Դեժավյուի էֆեկտ

26/01/2012

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի խոսքով` Թուրքիայի այսօրվա պահվածքը դեժավյուի էֆեկտ է առաջացնում: «Ֆրանսիայի Սենատի կողմից Օրինագծի ընդունումը աննախադեպ էր այն իմաստով, որ, չնայած Թուրքիայի կողմից սարսափելի ճնշմանը, Ֆրանսիայի Սենատը դիմակայեց եւ ընդունեց օրինագիծը: Մի քանի անգամ ականատես ենք եղել, որ Թուրքիան իր լծակներն օգտագործելով` տարբեր երկրներում կանխել է Հայոց ցեղասպանության ընդունումը»,- ասել է նա: Ըստ նրա` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումն իր ազդեցությունն ունի Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ: «Տարբեր թուրքական կուսակցություններ, ինչպես նաեւ` ողջամիտ մարդիկ, օգտագործելով օրինագծի ընդունման փաստը, սուր քննադատության ենթարկեցին իշխանությանը: Հայոց ցեղասպանության ընդունումը վիրավորանք չէ թուրք ժողովրդին: Դա մի երեւույթ է, որը նախաձեռնել է պետությունը»,- ասել է նա: «Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա` շանտաժով հնարավոր չէ հասնել արդյունքի»,- հավելել է Անուշ Հովհաննիսյանը: