Էլ հոգեկան հիվանդ, էլ ալկոհոլիկ, էլ անմակարդակ

26/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» տեղափոխված 7-ամյա Օվսաննա Բարսեղյանի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարին:

Հիշեցնենք, որ կենտրոն տեղափոխված աղջիկը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բնակիչ է, ով խորը, մարմնի 40% մակերեսի այրվածքներով տեղափոխվել էր Ճամբարակի հիվանդանոց: Մեզ հետ զրույցում աղջկա մայրը` Ալվարդ Բարսեղյանը, տեղեկացրել էր, որ Ճամբարակի հիվանդանոց տեղափոխվելուց հետ բժիշկները մեկ օր միայն գլյուկոզա են ներարկել, որից հետո նոր տեղափոխել են Երեւան: Նա մեզ վստահեցնում էր, որ երեխային չեն ցավազրկել եւ այրվածքների հատվածում միջամտություն չեն կատարել: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ նախարարության համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարում, եւ արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն: Օրեր առաջ խմբագրություն էր զանգահարել Ճամբարակի հիվանդանոցի Խաչատրյան ազգանունով ներկայացած բժշկուհին եւ բավականին վրդովված պնդում էր, որ երեխայի մայրը սուտ տեղեկատվություն է տարածել: «Թե ինչպիսի բուժօգնություն ենք ցուցաբերել, այդ ամբողջը գրված է նրա էպիկրիզի մեջ: Երեխայի մայրն անգամ իր երեխայի տարիքը չգիտի, ինչպե՞ս կարող եք հավատալ նրա ասածին: Այդ երեխայի մոտ շոկային վիճակ է եղել, մենք իրավունք չունեինք նման դեպքում տեղափոխել նրան Երեւան: Իսկ թե ի՞նչ դեղորայք ենք ներարկել` կարող եմ թվարկել: Ինչպե՞ս կարող էի ես նման իրավիճակում գտնվող հիվանդին գլյուկոզա ներարկել, երբ բժշկական տեսանկյունից նման հիվանդին ընդհանրապես արգելվում է գլյուկոզայի ներարկումը»,- նեղսրտած ասում էր տիկին Խաչատրյանը` ամեն բառից հետո իր կենսագրական տվյալների մասին տեղեկություն հայտնելով: Ի դեպ, երեխայի մոր` Ա. Բարսեղյանի խոսքերը որպես ի գիտություն չընդունելու համար նա նույնիսկ հայտնեց, որ այդ կինը հոգեկան հիվանդ է: Մենք տեղեկացրեցինք, որ խոսակցության ընթացքում ներկա է եղել նաեւ երեխայի հայրը, եւ նույնը պնդել է նա: «Հայրն էլ ալկոհոլիկ է, ինչպե՞ս կարող էիք նրանց խոսքերը թերթում տպագրել»,- խիստ զարմացած հարցրեց տիկին Խաչատրյանը, ում նաեւ տեղեկացրինք, որ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի» այրվածքային բաժանմունքի վարիչ Հրանտ Հակոբյանը` բնորոշելով Օ. Բարսեղյանի վիճակը, շեշտեց մեկ օր ուշացման փաստը: Բարեբախտաբար, բժշկուհի Խաչատրյանը բաժնի վարիչ Հ. Հակոբյանին ոչ հոգեկան հիվանդ, ոչ էլ ալկոհոլիկ անվանեց, այլ կրկին պնդեց, որ երեխայի մոր խոսքերն արժանահավատ չեն: Մենք կրկին կապվեցինք Ա. Բարսեղյանի հետ եւ փոխանցեցինք բժշկուհու վրդովմունքը, ինչին ի պատասխան` երեխայի մայրը կրկին պնդեց, որ երեխային միայն գլյուկոզա են ներարկել: Ընդ որում, նաեւ տեղեկացրեց, որ Ճամբարակում բնակվող իր քրոջը հիվանդանոց են կանչել «պատիվ պահանջելու»: Տիկին Խաչատրյանին փոխանցեցինք, որ Ա. Բարսեղյանն այսօր էլ կրկնում է, որ այրված աղջկան պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, այլ միայն գլյուկոզա են ներարկել: «Ախր, դուք նրանց տեսե՞լ եք, ինչպե՞ս կարող եք այդ ցածր մակարդակ ունեցող մարդու ասածները կրկնել: Նա ո՞վ է, որ նման մեղադրանք է հնչեցնում եւ խաղում է իմ անվան հետ»,- կրկին բարկացավ տիկին Խաչատրյանը, ում հորդորեցինք հիվանդներին բուժօգնություն ցուցաբերել անկախ մակարդակի աստիճանից, քանի որ պետությունն իրեն վճարում է ոչ թե մանկավարժական աշխատանքի, այլ բուժծառայություն կատարելու համար:

Ամեն դեպքում, մենք սպասում ենք Առողջապահության նախարարության ուսումնասիրության արդյունքներին` հիմք չընդունելով թե՛ բժշկուհի Խաչատրյանի, թե՛ Ա. Բարսեղյանի փոխադարձ մեղադրանքները: