Մահվան վախն աննկատ սողում է Սանամի տան երկայնքով մեկ: Ընտանիքի անդամներն ապրում են վաղը կրկին 30 տարեկան Սարգիսին տեսնելու հույսով: Ամեն օրվա լուսաբացը Սարգիսի չորս տղաների համար կասկածելի է թվում այնքան ժամանակ, մինչեւ հորը բաց աչքերով չեն տեսնում: Մեծից փոքր դժբախտության են սպասում, բայց բավարարվում են ամեն օրվա Սարգիսի ապրելը հաղթահարելով: Մայրը` Սանամը, պոռթկալով բղավում է. «Տունս սուգը մտավ, բալես»: Հետո, երբ սթափվում է` գոհանում է, որ տղան այսօր էլ ապրեց: Այսօրվա ապրելու զգացումը «սպանում» է 51-ամյա կնոջը, քանի որ վաղվան վախով դիմավորելուց սոսկալի բան չկա: Տագնապն անհանգիստ թափառում է Սանամի տանը, որտեղ ապրող երեխաները դժբախտ տեսք ունեն: Մահվան դաժանության մասին շատ պատմություններ են լսել, բայց հորը կորցնելու գիտակցությունից` շփոթված, շվարած են:
Բոլորը խոսում են Սարգիսի կյանքը փրկելու մասին, իսկ նրա չորս տղաները դեռ փոքր են` հասկանալու համար, որ անհայր մեծանալը նույնքան ցավոտ է, որքան որդի կորցնելը: Տղաներից մեծը` 10 տարեկան Գոռն, ավելի հասուն հայացքով նայում է եղբայրներին, հետո` հորը ու, շաղվելով տատի «ոռնոցի» մեջ, իրեն անպետք փալասի պես գցում է կոտրված բազմոցին: Սանամի տանն աթոռ չկա, որ ինձ ինչպես հարկն է` տեղ տան: Երեխաներին «իրար գլխի լցնելով», գետնից մի թիզ բարձր բազմոցն են առաջարկում: Անհանգիստ գոռում է. «Նարեկ, բալես, էս աղջիկը սաթրջան եղավ: Երեկվա բերած զիբիլներից մի երկու կոշիկ վառի: Պաղել ա սա»: Նարեկը տեղից ցատկելով մեծավարի վառարանն է բզբզում` հյուրի պատրվակով սեփական մարմինը տաքացնելու ոգեւորությամբ: Սանամի տունն էնքան ցուրտ է, որ փողոցի ցրտին սովոր շունը կսատկեր: Ասում է` «Էս մի տարի ա, ով ա ցուրտ զգում: Տղուս կյանքը մազից ա կախված: Էս ինչ ցավ ա, այ բալիկ ջան, էս ինչ դժբախտություն ա, դու չես հասկանա: Ամեն օր զարթնում եմ երեխուս կորցնելու վախով: Ամեն վայրկյանս մահվան սպասելով ա անցնում: Խեղճ երեխես… էս ո՞նց պատահեց, էս ինչի՞ սենց եղավ: Աստված ջան, ի՞նչ մեղք եմ գործել, որ ինձ սենց տանջում ես»: Սանամն էնպես է մղկտում, որ թոռները հավաքվում են շուրջն ու սկսում են նրա ձեռքերը շոյել:
Մեկ տարի առաջ Սարգիսին անակնկալ սուր ցավերով ու գանգատներով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ երկար հետազոտություններից հետո ախտորոշվել է քրոնիկական երիկամային անբավարարություն հիվանդությունը: Մեկ տարի շարունակ հեմոդիալիզ ստանալուց նա մաշվել ու հյուծվել է: Կապրի այնքան, որքան հնարավոր է ապրել դիալիզ ստանալով: Մայրն ասում է` մասնագետները տեղեկացրել են, որ անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն կատարել, քանի որ երիկամի փոխպատվաստման ճանապարհով որդու կյանքը կհաջողվի փրկել: Սակայն «Արաբկիր» բժշկական կենտրոնում կատարվող փոխպատվաստման համար անհրաժեշտ է դոնոր երիկամ գտնել: «Ասեցին, որ դա շատ թանկ միջամտություն ա, մոտ 60.000 դոլար ա պետք: Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ա` իմանալ, որ երեխուդ կյանքը կարող ես փրկել, բայց չկարողանաս: Էս անճարությունից ես չեմ ուզում ապրել, հավատա: Չգիտեմ` ի՞նչ անեմ: Առաջ ամաչում էի, բայց հիմա պատրաստ եմ գնալ, մարդկանց ոտքերն ընկնել, մուրացկանություն անել, ուրիշների ոտքերը պաչել, մենակ թե երեխուս կյանքը փրկելու հարցում օգնեն»,- աչքերն ափերի մեջ առած` հեկեկում է Սանամը: Սարգիսն իրեն դուրս է գցում, ու ուժեղ հարվածից դռան շրխկոցն անհետացնում է նրան:
Առնետը վնասել է երեխայի աչքի բիբը
Սարի թաղի 2-րդ շարքի 35 տունն անդուր է, չհանդուրժվող, անտանելի ու նողկալի: Չորս երեխաները մեծանում են բետոնի ու սարսափելի չքավորության մեջ: Կյանքն, ասես, մեռած է, ու մարդիկ ապրում են բնազդով, կյանքը վաղն էլ սպառելու հույսով: Չորս երեխաներից երեքը դպրոցական են, սակայն ոնց էլ լինի` ուսումնական տարում երեքից մեկն ինչ-որ փուլում հրաժարվում է դպրոց գնալ: Ոնց էլ լինի` երեխաների ծնողներն ինչ-որ փուլում կանգնում են փաստի առաջ. «Մեկինն առնում ես, մյուսինը վերջանում ա: Մեր ամբողջ տան հոգսը հիմա դեղորայքն առնելն ա: Մյուս կողմից էլ` դիալիզ ստացող մարդու համար խիստ դիետա ա պետք, իրա սնունդը լրիվ պիտի ուրիշ լինի: Առաջ Սաքոս, որ հիվանդ չէր` աշխատում էր. Գումի շուկայի մսի պասաժներում բանվորություն էր անում, երեխեքի հոգսերը լուծում էինք, բայց հիմա… Հիմա անգործունակ ա, ոսկորները փափկել են, դիալիզից կամաց-կամաց փշրվելու վտանգ կա»: Էս վերջերս 8-ամյա Տիգրանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու պնդում է, որ այլեւս դպրոց չի գնալու: Մի աչքի տեսողությունը կորցրել է ու թեեւ ակնոցով է կարդում, բայց միեւնույն է` աչքը ցավում է: Տիգրանի աջ աչքի տակ մանր վերքեր կան, իսկ բիբի վրա` քերծվածք: «Տարիներ առաջ էր. մի օր արթնացանք, տեսնենք` երեխու դեմքին լրիվ արյուն ա: Վախից չորացանք, իմացանք քիթ-բերանից արյունահոսել ա: Տարանք հիվանդանոց ու ի՞նչ պարզենք. գիշերը կռիսը երեխու աչքը կրծել ա ու բիբը լրիվ վնասել ա»,- պատմում է երեխայի տատիկը` ասելով, որ իրենց տան տակով կոյուղագիծ է անցնում, որի պատճառով առնետները տանը վխտում են: Հիմա Տիգրանի աչքին մշտապես վերքեր են գոյանում, քանի որ այդ դեպքից հետո առնետից վարակ է անցել, եւ թարախային զանգվածի արտահոսք է լինում: Առայժմ աչքն ինֆեկցիայից հնարավոր չէ ամբողջովին մաքրել: Բժիշկները հորդորել են սպասել երեխայի չափահաս դառնալուն, որից հետո նոր վիրահատություն կկատարեն: Տեսողությունը փրկել այլեւս հնարավոր չէ, քանի որ առնետը խորը վնասվածք է հասցրել հենց բիբին, բայց վարակը վերացնելու հույս դեռեւս կա: Սանամը վստահեցնում է, որ մթնելուն պես առնետների հետ կռիվ են տալիս: «Առաջ երեխուն բժիշկների հսկողության տակ էինք պահում, շատ հետեւողական էինք, բայց հիմա Սաքոյիս հետ պատահածն ամեն ինչ մոռացնել ա տվել»: Մի աչքի տեսողությունից զուրկ Տիգրանը հաճախ հրաժարվում է ճաշելուց` կարծելով` այդ զոհաբերությամբ հոր կյանքը կփրկի: «Որ պապաս լավ սնվի ու չմահանա»,- ասում է նա:
Բեգլարյանին 4 մլն պարտք է
Սանամ Մանասյանը վստահեցնում է, որ ինքը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին պարտք է 4մլն դրամ: Նրա սեփականություն հանդիսացող հացի արտադրամասից 90 դրամով հաց է վերցրել եւ «Գումի» շուկայի մերձակայքում վաճառել է 100 դրամով: Մի խոսքով` 10 դրամ շահույթի ակնկալիքով հացի առեւտուր է արել: «Ես հացի գործարանի շեֆի հետ խոսեցի, խնդրեցի, որ հացը տա` ես վաճառեմ, ու էդ 10 դրամ օգուտով երեխեքին պահենք: Անցած տարի, որ Սաքոյիս մոտ էս ծանր հիվանդությունը հայտնաբերվեց` մեզնից բժիշկները 450.000 փող ուզեցին: Ես գործարանի շեֆին խնդրեցի` նիսյայով ինձ հաց տա, ու էդ հացը ծախելով` բուժման փողը տվեցի: Հա ասեցի` կտամ, կփակեմ, բայց ո՞նց տամ, եթե հիվանդանոցի դռներում ենք ամեն օր»,- պատմում է նա` հավելելով, որ գործարանի ղեկավարը ներկայումս պահանջում է փակել ամբողջ 4մլն դրամի պարտքը: Սանամն ասում է, որ չի կարող դժգոհել, քանի որ հացի արտադրամասի ղեկավարը բարի կամք է դրսեւորել եւ օգնել է իրեն, բայց մյուս կողմից էլ` չի կարողանում պարտքը մարել, որպեսզի կարողանա առեւտուրը շարունակել: Ասում է` հավանաբար կդիմի Գ. Բեգլարյանին եւ պարտքը մարելու համար ժամանակ կխնդրի, հակառակ դեպքում` չորս թոռները կզրկվեն նաեւ օրվա հացը վաստակելու միջոցից. «Էս պահին հարսս ա կանգնած հաց ծախում, որ ես քեզ ընդունեի: Հերթափոխով կանգնում ենք, էլի: Ամեն հացից 10 դրամով էլի օրվա հացն ապահովում ենք: Սարգիսի դեղերը Գերմանիայից են բերում, շատ թանկ են: Փարոս-մարոս սաղ դեղերին ենք տալիս»: Ասում է` Էրեբունի բուժկենտրոնում հիմա տղան անվճար է դիալիզ ստանում, քանի որ արդեն հաշմանդամության կարգը հաստատված է, սակայն դեղորայքից որոշ մասի համար հիվանդն է վճարում. «Չէ, ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն չունենք: Մեզ շատ լավ են վերաբերվում: Ախր, եթե իմանայիր` ինչ ա էդ դիալիզը, ինչ մահացու բան ա: Օր ու մեջ աչքիս առաջ երեխուս ամբողջ արյունը քաշում են` դառնում ա դիակ: Պատկերացրու, չեմ կարում ներկա լինեմ, հարսիս եմ ուղարկում, որ տանի դիալիզի: Գիտե՞ս, ես առանց ամուսին երեք երեխա եմ պահել, շատ մեծ դժվարություններ եմ տեսել: Հարսս էնքան լավ աղջիկ ա, էնքան եմ խղճում իրան, որ ջահել-ջահել էս դժբախտությունն ա տեսնում»:
Բարկությամբ ներս է մտնում Սարգիսը: Մոր թաց աչքերն ու իր հավանական մահվան մասին խոսակցությունները «սպանում» են նրան: Արհամարհական նայում է շուրջը, սկսում է ցինիզմով ծիծաղել: Տղաներին «արա»-ով է դիմում, իսկ մոր վրա բղավելով` վիրավորական խոսքեր է շպրտում: 30-ամյա Սարգիսն, ասես, փողոցում լինի, որի համար արդեն միեւնույն է, թե ինքը ուր է, ինչ տպավորություն է թողնում, ու ինչ կմտածեն իր մասին: Երեխաներն անվրդով պտտվում են նրա շուրջը ու կատարում բոլոր հրամանները:
Հ.Գ. Ս. Մանասյանի որդու վիրահատության համար պահանջվող գումարի հարցում աջակցելու խնդրանքներին ի պատասխան` մենք առաջարկեցինք բանկում հաշվեհամար բացել: Մեր թերթի առաջիկա համարներում կտպագրենք հաշվեհամարի տվյալները: