ՀՀ վիճվարչության տվյալների համաձայն` Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկում (աղքատ են ճանաչվել նաեւ Շիրակի ու Կոտայքի մարզերը)` Գեղարքունիքում, բնակչության 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով` մարզի տղամարդկանց 80 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ կանայք տեղում փորձում են հաղթահարել սոցիալ-տնտեսական բազում խնդիրները:
Մարզի կանանց ճակատագրերը, կարծես, միանման են. սեփական կյանքին վերաբերող վճռորոշ որոշումների հեղինակները երբեք իրենք չեն: Ապրում են հեզ ու խոնարհ այն ընտանիքներում, անգամ, եթե այնտեղ իշխում է ծեծն ու նվաստացումը:
10 երեխաների մայր, 28 թոռների եւ 9 ծոռների տատ 74-ամյա Ռազմիկը, ում անունը իրականում Մարգարիտ է, պետությունից ստացել է «Մայր հերոսուհի» շքանշանը եւ ավտոմեքենա: Ապրում է Վարդենիկ գյուղում: Ժամանակին ամուսնացել է հորաքրոջ կամքով: Ամբողջ կյանքում ծառայել է սկեսուրին, այսօր էլ իր հարսներն են իրեն ծառայում: «Իմ հարսները մինչեւ հիմա իրանց սկեսրայրի հետ հաց չուտեն: Խինգը հարսն էլ: Տղամարդ են, կուտեն, կխմին, կելնին, մենք էլ հետո կնստինք կուտենք: Հինգ հարսին էլ ես ընտրեր եմ»,- ասում է Ռազմիկը:
29-ամյա միայնակ մայր Քրիստինե Մոսեյանը ապրում է Մարտունիում:
«Ըտենց իրիկուն չկա, որ ես իմ երեխեքի հետ չլացեմ: Գիտե՞ս քանի անգամ եմ փորձել ինքնասպանություն գործել… բայց երեխեքս ասել են` մամ, մեզ ո՞ւմ ես թողնում…»,- պատմում է երեք երեխաների մայրը:
Ամուսինը Քրիստինեին փախցնում է, երբ նա դեռ վեցերորդ դասարան էր, սակայն համատեղ ամուսնական կյանքը չի ստացվում: Ծեծն ու նվաստացումն ամուսնու կողմից վերջնականապես բերում են ընտանիքի քայքայմանը:
Այսօր Քրիստինեն ապրում է Մարտունիի Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը պատկանող շենքի մի փոքրիկ սենյակում եւ ասում է, որ իր միակ սեփականությունը երեխաներն են: Նրա ընտանեկան բյուջեն կազմում է 33 հազար դրամ ընտանեկան նպաստը, որը չի բավականացնում ոչ սննդի, ոչ հագուստի, ոչ հոսանքի համար: Նրա հետ նույն հարկի տակ է ապրում քույրը` Հայարփին` երկու երեխաների հետ, ում ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել Ռուսաստան:
Չնայած դժվար կյանքին ու անհաղթահարելի դժվարություններին, Քրիստինեն խոստովանում է. «Գոնե ծեծ ու ջարդ չունեմ գլխիս»:
Գեղարքունիքում դեռ երիտասարդ տարիքից աղջիկները գիտեն, որ ամուսնանալուց հետո պետք է հեզ ու խոնարհ լինեն ամուսնու ընտանիքում:
Վարդենիկում ապրող 17-ամյա նորահարս Լիանան, ով մասնագիտությամբ դիզայներ է, ասում է, որ պետք է հարմարվի ու հարգի 23-ամյա ամուսնու` Արմենի ծնողներին, հաշվի նստի նրանց հետ, նրանք իր երկրորդ ծնողն են:
Լիանայի ամուսնու ընտանիքն ապրում է կիսավեր, խունացած ու ցուրտ սենյակներով տան մեջ: «Ամբողջ օրը տանն եմ անցկացնում` փոշիներն եմ հավաքում, մաքրում, լվացք եմ անում: Եթե, ասենք, Արմենը ջղայնացած գա տուն, պիտի չխառնվեմ»,- պատմում է նորահարսը:
Ի տարբերություն շատերի, որոնք իրենց կանանց փախցնում են, Արմենն ու Լիանան նշանվել են, հետո ամուսնացել: «Ինձ համար կարեւոր ա բնավորությունը, որ ծնողներիս հարգի: Լիանան շատ հասկացող ա, եթե մի բան չի ջոկում, փոքր ա, շուտ հասկանում ա, ինչ ասեմ, տենց ա: Ինչ տենա, սովորում ա»:
Արմենը աշխատանք չունի, հույս ունի մի օր լավ աշխատանք գտնել:
Անահիտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Եվրասիա Նետ