«Ընկերներ, եկեք վերջ տանք այս խաղերին»,- ՀՀԿ-ին կոչ է անում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

26/01/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պարոն Բագրատյան, մեկնաբանություններ կան, թե աշխարհին սպասվում է ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, որը կարող է ավելի ուժգին լինել: Այս առումով ի՞նչ կանխատեսումներ ունեք, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա:

– Աշխարհը մտել է երկարաժամկետ անհանգստությունների շրջան, որը կտեւի 15-20 տարի: Այնպես որ` այլեւս չկա հանդարտ աշխարհը, որի ֆոնին ալիքից խոսենք: Ընդհանուր առմամբ` 2011թ. վատ տարի չէր աշխարհի համար: Համաշխարհային տնտեսության աճը դեռ վերջնականապես չեն ամփոփել` այն 3,7-4,2% կլինի: Հայտնի է Չինաստանի թիվը` 9,2 %, Հնդկաստանինը` 7 %, Ռուսաստան` 4 %: Տարին սկզբունքորեն լավ է նաեւ Արեւմուտքի համար: ԱՄՆ-ի տնտեսության աճը շուտով կհաստատեն` 2,5 %, Գերմանիան` 3 %: Եվրոգոտում խնդիր կա: Ֆրանսիայի տնտեսության աճը 1,5 % կլինի, Իտալիայինը` 0,5 %, Հունաստանն ունեցավ 5 % անկում: Բայց մի բանն ակնհայտ է, որ արագորեն մեծանում է պարտքը: Աշխարհում ընդհանուր պարտքը տարեվերջին կազմեց 215 տրիլիոն դոլար, համաշխարհային ՀՆԱ-ն անցավ 70 տրիլիոնը, իսկ պետական պարտքն արդեն կազմում է շուրջ 50 տրիլիոն դոլար:

– Նման իրավիճակում ո՞րն է համաշխարհային տնտեսության հիմնական խնդիրը:

– Աշխարհը պետք է կարողանա լուծել պարտքի հարցը: Դժբախտաբար, Հունաստանի փորձը եւ օրերս ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդի արած հայտարարությունը ցույց են տալիս, որ պարտքի խնդրի լուծումն աշխարհում տեսնում են պետական ծախսերը կրճատելու մեջ: Սա շրջադարձային կետ է տնտեսական քաղաքականության մեջ, որովհետեւ մաքուր քեյնսականություն է, այստեղ մոնետարիստական քաղաքականության տարրերը քիչ են: Հիմնական լծակը բոլորը տեսնում են բյուջետային քաղաքականության մեջ, որ կրճատվեն ծախսերը: Ծախսերի կրճատումը նշանակում է` կարգավորել համախառն պահանջարկի կորը: Սա վկայում է, որ հիմա անում են ճիշտ հակառակը, ինչ ԱՄՀ-ն անում էր 5 տարի առաջ: Հիմա լուծման շեշտը դրվում է պետական ծախսերը կրճատելու վրա, դրամավարկային գործիքների վրա շեշտադրումը կտրուկ պակասում է:

– Արդյո՞ք պետական ծախսերն են պատճառը, որ աշխարհը ֆինանսատնտեսական դժվարություններ ունի:

– Այստեղ արդեն տնտեսագիտությունը բաժանվում է 2 մասի: ԱՄՀ տնտեսագիտական թիմից խոսեցինք: Իսկ ես գտնում եմ, որ դա լուծում չի, եւ պետական ծախսերի կրճատումը բերելու է համաշխարհային ՀՆԱ-ի աճի դանդաղեցմանը: Նման միտում արդեն կա: Անցյալ տարի աշխարհն աճել էր 5,1 %, այս տարի` մոտ 1 % պակաս: Ք.Լագարդը վերջերս 500 մլրդ դոլար լրացուցիչ փող խնդրեց: Չեմ կարծում, որ ճիշտ լուծում է:

– Դուք տնտեսագիտության մեջ հեղինակեցիք նոր տեսություն` Մեգաէկոնոմիկա: Այն ավելի արդյունավետ լուծո՞ւմ է առաջարկում:

– Աշխարհի հիմնական խնդիրը հետեւյալն է, ստեղծված են ապրանքների, ծառայությունների միասնական շուկա: Բայց տարադրամը միասնական չէ, օգտագործվում են եվրոն, դոլարը կամ զարգացած երկրների արժեթղթերը: Սրանց էմիսիան չի հսկվում աշխարհի կողմից: Այս պայմաններում, երբ առայժմ դոլարը մնում է ԱՄՆ-ի արժույթը, եվրոն` Եվրոպայի, ես չեմ կարծում, որ միանգամից ծախսեր կրճատելը կհանգեցնի ճիշտ լուծման: Կարծում եմ, որ աշխարհի համար հիմնական լուծումը կլիներ ավելի բարձր սղաճը: Վերցնենք, օրինակ, բյուջեի դեֆիցիտը: ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 8,3 % է, ՀՀ-ինը` դրանից ավելի քան 2 անգամ պակաս է: Բայց ՀՀ-ում սղաճը 4 անգամ մեծ է, քան ԱՄՆ-ում: Այսինքն` չի կարելի վերադառնալ Քեյնսի տեսությանը: Չկա անմիջական կապ սղաճի եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջեւ, սղաճի եւ բյուջեի դեֆիցիտի միջեւ: Հաճախ տեսնում ենք, որ բյուջեի դեֆիցիտը շատ ավելին է, բայց սղաճը` ցածր: Օրինակ, Հունաստանի բյուջեի դեֆիցիտը 2011-ին եղել է 9,5 % ՀՆԱ-ի նկատմամբ, սղաճը եղել է 2,5 %: Բայց այսօր հստակ կապ կա պետական արժեթղթերի տոկոսի եւ գործազրկության միջեւ: Իր հերթին` գործազրկությունը ցույց չի տալիս անմիջական կապ սղաճի հետ: Այսինքն` մենք տեսնում ենք, որ արմատապես թուլացել են քեյնսականության դիրքերը: Իմ ասածը բոլորովին նոր օրինաչափություն է: Քեյնսի տեսությունը մակրոէկոնոմիկան է: Մինչեւ Քեյնսը մակրոէկոնոմիկա չկար: 1929-31թթ. ճգնաժամից հետո հանդես եկավ Քեյնսը եւ ասաց, թե կարգավորելով առաջարկը, այսինքն` կրճատելով կամ ավելացնելով ժողովրդի ծախսերը` մենք կարող ենք այնպես անել, որ երբեք ճգնաժամ չլինի: Հիմա ակնհայտ է, որ դա ժամանակի ընթացքում սխալ դուրս եկավ: Ոչ թե Քեյնսն է սխալ, ժամանակն անցնում է, եւ նոր տեսության կարիք կա: Տնտեսագիտությունը թվաբանություն չէ: Այնտեղ 2×2=4: Տնտեսագիտության մեջ այլ կերպ է` կախված ժամանակից: Քեյնսին հաջորդեցին մոնետարիստները, որոնք անմիջական կապ էին տեսնում բյուջեի դեֆիցիտի եւ սղաճի միջեւ: Այսօր արդեն անմիջական կապ չկա: Եվ դա ունի իր բացատրությունը, որովհետեւ մոնետարիստների ժամանակ` 20 տարի առաջ, համաշխարհային տնտեսությունում միասնական ապրանքների ծառայությունների շուկա չկար: Դրա ավարտուն ձեւը Առեւտրի համաշխարհային կազմակերպության ստեղծումն էր, որն այսօր ընդգրկում է աշխարհի երկրների ՀՆԱ-ի 98,5 %-ը: Եվ հիմա նոր օրինաչափություն կա: Մենք տեսնում ենք, որ պետական արժեթղթերի տոկոսը անմիջական կապի մեջ է գործազրկության մակարդակի հետ: Գործազրկության մակարդակի վրա լուրջ ազդեցություն է թողնում այն հանգամանքը, թե հարկային համակարգը երկրում պրոգրեսիվ է, թե հարթ: Սրանք նոր տնտեսագիտական օրինաչափություններ են: Եվ ահա այդ օրինաչափությունների համախումբն էլ ես հավաքել եմ, եւ օրերս կհրատարակվի որպես գիրք` Մեգաէկոնոմիկայի տեսություն: Այսինքն` միկրոէկոնոմիկայի, մակրոէկոնոմիկայի կողքին հաստատուն ձեւով իր տեղը նվաճում է նոր գիտություն` մեգաէկոնոմիկան: Եվ այդ տեսությամբ ես բոլորին հորդորում եմ, որ չի կարելի մակրոտնտեսական քաղաքականություն տանել առանց նորը տեսնելու, հենց այնպես դնել ու կրճատել բյուջեի դեֆիցիտը: Դա միշտ չէ, որ բերում է ցածր սղաճի: Այսօր ՀՀ ԿԲ-ն հսկում է փողի բազան` փորձելով դրա միջոցով քիչ թե շատ իջեցնել ինֆլյացիան, բայց մենք տեսնում ենք, որ ոչինչ չի ստացվում: Ի վերջո, տարին փակվեց 7,7 % սղաճով, բյուջեում նախատեսված էր 4-4,5 %: Անցած տարի` 8,2 %: Թեեւ ԿԲ կայքում գրված է փոքր թիվը` 2011-ի դեկտեմբերը 2010-ի դեկտեմբերի նկատմամբ: Դա խաբկանք է: Տարվա միջին գնաճը 7,7 % է:

– Դուք աշխարհի փորձը բերեցիք, իսկ ի՞նչ վիճակ է այդ առումով Հայաստանում:

– 2011թ. ինչ արվել է, մոտ 90 տոկոսը սխալ է, էական արդյունքներ չունենք: Նախ` սկսենք բուն թվից: 2011-ի համար 5,9 % տնտեսության ակտիվության ցուցանիշ են ցույց տվել: Սրա 70 տոկոսը բլեֆ է, 20 տոկոսն էլ մակրոտնտեսության խաբկանքի արդյունք է: Ինչի՞ հաշվին է ստացվել այդ աճը: Գրված է, թե գյուղատնտեսությունն ավելացել է 14,1 %, սա սուտ է: ՀՀ-ում բնակչությունը տարբեր տվյալներով պակասել է 30-100 հազար մարդով: Այս դեպքում չէր կարող 7,7 % գնաճ լինել: Հիշո՞ւմ եք, մի երկու ամիս առաջ առաջարկեցի ստուգել խաղողի թվերը: Իշխանությունների կողմից արձագանքը 0 էր:

– 14,1 % աճել է նաեւ արդյունաբերությունը:

– Արդյունաբերության աճը գալիս է հանքարդյունաբերությունից` ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը գնացել է հանքարդյունաբերությանը: Բայց այս դեպքում տնտեսության մեջ ավելացված արժեքը չի ավելացել: Շատ երկրներ հաշվում են նաեւ ՀՆԱ-ն` առանց հանքարդյունաբերության: 6 % էլ ավելացել են ծառայությունները` դա ԱՊՊԱ-ն է: ՀՆԱ-ի մեթոդոլոգիայով ԱՊՊԱ-ն համարվել է արտադրանք, իրականում դա ծախս է: Չի կարելի այդպես թվեր կեղծել: Երբ մենք հանում ենք հանքարդյունաբերությունը, որտեղ նախնական գրանցվել է 37 % աճ, եւ ԱՊՊԱ-ն, տեսնում ենք, որ զրոյի վրա ենք: Դրա համար ՀՆԱ-ին զուգահեռ` հաշվում են նաեւ ազգային եկամուտը, որ տեսնեն` ավելացված արժեքի աճ կա՞, թե՞ ոչ: Մյուս բլեֆը` անցած հոկտեմբերին, մեզ ասացին, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ 3 % է: Այսօր Վիճվարչության կայքում խմբագրված տարբերակում ունենք 4,1: Նոյեմբերը 2,4 էր, հիմա` 3,1: Ո՞րն է ճիշտը: 20 օր առաջ հայտարարեցին, որ սղաճը 4,8 % է, ես անմիջապես արձագանքեցի` բայց չէ՞ որ միջին տարեկան սղաճը 7,7 է: Հիմա սա են թողել: Դեկտեմբերին մարսեցին 4,8 տոկոսը: Անցած տարի հայտարարվեց, թե ՀՆԱ-ի աճը 2,6 %-է, հետո գրեցին` 2,1 %, Համաշխարհային բանկը տվեց 1 %: Հիմա սպասենք, թե այս ակտիվության 5,9 տոկոսը 3,4 ամիս հետո ՀԲ կայքում ինչ կդառնա: Խոսքս ուղղում եմ ՀՀԿ-ին` բարեկամներ, ձեր տնտեսագիտական թիմը հիշեցնում է կատվի: Ինչպես գցում ես, ոտքի վրա է մնում: Զգուշացեք` կվառվեք: Վախենամ հանրապետությունն էլ ձեզ հետ վառեք: Ձեզ պետք չե՞ն ճիշտ թվերը: Խոսքս ուղղում եմ ՀՀ ղեկավարին` ո՞ւմ են պետք այս բլեֆները: Հարց եմ տալիս` անցած տարի ՀՀ ՀՆԱ-ի աճը որքա՞ն էր: Ոչ ոք չգիտի: Նախանցած տարի անկումը 14,5 % էր: Նույն կայքը բացեք` դոլարով 32 % է: Մենք ինչքա՞ն պիտի այսքան խաղանք:

– Եթե հանքարդյունաբերությունը հանենք, ի՞նչ ՀՆԱ կունենանք:

– Ընթացիկ գներով արտահանումը կազմել է 1,3 մլրդ դոլար` անցած տարվա 1 մլրդ-ի փոխարեն: Երբ 1,3 մլրդ-ից հանում ենք հանքարդյունաբերության թանկացած գինը, դոլարի արժեզրկումը, ապա մենք 1 մլրդ-ից էլ պակաս թիվ ենք ստանում: Այսինքն, արտահանման իրական աճ չկա: Եթե մեր բնակչությունը պակասել է, 14 % էլ ավելի գյուղմթերք ենք արտադրել, հո չի՞ պահեստավորվել պոմիդորը: Ուզում եք ասել, թե ապրանքային պաշարներն են ավելացել: ՀՆԱ ասելով` հասկանում ենք արտադրված եւ իրացված ապրանքները: Բնակչությունն էլ պակասել է, ինչպե՞ս եղավ գների մոտ 8 % աճ: Կամ նույն թվերով ՀՆԱ-ն եւ միջին աշխատավարձը աճել են 5,9 %, գները` 7,7 %: Նույնիսկ իրենց թվերով մարդիկ 1,8 % վատ են ապրում: Բայց ինչո՞ւ ենք մենք 2 %-ով վատ ապրում, երբ 6 % ավելի ապրանք ու ծառայություն ենք արտադրել, եւ մեր ուտող բերանն էլ 2 % պակասել է: Այս դեպքում պարզ տրամաբանությունն ուզում է ասել, որ մենք 2010-ի համեմատ 2011-ին պետք է 8 % լավ ապրեինք: Ես ուշադրություն եմ ուզում հրավիրել այս թվերի վրա: Ընկերներ, եկեք վերջ տանք այս խաղերին:

– Տնտեսական վատ պայմանների մասին խոսելիս` պատկան մարմինները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն են պատճառ բերում:

– Ճգնաժամը կապ չունի, ես իրենց թվերն եմ համեմատում, իրենց ներսի թվերն իրար չեն բռնում: Ինչ վերաբերում է ճգնաժամին, պատասխանատու ձեւով հայտարարում եմ, որ 208 պետությունների մեջ 14,5 տոկոս տնտեսական անկումով 2009-ին գրավել ենք վերջից 4-րդ տեղը: Մեզանից վատ եղել են Էստոնիան, Լատվիան եւ Ուկրաինան: Չէ՞ որ աշխարհում անկումը եղել է 1,7 տոկոս:

– Այնուամենայնիվ, 2012թ. պետական բյուջեով պահպանվեցին սոցիալական ուղղվածության ծախսերը, նույնիսկ կենսաթոշակներն ավելացրեցին 10 տոկոսով:

– Բյուջեն ընդունվել է 911 մլրդ դրամ եկամուտներով, որը 2011-ի 852 մլրդ դրամից մեծ է 6,9 տոկոսով: Սրանից 5,5 %-ը սղաճն է: Եվ եթե ոչինչ չանեինք, սղաճի հաշվին 852-ը կդառնար 898 մլրդ: Այսինքն` բյուջեն ավելացել է ընդամենը 11 մլրդ դրամ-ով, այն դեպքում, երբ գրել են 4,2 % տնտեսական աճ: Բայց եթե 4,2 տոկոս աճ է լինում, բյուջեն պետք է ավելանա ոչ թե 11 մլրդ-ով, այլ ավելի շատ: Արդյունքում բյուջեի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ կիջնի, 15 % կկազմեն հարկային եկամուտները: Ասում են, թե կենսաթոշակները 10 տոկոս ավելացնում են: Գնաճը պլանավորված է 5,5 %, ընդ որում, իրենք շատ լավ գիտեն, որ պարենի գնաճը լինելու է 12-14 %: Թոշակը ստանում է մի մարդ, ով պարեն եւ կոմունալ ծառայություն է ընդունում: Նրա գնաճի ցուցանիշն այլ բան է: Այո, բաներ կան, որ էժանանում են, օրինակ` ինտերնետը կամ նախորդ սերնդի հեռուստացույցը, բայց դա ի՞նչ կապ ունի թոշակառուի հետ: Թոշակառուն պարենից բացի այլ բան չի առնում: Քանի՞ անգամ ասենք, որ նորմալ երկրներում գնաճի առնվազն 4 ցուցանիշ է լինում: Կամ` ի՞նչ գլուխ գովելու բան է, որ թոշակները վճարվում են կամ ավելացվում 10 տոկոսով: Նայեք 2007-ի եւ 2008-ի ձեր ծրագիրը, որտեղ դրանք պետք է կրկնակի բարձրացվեին: Եվ այս ցինիզմով այս մարդիկ նորից ուզում են ընտրության գնալ: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե իմ ասածներից մի բան սխալ է:

– Վերջերս կառավարությունը կարծես անսաց «100 քայլում» առաջ քաշած Ձեր այն թեզին, որ հանքարդյունաբերությունում հանքերը պետք է վաճառել: Գո՞հ եք:

– Օ՜, այդ քայլը հիշեցնում է հայկական ռադիոյի անեկդոտը: Այո, բնօգտագործման ու բնապահպանության մասով վճարների օրենքում դեկտեմբերին փոփոխություններ են մտցվել. սահմանվել է ռոյալթի: Ասել կուզի` ընդերքը հիմա վաճառվելու է արդյունահանողին: Բայց, նախ` ինչո՞ւ է այդ ռոյալթին մտցվել միայն մետաղական հանքերի նկատմամբ: Երկրորդ` բանն այն է, որ հանքը շահագործող կազմակերպությունը հանքի գինը վճարում է` ելնելով իր շահութաբերությունից` բաժանած 8 թվի: Հանքի գնի հետ հանքարդյունաբերողի շահութաբերությունը ի՞նչ կապ ունի: Կամ` ինչո՞ւ 8: Ես այդ թիվն անվանել եմ` «հայկական p»: Արդյունքում, հումքի համաշխարհային գնի միայն 2 կամ 3 տոկոսն է գալու բյուջե: Պատահական չէ, որ, ինչպես տեսանք վերեւում, այս «նորամուծությունից» հետո բյուջեի եկամուտները չեն ավելացել: Հնարավոր է` հանքարդյունաբերությունից ստացվող մուտքերը նույնիսկ պակասեն: Ահա այսպիսի բարեփոխումներ: Լիբիայում Քադաֆին ռոյալթիի ձեւով բյուջե էր բերում հասույթի 92 տոկոսը, Հայաստանում` 2: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին:

– Ինչպե՞ս եք մեկնաբանում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հայտարարությունը, թե արտագաղթն իր ոլորտը չէ:

– Մակրոէկոնոմիկայի դասախոսությունների հենց սկզբից ես իմ 18-ամյա ուսանողներին ասում եմ` պետության տնտեսության համար մեկ լուրը բնակչության թվաքանակն է, երկրորդը` տարածքը, երրորդը` ՀՆԱ-ն: Ընդ որում` առաջինն ամենակարեւորն է, քանի որ երկարաժամկետ շրջանում առաջինի փոփոխությունն անպայման հանգեցնում է մյուս երկուսի փոփոխությանը: Հակառակը հաստատապես չի կարելի պնդել: Երեւի այս հասարակ բաները չհասկանալն է, որ մենք կորցրել ենք տարածքների 90 տոկոսը վերջին 1500 տարիներին: Այնպես որ` ձեր նշած նախարարի տեսակը, 1500 տարի է, տանուլ է տալիս ու ջրի երեսին մնում: