ԱՊՊԱկանված ԱՃ

26/01/2012

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011 թվականի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա կտրվածքով կազմել է 5,9%։ Այլ կերպ ասած՝ տնտեսական աճի ցուցանիշը, ըստ պաշտոնական վիճակագրության, գրեթե 6% է։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, սակայն, ԱՎԾ-ի ներկայացրած թվերը համարում է պարզապես բլեֆ։ Բագրատյանի խոսքով, օրինակ, ծառայությունների ոլորտի աճ գրանցվել է այն բանի շնորհիվ, որ դրանում ներառվել է նաեւ ԱՊՊԱ-ն, մինչդեռ ԱՊՊԱ-ն իրականում դա ծախս է եւ չի կարող արտադրանք համարվել: Բացի այդ, ըստ նախկին վարչապետի, եթե հանենք նաեւ հանքարդյունաբերության ոլորտը, ապա պարզ կդառնա, որ աճը զրոյական է։ «Մյուս բլեֆը` անցած հոկտեմբերին մեզ ասացին, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 3 % է: Այսօր Վիճվարչության կայքում խմբագրված տարբերակում ունենք 4,1: Նոյեմբերը 2,4 էր, հիմա` 3,1: Ո՞րն է ճիշտը: Անցած տարի հայտարարվեց, թե ՀՆԱ-ի աճը 2,6 % է, հետո գրեցին` 2,1 %, Համաշխարհային բանկը տվեց 1 %: Հիմա սպասենք, թե այս ակտիվության 5,9 տոկոսը 3-4 ամիս հետո ՀԲ կայքում ի՞նչ կդառնա: Խոսքս ուղղում եմ ՀՀԿ-ին` բարեկամներ, ձեր տնտեսագիտական թիմը հիշեցնում է կատվի: Ինչպես գցում ես, ոտքի վրա է մնում: Զգուշացեք` կվառվեք: Վախենամ հանրապետությունն էլ ձեզ հետ վառեք: Ձեզ պետք չե՞ն ճիշտ թվերը: Խոսքս ուղղում եմ ՀՀ ղեկավարին` ո՞ւմ են պետք այս բլեֆները: Մենք ինչքա՞ն պիտի այսքան խաղանք»,- ասել է Հրանտ Բագրատյանը: