Գավառի մանկատան շրջանավարտներն այս տարի 6 աղջիկ են: Գիշերները մանկատան տաք ու հարմարավետ ննջարանում պառկած` նրանք քչփչում են ապագա կյանքի մասին` շուտով մեն-մենակ են ապրելու. պատկերացնում են, թե ինչպես են լավ տղայի հանդիպում եւ ամուր ընտանիք կազմում: Սակայն ամենաառաջնային երազանքը նրանց համար բուհ ընդունվելն է եւ ուսումը շարունակելը:
Ուղիղ 5 ամիս հետո աղջիկները կհավաքեն իրենց իրերն ու դուրս կգան մանկատնից: Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանն ասում է, որ նրանց գնալու վայրը դեռեւս անորոշ է: 2012թ. ՀՀ պետական բյուջեում նախատեսված չէ մանկատան շրջանավարտներին բնակարան հատկացնելու հարցը: Աղջիկները սովորում են Գավառի ավագ դպրոցում: Ասում են, որ դասընկերները եւ ուսուցչական անձնակազմը մանկատան երեխաներին լավ են վերաբերվում, որեւէ խտրականություն չեն դնում:
Մանկատան դաստիարակչուհիներից Կարինե Խաչիկյանը պատմում է, որ գավառցիները հիմնականում չեն ամուսնանում մանկատան սաների հետ:
Երեւանում ծնված, գավառցու հետ ամուսնացած, 58-ամյա Թամարա Բադալյանն ասում է. «Եթե իրանց տղան քյոռ-թոփալ, խելապակաս լինի` կարող ա մանկատնից աղջիկ բերեն քյավառցիք. թե չէ` չեն բերի` շա՜տ ավանդապաշտ են»:
29-ամյա Ռասուխովա Ռուզաննայի ամուսինը կոտրել է կարծրատիպերն ու ամուսնացել մանկատան նախկին սան Ռուզաննայի հետ: Նրանք արդեն մեկ տարեկան փոքրիկ ունեն:
«Ինձ դրսում տեսել հավանել էր ամուսինս: Ամուսնուս հարազատներն էլ ինձ շատ լավ են վերաբերվում, հարեւաններն էլ միշտ հարցնում են` ոնց եմ»,- պատմում է Ռուզաննան: Ասում է, որ ամուսնու ծնողները երեխա չեն ունեցել, եւ իր ամուսինը «վերցրած երեխա ա եղել»:
Մանկատան վերջին խմբում ապրող աղջիկներն ուրախ-ուրախ ասում են, որ չեն պատրաստվում ոչ Գավառ հարս գնալ, ոչ էլ մայրաքաղաք. նրանք ուզում են «ամուսնանալ ինստիտուտների հետ»: «Երազում եմ թատերական ընդունվել ու ճանաչված դերասանուհի դառնալ: «Ռոմեո եւ Ջուլիետն» իմ ամենասիրած պիեսն է»,- փայլող աչքերով պատմում է 18-ամյա Սվետլանա Անտոնյանը:
Նա հաճախում է Գավառի Լեւոն Քալանթարի անվան թատրոնին կից թատերական խմբակ, Գավառի մանկատանն է 10 տարեկանից: Երազելով ուսում ստանալ մայրաքաղաքում, Սվետլանան չի պատկերացնում այն օրը, երբ ստիպված կլինի հրաժեշտ տալ մանկատանը:
«Երբ գնամ Երեւան` կկարոտեմ բոլորին, համ էլ դեռ չգիտեմ` որտեղ կապրեմ, բայց դա խնդիր չի, իմ տնօրենը կդասավորի»,- վստահորեն ասում է Սվետլանան:
Տնօրեն Նալբանդյանի հետ է կապում իր հետագա բնակության վայրը նաեւ Սոնա Քոչարյանը, ով պատրաստվում է դիմել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: «7 տարեկան եղբայրս եւ 9 տարեկան քույրիկս մեր մանկատանն են, ու այն միտքը, որ պիտի մայրաքաղաք գնամ ու իրենցից հեռու լինեմ` ինձ տխրեցնում ա, բայց ախր երազում եմ էնտեղ սովորել»,- ասում է նա: Սոնայի ամենասիրած գեղարվեստական գիրքը «Ջեյն Էյրն» է: Ասում է, որ գրքի հերոսուհին մանկատան աղջիկ է, ով մանկատնից դուրս գալուց հետո դաժան ճակատագիր է ունենում: Ոչ ոք նրան չի ընդունում, չեն հավատում նրա ուժերին: Սոնան գիտի, որ մանկատան սաների համար «հետո»-ն այդքան էլ հեշտ չի լինում:
«Տարբեր սեմինարների ենք մասնակցում, շփվում մանկատունը ավարտած մարդկանց հետ, իրենք մեզ պատմում են` ինչ դժվարություններ կան այս պատերից դուրս»,- ասում է նա:
Հաճախ է մտածում 5 ամսից սկսվող նոր կյանքի մասին: Վստահ է, որ պետք է ազնիվ ու անկեղծ լինել, ու քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին կաս:
Մանկատան շրջանավարտ Լուսինե Սիմոնյանն ասում է, որ մանկատան բոլոր սաներն են երազում ամուր ընտանիքի մասին, սակայն հաճախ հակառակն է լինում:
«Շատերը չեն թողնում, որ իրանց երեխեքը ամուսնանան մեզ հետ… դե, որ մանկատնից ենք, այդ պատճառով»,- ասում է նա:
Քնքշանքով են հիշում մանկատան ընկերներին, որոնց հետ մի ընտանիք են, աղջիկների անուններ, ափսոսանքով խոսում նրանց այսօրվա ճակատագրի մասին: «… Մեր աղջիկներից Դուբայում էլ են աշխատում, Թուրքիայում էլ: Մեկն արդեն էստեղ ավտո ա առել»,- ասում է Թեհմինեն:
Տղաներին հիշելիս` ասում են, որ շատերը պետությունից բնակարաններ են ստացել, աշխատանք ունեն: «Մի շրջան կար, բոլորը բանտում էին: Մեր տղերքից մեկը դուրս էր գալիս, գնում էլի գողություն էր անում, որ նստացնեն, ասում էր` տաք տեղ ա, ուտելու բան կա, դրսում մնամ` ո՞նց անեմ»,- պատմում է Լուսինեն:
Թեհմինեն` Լուսինեի քույրը, երկու երեխա ունի: Շուտով կծնվի նաեւ երրորդը: Ինքն է աշխատում ընտանիքի ապրուստը հոգալու համար: Ամուսինը գործազուրկ է: 2007թ. մեկ սենյականոց բնակարան են ստացել պետությունից: Բնակարանի պայմաններից գոհ չէ, բայց փառք է տալիս Աստծուն, որ գլխին տանիք ունի:
Այս տարվա շրջանավարտ 6 աղջիկներից մի քանիսին մանկատան տնօրեն Նալբանդյանն առաջարկել է շարունակել ուսումը Գավառում` մանկատանն ապրելով:
«Ներքին կարգով եմ ասել, եթե մի երկու երեխա մյուսների հացից ուտեն, հո մնացածի հացը չի՞ պակասի: Եթե ուզեն Երեւանում ուսանել, իհարկե թող գնան, բայց անորոշ է բնակության հարցը»,- ասում է մանկատան տնօրենը:
Ըստ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի (29.05.1996թ.) եւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի (24.09.2002թ. ՀՕ-421-Ն) 9-րդ հոդվածի` 18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն եւ վերջին 5 տարիներին չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:
ՀՀ կառավարության «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» համապատասխան որոշումը սահմանում է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` ներկայումս առանց ծնողական խնամքի մնացած` բնակմակերեսի կարիք ունեցող պետության կողմից հաշվառված մանկատան շրջանավարտների թիվը շուրջ 200 է: Պետբյուջեի սղության պատճառով 2012-ին գումար չի հատկացվել մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման համար:
2012-ին ՀՀ մանկատների շրջանավարտները թվով քսանն են:
Արփի ՄԱՂԱՔՅԱՆ
«Հայնյուզի» թղթակից