Երեկ Սյունիքի մարզի թվով 9 հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ընթացող ուրանի որոնողահետախուզական աշխատանքների դադարեցման խնդրանքով: «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի պատվերով «Աբվան» ՍՊԸ-ն 2011թ. հոկտեմբեր ամսից վերսկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները, որը հանրության շրջանում վերստին տագնապ է առաջացրել: 9 հ/կ-ների բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին, նպատակ ունի եւս մեկ անգամ եւ վերջնականապես անդրադառնալ այս խնդրին եւ հանրությանը տալ բավարարող պատասխան: Հանրության միակարծությունը անտեսելու դեպքում հ/կ-ները ստիպված են առաջիկայում վերսկսել բողոքի ակցիաները»,- նախագահին հասցեագրված նամակի մասին հայտնեց Կապանում գործող «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը: Ներկայացնում ենք նամակն առանց կրճատումների:
«Մեծարգո պարոն նախագահ: Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարության կողմից հանքարդյունաբերությունը տնտեսական զարգացման գերակա ճյուղ ընտրվելու արդյունքում, Սյունիքի մարզում համատարած սկսվել են տարատեսակ հանքավայրերի որոնողահետախուզական աշխատանքներ: Հանրության մտահոգությունը` ապահով շրջակա միջավայրում ապրելու մասին, համատարած քննարկման առարկա դարձավ ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները սկսվելուն պես, ինչը հետին պլան մղեց նույնիսկ սոցիալական խնդիրները: Ի սկզբանե, անտեսելով հարցի չափազանց զգայուն լինելը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնց մասին, որքան էլ զարմանալի է, հանրությունը տեղեկացավ համացանցից: Հանրության դիրքորոշումը հստակ պատկերացնելու նպատակով` տեղական հասարակական կառույցները կազմակերպել են ստորագրահավաք, որի մասնակիցներին հնարավորություն է տրվել հարցի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտել` կողմ, դեմ, ձեռնպահ պատասխաններով: Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքին մասնակցել է 13.850 քաղաքացի, եւ մասնակիցների 99%-ից ավելին դեմ են արտահայտվել Հայաստանում ուրանի հանքերի հնարավոր շահագործմանը: Ստորագրահավաքի արդյունքները 2010թ. դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Հայտնում ենք մեր վրդովմունքը Սյունիքի մարզում ուրանի հանքերի որոնողահետախուզական աշխատանքների վերսկսման առիթով, ինչը տարածաշրջանում վերստին տագնապ է առաջացրել: Ստորագրահավաքի արդյունքների անտեսումը կսպառի իշխանությունների հանդեպ վստահությունը, եւ այն կընկալվի մարտահրավեր` ուղղված հանրությանը եւ հասարակական կառույցներին: Մենք հաշվի ենք առնում միջազգային էներգետիկ ոլորտում ընթացող զարգացումներն ու օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, սակայն նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության չափերը, ուրանի հանքի շահագործման ազդեցությունը շրջակա միջավայրի եւ կյանքի բնականոն զարգացման վրա, այն համարում ենք ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ հասարակական կառույցները ոչ նպատակահարմար են համարում հանքարդյունաբերության զարգացման քաղաքականությունը, քանի որ ՀՀ բոլոր քաղաքացիներին եւ նրանց սերունդներին պատկանող բնական պաշարներից օգտվում են միայն որոշ անհատներ: Շարքային քաղաքացին գտնվելով եզրագծից դուրս, անընդունելի է համարում ապականված միջավայրում, չքավորության մեջ ապրելու պայմանները: Հիմք ընդունելով հանրության միակարծությունը, պահանջում ենք դադարեցնել ուրանի հանքավայրի որոնողահետախուզական աշխատանքները եւ չեղյալ համարել ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերը»: