Դանակը հասնում է ոսկորին՝ նոր կինը դիմում է օգնությա՞ն

26/01/2012

«Կնգան որ չտփես, կնիկը կնիկ չդառնա»,- սա միայն նախադասություն չէ, որ կրկնվում է Գեղարքունիքում ապրող որոշ տղամարդկանց կողմից, այլեւ, ըստ որոշ մասնագետների` ամրապնդված աշխարհայացք, որն արտահայտվում է բռնության կիրառմամբ:

Սեւանում բնակվող Նարինեն սեռական բռնության էր ենթարկվել սկեսրոջ ու տեգրոջ կողմից: Ամուսնուց չհղիացող հարսին սկեսուրը քնաբեր էր խմեցրել, որպեսզի անգիտակից վիճակում սեռական ակտ ունենա մյուս տղայի հետ` մտածելով, որ գոնե այդպես հարսը կհղիանա: Սակայն քնաբերի ազդեցությունը թույլ էր եղել, կինն ամեն ինչ հասկացել էր: Դեպքից հետո վերադարձել էր հայրական տուն, ամուսնալուծվել:

Սա այն երեք սեռական բռնության դեպքերից մեկն է, որը գրանցվել է արդեն երկուսուկես տարի գործող Կանանց իրավունքների կենտրոնի Գավառի մասնաճյուղում: Ամեն ամիս կենտրոնը 60-ից ավելի զանգեր ու այցելություններ է ունենում: Նրանց շահառուների հիմնական մասը ենթարկվում է հոգեբանական բռնությունների:

2011թ. կենտրոնի ազգային «թեժ գծին» 2302 զանգ է գրանցվել, որից միայն 1678-ն` ընտանեկան բռնության վերաբերյալ: Մինչդեռ 2010-ին զանգերի ընդհանուր թիվը եղել է 1777, որից 701-ը` ընտանեկան բռնության վերաբերյալ:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աննա Հակոբյանը նշում է, որ բռնությունների համար նպաստող գործոններ են` թմրանյութերի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, սոցիալական ծանր պայմանները:

Մարտունեցի 45-ամյա Էլեոնորան գրեթե միշտ երեխաների հետ հարեւանի տուն է գնում, եթե ամուսինը հարբած է տուն գալիս, մինչեւ խաղաղվում է ու քնում: Ամուսնությունից հետո 15 տարի համերաշխ ապրող ընտանիքի վեճերը սկսվվե են ամուսնու` հարբեցող դառնալուց հետո: Էլեոնորան պատմում է, թե ինչպես է ամուսինը մի օր մեծ դանակով հարձակվում իր վրա: Երեխաներից մեկը հոր առաջն է կտրում, խնդրում, որ չսպանի մորը: «Հետո էլ սկսեց չաշխատել: Ես էլ չէի աշխատում, չէր թողնում` խանդում էր: Ասում էր, թե` եթե ես չեմ ուզում, ուրեմն` դու տնից դուրս չպիտի գաս: Բայց երեխաներն արդեն դպրոցական էին, գրքի, տետրի փող էր պետք: Ասում էի` եթե դու չես աշխատում, թող գոնե ես աշխատեմ, երեխաներիս պահեմ: Թե` չկա, թող չսովորեն, չկա`թող չուտեն»,- պատմում է կինը:

Կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի հարցերով փորձագետները նշում են, որ եթե անգամ ամուսինը հարբեցող կամ թմրամոլ չէ, իրենց թույլ են տալիս «դաստիարակչական» ապտակներ հասցնել կնոջը: Օրինակ են բերում ամենատարածված ասացվածքը` «Կինը բուրդ է, որքան ծեծես` այնքան կփափկի»:

Վարդենիկ գյուղում ապրող, 10 երեխաների հայր Ադիբեկ պապը ավելացնում է եւս մի ասացվածք. «Կնգան որ չտփես, կնիկը կնիկ չդառնա: Կնիկ մարդու կհեծի, կքշա»:

Նրա կինը` 75-ամյա Ռազմիկ տատը, հիշում է, որ երբ իր աղջիկներից մեկին փախցրին, ամուսինն արտագնա աշխատանքի էր. «Էկավ, գլուխս ջարդավ, կըսեր` դու մերն ես, պըտի քո աղջկա վարմունքը իմանայիր, ինչի՞ պըտի փախներ: Հիմա դրանք անցած-գնացած օրեր են, նախնադարյան պատմություններ»:

Գեղարքունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ, իրավագետ Նորիկ Հովհաննիսյանն ասում է, որ «նախնադարյան ավանդույթները» շարունակվում են նաեւ այսօր: «Որ գոռում են, թե ընտանեկան բռնություն չկա, էդպես չէ: Կա, ուղղակի էդ երեւույթը դեռ լրիվ բացահայտված չէ: Դանակը հասնում է ոսկորին, նոր կինը սկսում է բացահայտել ու պատմել ամեն ինչ»,- ասում է նա:

Ըստ Հովհաննիսյանի` բռնությունների պատճառ են դառնում կեղծ պատկերացումներն ու կարծրատիպերը ընտանիքում կնոջ եւ տղամարդու դերերի վերաբերյալ: Աղջիկներին ամուսնացնում են նույնիսկ 15 տարեկանում, երբ պատկերացում չեն ունենում ամուսնական կյանքի մասին: Տղան էլ արտագնա աշխատանքից վերադառնում է, ամուսնանում` իր ուղեղում ունենալով մի պատկերացում` կին է ու համարվում է ընտանիքի ստրուկը: «Եթե այդ անչափահաս աղջկա բախտը չի բերում ու ընկնում է մի ընտանիք, որտեղ գործում է «Ադեի օրենքը», ապա պիտի ծով համբերություն ունենա: Ադեն ընտանիքի մեծ կինն է: Դրա մեջ լավ բաներ կան, բայց այսօրվա սերունդը չի կարող Ադեի օրենքներով շարժվել` նրա մոտ պետք է ջուր չխմել կամ ամուսնու հետ ազատ չխոսել, եւ այլն»,- նշում է Հովհաննիսյանը:

Գավառում ապրող 36-ամյա Մարինեն ասում է, որ իրենց Ադեն բարի կին է, բայց շատ հետաքրքրասեր է ու ամեն ինչ ուզում է իմանալ. «Օրինակ, գիշերը գալիս, ականջ է դնում, թե ինչ ենք անում, ինչ ենք խոսում: Ու, որ ամուսինս մի հատ «ջան» է ասում ինձ, եփ է գալիս»: «Մարտունու կանանց համայնքային կենտրոն» հ/կ նախագահ Անահիտ Գեւորգյանն ասում է, որ հաճախ, երբ տղամարդը ստիպված մեկնում է արտագնա աշխատանքի, նրա կնոջը սկսում են «տիրություն անել» սկեսուրները, տեգրերը, նրանց կանայք: Արգելում են այս կամ այն շորը հագնել, այս կամ այն տեղը գնալ:

Նման դեպքերի մասին վկայում է նաեւ Կանանց իրավունքների կենտրոնի Գավառի մասնաճյուղի համակարգող Կարինե Մոմչյանը: Նա պատմում է մի դեպք, երբ սկեսուրը գոմի ցախավելով ծեծում է իր 18 տարվա հարսին: «Հարսը, խելացի աղջիկ լինելով, բարձրաձայնել էր, թե` ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե տեգորս կինը չի աշխատում, սկեսուրն էլ, թե` տարբերություն ես դնում երկուսիդ միջեւ, ու գոմում կովին կթող հարսին ցախավելով ծեծել էր»:

Հոգեբան Աննա Հակոբյանն ասում է, որ կանայք միշտ հույս են ունենում, որ կկարողանան իրավիճակը շտկել, ամուսնուն փոխել: Մյուս կողմից էլ` հայ կանանց համար կարեւոր է ընտանիքի ամբողջականությունը, ինչի համար էլ պատրաստ են գնալ դաժան զոհողությունների: «Մի օր լավ կլինի» հույսից բացի, հատկապես մարզերում, կանայք զոհ են գնում նաեւ հասարակական կարծիքին: «Ասում են` թող դիմանա, իր ընտանիքը հո չի՞ քանդի: Ասում են, թե` քո տղամարդն է, թող մի անգամ էլ ավել ծեծի: Բռնությունների հետեւանքով լինում են կանայք, որ այլեւս ի վիճակի չլինելով դիմանալ այդ կյանքին, ինքնասպանության մասին են մտածում, սակայն հոգեբանների հետ աշխատանքից հետո փորձում են պաշտպանել իրենց սեփական ես-ը»,- ասում է Մոմչյանը:

Կանանց իրավունքների կենտրոնի շուրջօրյա ազգային «թեժ գծեր» են գործում Գավառում, Վանաձորում, Իջեւանում եւ Կապանում: Կենտրոնի փորձագետները նշում են, որ զանգերի ավելանալը կարող է բացատրվել մարդկանց իրազեկվածության աստիճանի փոփոխությամբ, ինչի արդյունքում` աստիճանաբար վերանում է «լռելու մշակույթը»: Շատ կանայք էլ, ձեռնոց նետելով հասարակությանը, ամուսնալուծվում են: Նրանցից մեկն էլ Էլեոնորան է, ով, արդեն 5 տարի է, Երեւանում վարձով է ապրում: Օրվա ապրուստը վաստակում է ձեռագործ աշխատանքներ վաճառելով:

ՀՀ-ում ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք չկա: Կանանց իրավունքների կենտրոնի կողմից դեռեւս 2007թ. մշակվել է «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը 2009թ. ներկայացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն դեռեւս ԱԺ չի մտել: Սպասվում է, որ այն խորհրդարան կմտնի հաջորդ նստաշրջանին:

Հ.Գ. Բռնության ենթարկված կանանց անունները նրանց իսկ խնդրանքով փոխված են:

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Երկիր» օրաթերթի թղթակից