2011 թվականի դեկտեմբերի 19-20-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն էր կազմակերպել Գեղարքունիքի մարզի մի քանի քաղաքներ ու գյուղեր:
Լրագրողական այցելության նպատակը մարզի հեռավոր համայնքներում բնակվող կանանց խնդիրների լուսաբանումն էր:
Վիճակագրական վերջին տվյալներով` մարզի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ինչի հետեւանքով Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:
Այցին մասնակցում էին 4 լրագրող ու 2 ֆոտոլրագրող:
Լրագրողական այցելության ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան անհատական աշխատանք կատարել հենց Մարտունի քաղաքում, որտեղ օրվա առաջին կեսին նաեւ հանդիպում-քննարկում է տեղի ունեցել մարզի պաշտոնյաների, փորձագետների եւ հ/կ ներկայացուցիչների հետ: Լրագրողները եղան նաեւ Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն ու Վարդենիկ համայնքներում, որտեղ շատ արդիական են տղամարդկանց ժամանակավոր միգրացիայի ու դրանով պայմանավորված ,բազմաթիվ այլ խնդիրները:
Այցելության ընթացքում ձեռք բերված նյութերի հիման վրա լրագրողները պատրաստեցին հոդվածներ եւ ֆոտոպատմություններ, որոնցից մի քանիսը ներառել ենք այս ներդիրում: Գեղարքունիքի մարզի կանանց որոշ խնդիրներին նվիրված այս ներդիրով մենք փորձում ենք հասարակության ուշադրությանը ներկայացնել մարդկային պատմություններ, որոնք ավելի խոսուն են, քան թվերն ու վիճակագրությունը, եւ նկարագրում են մայրաքաղաքից հեռու բնակվող կանանց դժվարությունները ու ամենօրյա պայքարը:
Սեդա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի
հայաստանյան գրասենյակի ղեկավար