Գեղարքունիք. կանանցից շատերն իրենց անվանում են տղամարդ-կանայք

26/01/2012

Հայաստանի հյուսիս-արեւելյան հատվածում սփռված Գեղարքունիքի մարզը հայտնի է որպես արտագնա աշխատանքի մեկնողների ամենամեծ ծավալն ունեցող մարզ:

Դեռեւս խորհրդային տարիներից պահպանված ավանդույթը`մեկնել արտագնա աշխատանքի, վերջին 20 տարում ավելի է մեծացել: Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով` աշխատունակ տղամարդկանց 80 տոկոսը մեկնում են արտագնա աշխատանքի:

Մարզում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Լյուդմիլա Գրիգորյանը ասում է, որ մարզի կանայք հանգիստ են ընդունում ամուսիների` «խոպան» մեկնելու փաստը:

«Ուրախանում են, որ գոնե կարողանում են մի գործ ճարել ու գնալ աշխատելու: Կյանքը ստիպել է, որ այստեղ կանայք տղամարդկություն ձեռք բերեն, տղամարդ-կին լինեն: Ոչ մի կին էլ չի ուզենա հոգսի տակ մտնել ու իրեն տղամարդ-կին զգալ»,- ասում է նա:

Մարզի 5 քաղաքային եւ 87 գյուղական համայնքներում, որոնցից 49 բարձր լեռնային գյուղերում են գտնվում, եւ որտեղ տարվա կեսը ձմեռ է, միայնակ մնացած կանայք առանց տղամարդու «ուժեղ ձեռքի» վարում են հսկայական տնտեսությունները` մշակում հողը, զբաղվում տան ու երեխաների հոգսերով:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Մարտունու թիվ 1 դպրոցի տնօրեն Խանում Ղազարյանն ասում է, որ բացի սոցիալ-տնտեսական խնդիրներից, բազմաթիվ են կանանց առողջական խնդիրները, ինչը կապված է նրանց ցածր կրթական մակարդակի հետ:

«Առանց գիտելիքների ամուսնանում են, ինչը բացասաբար է ազդում վերարտադրողական առողջության վրա: Ժամանակին չեն դիմում բժշկի, իրենց առողջությամբ չեն հետաքրքրվում: Արդյունքում` երիտասարդ տարիքում բազմաթիվ հիվանդությունների տեր են դառնում,- ասում է Ղազարյանը,- Այստեղ կանանց մոտ ամոթի զգացումն ավելի մեծ է, քան սեփական «ես»-ի նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը»:

Ղազարյանը, հղում անելով Մարտունու բժշկական կենտրոնի տվյալներին, ասում է, որ Մարտունիում բժշկի դիմած կանանց 60%-ի մոտ սեռավարակներ են հայտնաբերվել: «Կանայք իրազեկ էլ չեն, որ սեռավարակների դեպքում պետք է անմիջապես բժշկի դիմեն, որ ժամանակին բուժվեն: Իսկ հիվանդանոցից խուսափելու պատճառն ամոթն է: Ամաչում են, որ իրենց մոտ կարող է սեռավարակ հայտնաբերվել: Հայտնաբերվելու դեպքում էլ նրանք մարզում չեն բուժվում, որպեսզի ոչ ոք այդ մասին չիմանա»,- ասում է դպրոցի տնօրենը:

Սեռավարակների պատճառն արտագնա աշխատանքի մեկնող ամուսիններն են, որոնք տարվա վերջին վերադառնում են` իրենց կանանց նվիրելով սեռավարակների մի ամբողջ «փունջ»: Մարտունիի հիվանդանոցի տվյալներով` մարզի կանանց շրջանում ավելացել են նաեւ ողնաշարային հիվանդությունները, որոնց առաջացման պատճառը ծանր ֆիզիկական աշխատանքն է: Ավելացել են նաեւ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության դեպքերը: Այս հիվանդության տարածվածության առումով Գեղարքունիքը հանրապետության առաջին մարզն է:

Կարմիր գյուղի ընտանեկան բժշկուհի Լուսինե Մուսոյանի խոսքով` այս հիվանդությունը երիտասարդացել է: «Վերջին տարիներին 30-40 տարեկան կանանց մոտ է նաեւ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել: Բժիշկները չգիտեն, թե պատճառը որն է, հետազոտություններ չեն արել: Ենթադրվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի ավելացումը կապված է անկանոն սեռական կյանք վարելու եւ սթրեսների հետ, որոնց հաճախ են այստեղի կանայք ենթարկվում»,- ասում է Մուսոյանը:

Մարզի Ներքին Գետաշեն գյուղից հինգ երեխաներ եւ 12 թոռներ ունեցող 75-ամյա Սոֆյա Պետրոսյանը զուգահեռներ է անցկացնում այսօրվա եւ նախկին կանանց միջեւ: Դժգոհ է, որ այսօրվա կանայք քիչ են երեխաներ ունենում, սահմանափակվում են մեկով կամ երկուսով, մինչդեռ իրենց տարիներին 8 երեխա էին ունենում:

Գնահատում է կանանց տանջանքները։ «Կարտոլ, քյալամ են մշակում, ընտանիք են պահում,- ասում է նա եւ ավելացնում,- Մեր ժամանակ լավ կապրեին կանայք»:

Բացի այն հանգամանքից, որ մարզում կանանց ուսերին է ընտանիքի ամբողջ հոգսն ու ծանրությունը, նրանցից շատերը ենթարկվում են նաեւ բռնությունների, ինչն այստեղ վերածվել է ավանդույթի:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հ/կ-ի նախագահ Անահիտ Գեւորգյանն ասում է, որ Գեղարքունիքում նորմալ է համարվում կնոջ վրա ձեռք բարձրացնելը: Իսկ իրենց դիմում են միայն այն կանայք, որոնց համբերության բաժակը լցվում է:

Գեւորգյանը պատմում է Մարտունիում վերջերս տեղի ունեցած ամենաթարմ դեպքերից մեկը: «Ամուսինն ու սկեսուրը մոտ մեկ ամիս առաջ դաժանորեն ծեծել են երիտասարդ հարսին: Ծեծի արդյունքում 20-ամյա կինը կորցրել էր երեխային, որի ծնվելուն մնացել էր ընդամենը մեկ ամիս: Կնոջ կյանքն էլ հազիվ էին փրկել: Ծեծի պատճառն աննշան մի դեպք է եղել` խմիչքի հետ սեր ունեցող ամուսինը կնոջն ուղարկել է օղու հետեւից: Վերջինս էլ չի գնացել եւ ամուսնուն հորդորել է քիչ խմել»,- պատմում է հ/կ-ի նախագահը:

Տուժած կինը «Կանանց համայնքային խորհուրդ» չի դիմել: Նա վերադարձել է դաժան ամուսնու ու սկեսրոջ մոտ եւ շարունակում է նրանց հետ ապրել նույն հարկի տակ:

«Գեղարքունիքում տղամարդիկ ծեծում են, իսկ կանայք լռում են ու հանուն իրենց ընտանիքների` շարունակում ապրել բռնակալ ամուսիների կողքին»,- ասում է Գեւորգյանը:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք» օրաթերթի թղթակից