Գեղարքունիքի մարզում շատ կանայք մի քանի անգամ ընդհատում են հղիությունը` արու զավակ ունենալու համար
Մարտունու ծննդատան բժիշկները աղջիկ երեխաների ծնունդների ուրախ լուրը վախենալով են հայտնում նորածինների հայրերին, որոնք այդ լուրը լսելուց հետո հայհոյանքների տարափ են սկսում հենց ծննդատան բակում:
«Նորահարսը պետք է տղա ունենա: Եթե տղա չի ունենում, ամուսինը համարում է, որ ինքը երեխա չունի: Դա պարզապես դարերից եկած ավանդապաշտություն է. եթե տղա չունես, ծուխ չես ունենա: Շատ ամուսիններ ստիպում են իրենց կանանց, որ սեռը որոշեն, եւ 100% համոզվելուց հետո, որ տղա են ունենալու, նոր թույլ են տալիս նրանց շարունակել հղիությունը»,- ասում է Մարտունու ծննդատան գլխավոր մանկաբարձուհի Սուսաննա Հարությունյանը:
Մարտունու ծննդատան տվյալների համաձայն` 2011 թվականին Մարտունիում եւ հարակից շրջաններում ծնվել է 1283 երեխա, որոնցից 57%-ը` տղա, 43%-ը` աղջիկ:
Հինգ աղջիկների եւ չորս տղաների մայր 85-ամյա Մուրադյան Երազիկը Վարդենիկ գյուղից ասում է, որ Աստված ինչ տվել է, ինքն այն էլ լույս աշխարհ է բերել:
«Հիմա սաղ հանում են աղջիկ երեխեքին, բայց առաջ չէինք կարա հանեինք: Հիմիկվա նման զարգացած չէր: Ինչ էղնում էր, էն էլ բերում էինք»,- ասում է նա:
Վարդենիկի բնակչուհի 46-ամյա Անահիտ Փանոյանն 9 քույր ունի: Նա հիշում է, թե ինչպես է հարեւանը ծեծել մորը, երբ նա հերթական աղջիկն ունեցած հիվանդանոցից տուն է եկել: «Երեսները ճանկռոտեց, արյուն էր գալի: Ասում էր` ինչի՞ պիտի աղջիկ ունենաս: Տղեն տան ծուխն ա, աղջիկը` ուրիշի տան ծուխն ա: Մարդիկ աղջիկ շատ չեն ուզում, որովհետեւ տղեն ժառանգ ա, իսկ ամուսնացնելուց հետո ամուսնու ծնողները թույլ չեն տալիս հարսին, որ իրա ծնողին գնա տեսնի, տիրություն անի»,- ասում է Փանոյանը:
Չնայած սեռի դիֆերենցիացիան սկսվում է հղիության 12-րդ շաբաթից, եւ ըստ Մարտունու ծննդատան բժիշկ-սոնոգրաֆիստ Մուշեղ Իզարյանի` այդ ժամկետից բարձր հղիություն ունեցող կանանց հղիության արհեստական վիժեցումն արգելված է, հղիությունը ընդհատել ցանկացող կանայք դիմում են այլ միջոցների: «Սովորաբար գնում են Երեւան` անհայտ բժիշկների մոտ, կամ դիմում են դեսից-դենից լսված միջոցների. օրինակ` հաբեր են օգտագործում, որ ազատվեն անցանկալի երեխայից»,- պատմում է Իզարյանը:
Մարզում ընդունված է 2-րդ կամ 3-րդ իգական սեռի պտուղը հեռացնել, եւ այս ամենի հետեւանքները երեւում են նաեւ դպրոցներում:
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներում շատ են դասարանները, որտեղ տղաները ճնշող մեծամասնություն են կազմում: Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի երրորդ դասարանում սովորում են 10 տղա, 3 աղջիկ: Ուսուցիչները կատակում են. «Դպրոցական միջոցառումներին ինչպե՞ս են վալս կամ տանգո պարելու»:
Դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Գայանե Խանամիրյանն ասում է, որ նախկինում 1 տղային 9 աղջիկ է հասել, իսկ այժմ` մեկ տղային` 2-3 աղջիկ: Սրան հավելվում է նաեւ այն, որ տղաները դուրս են գալիս հանրապետությունից` արտագնա աշխատանքի:
Գավառի Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի տվալների համաձայն` 2011թ. Գավառում եւ հարակից շրջաններում ծնվել է 557 երեխա, որոնցից 326-ը` տղա, 231-ը` աղջիկ:
35-ամյա Մարինեն (անունը փոխված է) 4 աղջիկներ ունենալուց հետո վերջապես արու զավակ է ունեցել: «Շատ ենք ուզել, որ տղա ունենանք: Վեց անգամ աբորտ եմ արել, որտեւ սաղ աղջիկ էին: Էդ ա, ուզես-չուզես, մի հատ տղա պետք ա բերես: Ես 6 անգամ աբորտ արեցի, բայց հանելուց մի անգամ բժիշկը ասեց, որ տղա ա էղել. էխոն սխալ էին ասել: Էդքան աբորտներից հետո, հիմա կանացի խնդիրներ ունեմ, էդ տղես հազիվ բերեցի. կեսարյան հատումով»,- պատմում է Մարինեն:
Եթե պարտադիր տղա ունենալը Մարինեի դեպքում իր ցանկությունն էր, Գավառի բնակչուհի 19-ամյա Ռուզաննայի (անունը փոխված է) դեպքում` իր ամուսնունն էր ու սկեսուրինը:
«Հաշմանդամների մայրերի խորհուրդ» հ/կ նախագահ Նարինե Թոռչյանը պատմում է. «Ռուզաննան 19 տարեկան է, 2 աղջիկ ունի: Դրանից հետո 4 անգամ ընդհատել է հղիությունը` տղա ունենալու համար: Հետո 3-րդը տղա ունեցավ, բայց երեխան ոտքի խնդիր ունի, նորմալ չի կարողանում քայլել: Դա էլ` այդքան աբորտների հետեւանքը»:
Բացի Երեւանի անհայտ բժիշկների մոտ երեխայի սեռը որոշելուց ու հղիությունը 12 շաբաթականից հետո ընդհատելուց, մարզի կանանց շրջանում մեծ տարածում ունեն տատմերերի` սեռը որոշելու հաշվարկներն ու գուշակությունները: «Կոֆե են շուռ տալիս, շատ խնձոր են ուտում, որ տղա լինի: Մարզում տարածված է նաեւ այն միտքը, որ եթե հղի կինը քնկոտ է լինում, ուրեմն տղա պետք է ունենա, իսկ եթե աշխույժ է, ապա` աղջիկ,- ասում է մանկաբարձուհի Սուսաննա Հարությունյանը,- Նաեւ աղ են քսում հղիի գլխին թաքուն: Կախված կնոջ ձեռքի շարժումներից` այդ պահին որոշում են` տղա՞ է ունենալու, թե՞ աղջիկ: Իսկ կոֆեի բաժակի մեջ եթե տանձ հայտնվի, դա նույնպես տղա ունենալու նշան է»:
«Ի՞նչ ես աղջիկներ ջերգում (շարում.- Լ.Ա.)»,- մարզում ընդունված է ասել մեկից ավելի աղջիկ ունեցող մայրերին:
Նոր երեխա ծնվելու դեպքում մեկ այլ ասույթ էլ ասում է. «Ռղզով, կսմթով երեխա լինի (ունենա բարեկեցիկ կյանք), աղջիկ թե տղա` կապ չունի»:
Լուսինե ԱՎԱԳՅԱՆ
Ազատ լրագրող