԱԺ-ում չեն աշխատում, պիտի չլինեն: Բայց կարող են լինել բացառություններ, որոնք աշխատում են»,- ավելացրել է Ս. Սարգսյանը: