Տղամարդ-կանանց միայնակության մատնված ճակատագրերը

26/01/2012

Գեղարքունիքի մարզի գյուղերում կանայք կեսկատակ իրենց անվանում են` «տղամարդ կին». այստեղ տարվա մեծ մասը կանանց ուսերին են հող մշակելուց` մինչեւ երեխա մեծացնելու պարտականությունները: Շատերի ամուսինները իրենց կողքին չեն, այլ ընտանիքի համար գումար են վաստակում արտագնա աշխատանքով` Ռուսաստանում: Գեղարքունիքի մարզի 17.000-20.000 բնակիչներ ամեն տարի մեկնում են արտագնա աշխատանքի: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Գեղարքունիքը հայտնի է որպես Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների ամենաբարձր ցուցանիշ ունեցող մարզ: Պաշտոնական տվյալներով, 243.000 բնակչության 8 տոկոսը աշխատանք է որոնում այլ երկրներում:

Ներքին Գետաշեն գյուղի բնակչուհի Շուշան Հովակիմյանն ուսուցչուհի է: Շուշանը ապրում է 66 տարեկան սկեսրոջ ու երկու տղաների հետ: Նրա ամուսինը արտագնա աշխատանք է գտել Ռուսաստանում: «Ամուսինս վերջին անգամ 2 տարի առաջ է եկել, չի կարողանում հաճախ գալ,- ասում է Շուշանը,- գոնե գա, ծեր մորը տեսնի, ես դե` ոչինչ: Շատ եմ վախենում ամուսնուս կորցնել, բայց ինչ կարող եմ անել»:

Մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակչուհի 50-ամյա Լարիսա Վարդանյանի ամուսինը` Սամվել Ղազարյանը, 15 տարի շարունակ մեկնում էր արտագնա աշխատանքի: Վերջին տարիներին նա այլեւս չի կարողանում հեռանալ գյուղից. պատճառը կնոջ հիվանդությունն է: Նա ստիպված էր վերադառնալ գյուղ` երեխաներին եւ կնոջը պահելու համար: Ստացվում է այնպես, որ այս ընտանիքում ամուսինները մի հարկի տակ երկարաժամկետ սկսեցին ապրել այն բանից հետո, երբ կինն արդեն վատառողջ է: Տղամարդկանց համար Գեղարքունիքում մնալը տնտեսական առումով այնքան էլ նպաստավոր չէ: Մարզի 49 բարձր լեռնային գյուղերում գյուղատնտեսությամբ զբաղվելը ձեռնտու չէ. ձմեռն այստեղ կարող է տեւել մինչեւ վեց ամիս:

50-ամյա Ժաննա Մանուկյանը ծնվել է Արարատի մարզի Այգեվան գյուղում: Արցախյան ազատամարտի մասնակից է, 3-րդ կարգի հաշմանդամ, պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով: Նա այժմ բնակվում է Մարտունի քաղաքի նախկին սանէպիդկայանի կիսաքանդ շենքում: Ժաննան ալկոհոլային կախվածություն է ձեռք բերել: Խմիչքի ազդեցության տակ մարմնական վնասվածք հասցնելու պատճառով դատապարտվել է: Միակ որդին` 15-ամյա Գեւորգն, արդեն մեկ տարի բնակվում է Գավառի մանկատանը: Մանկատուն Գեւորգն իր նախաձեռնությամբ է եկել, երբ իր կյանքն անտանելի էր դարձել հարբեցող մոր հետ:

Ինա ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ազատ ֆոտոլրագրող