«Տնտեսությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու օգտին»

26/01/2012

ԱՄՆ-ը երեկ հրապարակել է իր հերթական ուղերձը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ` հիմնականում կենտրոնանալով երկու խնդրի` տնտեսության ու արտաքին քաղաքականության վրա: Ըստ «Ազատության»` ուղերձի հենց սկզբում Օբաման ընդգծել է, որ տնտեսությունը պետք է աշխատի Նահանգների յուրաքանչյուր քաղաքացու օգտին, եւ ներկայացրել է իր ծրագիրը` տնտեսական դաշտում արդարություն ապահովելու եւ հարուստների ու աղքատների միջեւ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ: «Մենք կանգնած ենք ընտրության առջեւ. կա՛մ կլինենք երկիր, որտեղ կա մարդկանց մի անշեղորեն կրճատվող խումբ, որն իսկապես լավ է ապրում, մինչ գնալով ավելի ու ավելի շատ ամերիկացիներ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, կա՛մ մենք կարող ենք վերականգնել այն տնտեսությունը, որտեղ յուրաքանչյուրը ստանում է իր արդար բաժինը, եւ յուրաքանչյուրի համար գործում են խաղի միեւնույն կանոնները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը: Սոցիալական արդարության հասնելու համար նա կրկին առաջարկել է փոխել հարկային օրենսգիրքն ու հարկային առավել մեծ պարտավորություն սահմանել միլիոնատերերի համար` մի բան, որին դեմ են արտահայտվում Կոնգրեսում ներկայումս մեծամասնություն կազմող հանրապետականները: «Խաղասեղանին են, սակայն, ոչ թե հանրապետականների ու դեմոկրատների սկզբունքները, այլ ողջ ամերիկյան ժողովրդի արժեքները»,- հայտարարել է Օբաման` ընդգծելով, որ անհրաժեշտ է վերագտնել ամերիկյան երազանքը` յուրաքանչյուրին արժանավայել աշխատանք, երեխաներին կրթելու հնարավորություն ու բարեկեցիկ ծերություն: Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ հղած իր, թերեւս, ամենամեծ լսարանն ունեցող ուղերձում Բարաք Օբաման կրկին ներկայացրել է` ինչ է արել նախագահության ընթացքում, եւ որն է իր տեսլականը Միացյալ Նահանգների ապագայի վերաբերյալ։ «Մեր երկիրը գնալով հզորանում է»,- ասել է նա` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կրկին վերագտնում է իր առաջատար դիրքը համաշխարհային հարթակում, եւ նրանք, ովքեր կասկածի տակ են առնում այդ պնդումը, «չեն հասկանում` ինչ են խոսում»:

Ուղերձի` արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածում Օբաման հավաստիացրել է, որ պաշտոնական Վաշինգտոնը այսուհետեւ եւս կշարունակի աջակցել արաբական աշխարհում սկիզբ առած ժողովրդավարական շարժումներին, ողջունել բռնապետական վարչակազմերի տապալումն ու Մուամար Քադաֆիի անկումը` զգուշացնելով, թե Սիրիայի նախագահությունն էլ շուտով կհասկանա, որ «անհնար է ծնկի բերել փոփոխություններ պահանջող ուժերն ու ոտնահարել մարդկանց արժանապատվությունը»: Իրաքում պաշտոնապես ավարտված պատերազմից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը սկսելուց հետո` վերջին տասնամյակում առաջին անգամ, ԱՄՆ նախագահի ուղերձը չկենտրոնացավ Նահանգների անվտանգությանը սպառնացող վտանգների վրա: Այս շարքում Օբաման միայն առանձնացրել է Իրանի միջուկային ծրագիրը` ընդգծելով, որ Վաշինգտոնը վճռական է կանխարգելել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը` հնարավոր ցանկացած եղանակով, սակայն դեռեւս շարունակում է նախապատվությունը տալ խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով: