Աղքատ երազողների երկիրը

26/01/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ազգային վիճակագրական ծառայության բազմաթիվ հրապարակումներում կարելի է տեսնել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեր տնտեսական ու սոցիալական կյանքի վրա: Դրանք ինքնին հետաքրքիր են ու սահմռկեցուցիչ: Օրինակ` աղքատության թեմայով կատարված ուսումնասիրությունները: Բնակչության աղքատության տվյալները 2008-2010 թվականներին որոշելու համար մեր վիճակագիրները հատուկ սանդղակ են կազմել: Եթե չափահաս մեկ քաղաքացու ամսական ծախսը կազմել է 33.5 հազար դրամից քիչ, նա համարվել է աղքատ: 27.4 հազար դրամից քիչ տնօրինողը՝ շատ աղքատ: Իսկ ծայրահեղ աղքատ է համարվում այն չափահաս անձը, ում բաժին է ընկել 19.1 հազար դրամից պակաս: Ահա այսպիսի օրիգինալ թվաբանություն, որից ելնելով` մեր կենսաթոշակառուների եւ հաշմանդամության թոշակ ստացողների ճնշող մեծամասնությունը աղքատության շեմից ցածր եկամուտ ունեն: Եվ սա` համարյա մեկ տասնամյակ պաշտոնապես արձանագրված երկնիշ տնտեսական աճից հետո: Տասը տարի յուրաքանչյուր տարվա համար արձանագրված երկնիշ աճից հետո: Այս տխուր թվերի հրապարակումից հետո մեր վիճակագիրները հայտարարում են, որ 2010թ. ողջ բնակչության միջին ամսական սպառումը 2008թ. համեմատ նվազել է 8 տոկոսով: Վիճակագիրները ելնելով եկամուտների չափից` բնակչությանը բաժանում են հինգ խոշոր խմբերի: Բաժանում, հաշվարկում ու արձանագրում են, որ հինգերորդ՝ ամենահարուստ խմբի սպառումը աճ է արձանագրում: Ի տարբերություն մնացած չորս խմբի: Չորս նվազող խմբերի եւ մեկ աճողի միջեւ միջին թվաբանական հանելը մանր վիճակագրական հմտություն է: Պուճուր հնարք, որով հաջողվում է թաքցնել բնակչության աղքատացման իրական տեմպերը: ՀՀ սահմանադրության առաջին հոդվածում արձանագրված է, որ մեր երկիրը սոցիալական պետություն է: Հետեւաբար` այս փոքրիկ հնարքներն ինքնանպատակ չեն: Դրանք նպատակ ունեն սոցիալական պետության պատկեր ստեղծել: Գոնե թղթի վրա: Սակայն կիրառվող ցանկացած մեթոդաբանություն ի վերջո չի կարող ամբողջովին խեղաթյուրել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի իրական պատկերը: Այսինքն` բնակչության տարբեր խավերի եկամուտների ավելացող անհավասարությունը թաքցնելն իրականում անհնար է: Հետեւաբար` նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է ընդունում, որ տնտեսական ճգնաժամի սկզբից մեր երկրում աճում է աղքատ բնակչության թիվը: Պաշտոնապես ընդունվում է, որ` «2010-ին 2008-ի նկատմամբ աճել է եւ աղքատության մակարդակը, թե դրա խորությունն ու սրությունը: 2010թ.-ին բնակչության ավելի քան ամեն երրորդը՝ 35.8 տոկոսը, եղել է աղքատ, նրանցից մոտ ամեն հինգերորդը՝ 21.3 տոկոս՝ շատ աղքատ, իսկ երեք տոկոսը` ծայրահեղ աղքատ»: 2008-ին ՀՀ կառավարությունը կոչ արեց չխոսել տնտեսական ճգնաժամի մասին: Կոչ արեց ու հնարավորինս չխոսեց: Չխոսեց՝ հանց «չխոսկան հարս»: Իսկ այսօր պաշտոնապես արձանագրում է, որ այդ չխոսկան «Երկու տարվա ընթացքում մոտ 270 հազար մարդ դարձել է աղքատ, հասցնելով աղքատների թվաքանակը 2010-ին մոտ 1.2 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 290 հազարը նույն ժամանակում դարձել են շատ աղքատ, հասցնելով շատ աղքատների թվաքանակը 694 հազարի: Միայն երկու տարվա ընթացքում մոտ 46 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ, հասցնելով ծայրահեղ աղքատների թվաքանակը 2010-ին մոտ 98 հազարի»: Եթե նկատեցիք, աղքատության ցուցանիշներն էլ են փորձում մատուցել մեթոդաբանական նուրբ հնարքներով՝ «մշտական բնակչության ցուցանիշի հաշվարկով» արտահայտությամբ թեթեւացնելով աղքատության իրական պատկերը: Բայց այն չի թաքցնում այն փաստը, որ առավել արագ մեր երկրում աճում է ծայրահեղ աղքատության մակարդակը՝ մոտ 2 անգամով: Վիճակագրական տվյալներով` մայրաքաղաքում աղքատության ցուցանիշն ամենացածրն է: Աղքատ է Երեւանի բնակչության մոտ 27 տոկոսը: Այս ցուցանիշը, փոխարենը, չափազանց բարձր է մյուս քաղաքներում: Հայաստանի աղքատ բնակչության 64 տոկոսից ավելին քաղաքաբնակ է: Այս թվերին, իհարկե, կարելի է նաեւ չհավատալ: Բայց լայն իմաստով դրանք մեր տնտեսության պատկերն են: Մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներն անտրամաբանական են: Դասական տրամաբանության տեսանկյունից, իհարկե: Օրինակ` 2011-ին անփոփոխ են ամենավերջին թվերը: 2011-ին Հայաստանից արտահանվել է 1 մլրդ 300 մլն դոլարի ապրանք: Փոխարենը` նույն 2011-ին Հայաստան ներմուծվել է 4 մլրդ 100 մլն դոլարի ապրանք: Տարիներ շարունակ այս պատկերն է: Մեր արտահանումների ծավալը մի քանի անգամ պակաս է ներմուծումների ծավալից: (2011-ին այն մոտ երեք անգամ է պակաս): Ու որեւէ բացատրություն, թե որտեղից է հայտնվել այդ բացասական հաշվեկշիռը փակող 2,8 մլրդ դոլարը, չկա: Բացատրություն չկա՝ ինչպես նախորդ տարիներին: Հետեւաբար` Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող բոլոր տվյալ-ցուցանիշներն ավելի շուտ մետաֆիզիկայի ոլորտից են, քան՝ տնտեսագիտության: Գուցե եւ այդ պատճառով են մեր Էկոնոմիկայի նախարարության բոլոր ծրագրերը լեգենդար, կամ էլ՝ միֆական, եթե ուզում եք: Միեւնույն է` ոնց կանվանեք: Դրանից այդ ծրագրերն իրական ու իրատեսական չեն դառնա: Իսկ մեր երկիրը կմնա աղքատ երազողների կամ երազող աղքատների երկիր: