«Իմ տունը քանդեց բժիշկ Արմինե Սերոբյանը»

26/01/2012

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկի բարդացումից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հայր Մովսես Խաչատրյանն անարդար է համարում, որ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը կալանավորված է, իսկ որդուն բուժող մյուս բժիշկը` Արմինե Սերոբյանն, ազատության մեջ է: Այս մասին նա ասել է tert.am-ի հետ զրույցում: «Հենց նա իմ տունս քանդեց: Երբ Հայկի դեմքին ջրծաղիկի հետք կար, ասաց. «Պետք ա ուղարկեմ ինֆեկցիոն», ու այդպես էլ չուղարկեց: Վերջում էլ ինչ-որ «կայծակնային» ջրծաղիկ հորինեցին»,- կայքի հետ զրույցում ասել է Մ. Խաչատրյանը, որն, ի դեպ, ոստիկանական համակարգի աշխատող է: Նա տեղեկացրել է, որ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գուրգեն Հակոբյանն Արմինե Սերոբյանի եւ իր միջեւ կազմակերպել է առերես հարցաքննություն, որի ժամանակ բժիշկն, առհասարակ, ժխտել է, որ մահացածի հայրն ու ինքը հանդիպել են, ուր մնաց թե` իրենց միջեւ նման խոսակցություն լիներ: «Ապացույցն էլ` չարաբաստիկ բժշկի` իր հեռախոսահամարով գրությունն էլ տվել եմ իրենց, ուղարկել են փորձաքննության»,- ասել է Մովսես Խաչատրյանը: Վերջինս ներկա պահին գտնվում է արձակուրդում, սակայն, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր, պատրաստվում է դուրս գալ համակարգից: «Եթե ըսենց շարունակվի, ես հրաժարվելու եմ, որովհետեւ ես ո՞նց կարամ օրենքի պահապան աշխատել էս անարդարությունների դեպքում»,- ասել է նա: Մահացած զինվորի հայրը կասկածներ ունի, որ նախաքննությունը չի փորձում մեղավորներ գտնել որդու նախկին զորամասում: Հիշեցնենք, որ հարազատների պնդմամբ` Հայկին հիվանդ վիճակում ստիպել են վազել 11 կիլոմետր, իսկ երբ վերջինս առարկել է, զինվորին մեղադրել են «սիմուլյանտության» մեջ: Հարցին, թե նախաքննությունն այս վարկածն ուսումնասիրո՞ւմ է, թե՞ ոչ, ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը դրական պատասխան է տվել: Նրա խոսքով` նոր կասկածյալներ այս պահի դրությամբ չկան: Ինչ վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննության արդյունքներին, այդ մասին կհայտնվի ավելի ուշ: