Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի ցուցանիշները։ Տնտեսական աճը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) եղել է 5.9%։ Աճել են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերը՝ տպավորիչ 14.1%-ով։ Աճել են նաեւ մյուս ճյուղերը (բացառությամբ շինարարության), արտահանման աճը գերազանցել է ներմուծմանը։
Մի խոսքով՝ ցուցանիշները շատ պլպլան չեն, բայց վատն էլ չեն։ Բնական է, որ այս ցուցանիշների ֆոնին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը պետք է ուրախ լիներ եւ ասեր, որ գոնե իր կանխատեսումներն արդարացել են այս ցուցանիշների մասով։ Բնական է նաեւ, որ պետք է ոգեւորված լիներ եւ խոսեր հետագա զարգացման մասին, մասնավորապես, արդյունաբերության ոլորտում։ Սակայն, նույնքան բնական է, որ ասուլիսին ներկա լրագրողը հարց է ուղղել՝ եթե տնտեսությունն այդպես զարգանում է, ինչո՞ւ են մարդիկ շարունակում արտագաղթել Հայաստանից, գնալով ավելի ու ավելի ինտենսիվ։ Այ, նախարարի պատասխանը դժվար է բնական համարել։ «Արտագաղթը իմ ոլորտի մեջ չի մտնում»,- մոտավորապես նման բան է ասել Տ. Դավթյանը։ Պրոֆեսիոնալ լինելով հանդերձ՝ Տ. Դավթյանը չէր կարող մտածել, որ արտագաղթն էկոնոմիկա կոչվածի հետ ամենասերտ առնչությունն ունի։ Պարզապես այդ պահին գերադասել է չխորանալ, ինչպես ասում են` «շառից հեռու»։ Առավել եւս, որ արտագաղթով զբաղվող կառույցներ կան՝ միգրացիոն պետական ծառայությունը, կամ Սփյուռքի նախարարությունը՝ իր «Տուն արի» ծրագրով։ Սակայն արտագաղթն ամենից առնչվում է հենց տնտեսության հետ։ Այն ազդում է թե՛ աշխատուժ «արտահանող» երկրի, թե՛ այն երկրի վրա, ուր գնում է այդ աշխատուժը։
Սկսենք նրանից, թե ինչպե՞ս է ազդում աշխատուժի միգրացիան, այսպես ասած, «արտահանող» երկրների վրա, ինչպիսին Հայաստանն է։ Կարծիքները հակասական են։ Դեռ 80-ական թվականներին այս թեմայով լուրջ վերլուծություններ են կատարվել, որոնք ցույց են տվել, որ այդ ազդեցությունը դրական է։ Ըստ այդ վերլուծությունների, բնակչության մի մասի արտագաղթը այլ երկրներ նպաստել է տվյալ երկրի աշխատաշուկայի վիճակի բարելավմանը։ Օրինակ՝ Պակիստանում 80-ական թթ. արտագաղթը թույլ տվեց գործազրկությունը կրճատել մեկ երրորդով։ Նույն բանը տեղի է ունեցել Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Բացի այդ, որոշ վիճակագրական տվյալներ վկայում են այն մասին, որ աշխատուժի միգրացիան նպաստում է միջին ամսական աշխատավարձի բարձրացմանն ու «արտահանող երկրի» աղքատ խավերի եկամուտների ավելացմանը։
Շատ հեղինակներ նշում են նաեւ, որ աշխատուժի էմիգրացիան եւս մեկ կարեւոր օգուտ ունի՝ արտերկիր մեկնած աշխատողների որակավորման բարձրացումը։ Այսինքն՝ ենթադրվում է, որ արտասահմանում միգրանտները շփվում են ավելի արդիական տեխնոլոգիաների, աշխատանքային էթիկայի ավելի առաջադեմ ստանդարտների, կարգուկանոնի եւ արտադրության կազմակերպման հետ։ Վերադառնալով հայրենիք՝ նրանց այդ փորձը դրական ազդեցություն է ունենում տվյալ երկրի աշխատանքային պոտենցիալի կատարելագործման առումով։
Եվ վերջապես, մեծ թվով աշխատանքային միգրանտներ ունեցող երկիրն ունենում է արտարժույթի մեծ հոսքեր, որոնք դրսում աշխատողներն ուղարկում են իրենց հայրենակիցներին։ Նրանց փոխանցումները շատ հաճախ կազմում են ազգային եկամտի զգալի մասը եւ նպաստում են ֆինանսական դրության բարելավմանը։
Ինչ վերաբերում է «ուղեղների արտահոսքի» բացասական ազդեցությանը, ապա վերլուծության հեղինակները նշում են, որ զանգվածային արտագաղթի ժամանակ երկիրը լքում են առաջին հերթին բարձր որակավորում չունեցող մասնագետները։ Ավելին, ըստ նրանց, անգամ «ուղեղների արտահոսքը» վտանգավոր չէ. եթե բարձր որակավորված աշխատուժի նկատմամբ առաջարկը գերազանցում է պահանջարկը, ապա շատ նորմալ է, որ աշխատանք գտնել չկարողացողները ինքնադրսեւորվում են արտերկրում։
Մի խոսքով, մեր իշխանությունները շատ հանգիստ կարող են ասել, որ արտագաղթը ոչ միայն վնաս չէ, այլեւ օգտակար է տնտեսությանը՝ հղում անելով միջազգային աղբյուրներին։ Բայց… Բայցերը բավականին շատ են։ Եթե խնդիրը դիտարկենք զուտ տնտեսական տեսանկյունից, ապա բոլոր կետերի դեպքում էլ վերապահումներ կան, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։
Նախ՝ Հայաստանից արտագաղթողների մեջ մեծ մասը հենց բարձր որակավորված մասնագետներն են, կիրթ մարդիկ։ Եվ արտագաղթում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պատճառներով, այլեւ քաղաքական, իրավական…
Երկրորդ. դրսում հաստատված եւ նորմալ աշխատանքի տեղավորված միգրանտները, որպես կանոն, ոչ միայն Հայաստան չեն վերադառնում՝ իրենց փորձն ու գիտելիքները հայրենիքին ծառայեցնելու համար, այլեւ իրենց մոտ են կանչում այստեղ մնացած հարազատներին։
Երրորդ՝ ֆինանսական միջոցների ներհոսքի՝ մասնավոր տրանսֆերտների դեպքում շատ դժվար է միանշանակ ասել՝ դա օգո՞ւտ է տնտեսությանը, թե՞ վնաս։ Դրա փորձը կա։ Տարիներ շարունակ ազգային դրամի արժեւորումը, որը զրոյական մակարդակի հասցրեց տեղական արտադրությունը, մեր ֆինանսական ոլորտի պատասխանատուները կապում էին հենց այդ մասնավոր տրանսֆերտների հետ։ Այսինքն՝ եկավ մի պահ, երբ դրսից ստացվող գումարները դարձել էին իսկական չարիք տնտեսական կառուցվածքի համար։ Իհարկե, դրանք ճիշտ օգտագործելու դեպքում կարելի էր այդ խնդրից խուսափել, բայց մենք խոսում ենք Հայաստանի եւ արդեն կատարված իրադարձությունների մասին։ Ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ երկրի ողջ արտահանման ծավալը գերազանցող մասնավոր տրանսֆերտները խեղաթյուրել են Հայաստանի տնտեսության տրամաբանությունը, երկիրը նստեցրել «դրսի ասեղի վրա» եւ կախման մեջ դրել երրորդ երկրներից։
Ինչ վերաբերում է աղքատության մակարդակի կրճատմանը, ապա աղքատության նման «կրճատմամբ» ուրախանալն առնվազն ցինիզմ է։ Աղքատ մարդկանց եկամուտները բարձրացնելու եւ նրանց ոչ աղքատ դարձնելու փոխարեն` իշխանությունը պարզապես ազատվում է նրանցից՝ ուղարկելով իրենից հեռու։
Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ աշխատուժ «ներմուծող երկրների» աչքերով։ Ի՞նչ են շահում, կամ ի՞նչ են կորցնում այն երկրները, որտեղ հոսում է աշխատուժը։ Առաջին հայացքից կարելի է կարծել, որ այն ամենը, ինչ օգտակար էր «արտահանողի» համար, պետք է վնաս լինի «ներմուծողին»։ Այսինքն՝ ՌԴ-ում ապրող հայերը փող են ուղարկում Հայաստան, ուրեմն վնաս են տալիս ՌԴ-ին, քանի որ այդ փողը կարող էր մնալ այնտեղ եւ խթանել այնտեղի տնտեսությունը։ Սակայն ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ ԱՄՆ տնտեսության վրա «ուղեղների» արտահոսքի դրական ազդեցության մասին շատ է գրվել։ Բավական է նշել, որ 80-ական թվականներին ինժեներիայի եւ համակարգչային տեխնիկայի ոլորտում աշխատող դոկտորների 40%-ը իմիգրանտներ էին (ներգաղթածներ)։ 1990-ականների կեսերին ԱՄՆ-ում բնակվում էին ավելի քան 11 միլիոն միգրանտներ։ Որպես օգնություն՝ ԱՄՆ կառավարությունը նրանց հատկացնում էր տարեկան 4-5 միլիարդ դոլար։ Բայց աշխատող միգրանտները, դրա փոխարեն, տարեկան շուրջ 40 միլիարդի հարկեր էին մուծում։ Այսինքն, եթե մի կողմ թողնենք մյուս ասպեկտները (միգրանտների դրական ազդեցությունը գիտության, մշակույթի, սպորտի մեջ եւ այլուր), ապա «չոր» հաշվարկով ԱՄՆ-ին ձեռնտու էր ունենալ միգրանտներ։ Տնտեսապես։
Իհարկե, հիմա պատկերն այլ է։ Սակայն խնդիրը ոչ թե ձեռնտու կամ ոչ ձեռնտու լինելը ցույց տալն էր, այլ փաստելը, որ արտագաղթը չի կարող տնտեսությունից դուրս դիտարկվել եւ դուրս մնալ տնտեսական ոլորտը համակարգող գերատեսչությունների հետաքրքրությունների ու իրավասությունների ոլորտից։ Եթե ինչ-որ մեկն ասի, որ երկրի տնտեսական քաղաքականությունը մշակվում է՝ առանց միգրացիոն հոսքերը հաշվի առնելու, կամ՝ որ միգրացիոն հոսքերը ամենեւին չեն կարող տնտեսական վիճակի լրացուցիչ ցուցանիշ դիտարկվել, նրան լուրջ չեն ընդունի։ Այլ հարց է, որ այդ թեման իսկական գլխացավանք է, որից բոլորը ձգտում են հեռու մնալ՝ դառը փորձից ելնելով։