«Օսկար» 2012. հավակնորդներ եւ փաստեր

26/01/2012

Հունվարի 24-ին Ամերիկյան կինոակադեմիան հայտարարեց այս տարվա «Օսկարի» հավակնորդների անունները։ Ամենամեծ թվով՝ 11 «Օսկարի» է հավակնում Մարտին Սկորսեզեի «Հյուգո» 3D ժապավենը, իսկ ֆրանսիացի Միշել Հազանավիչուսի «Արտիստը»՝ 10 «Օսկարի»։ Ընդ որում, երկուսն էլ նվիրված են կինեմատոգրաֆիայի «մանկությանը»։ Բացի այս ֆիլմերից, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում պայքարում են եւս 7-ը՝ Ստիվեն Սպիլբերգի «Մարտական ձի», Թերենս Մալիկի «Կենաց ծառը», Ստիվեն Դոլդրիի «Ծայրահեղ բարձրաձայն եւ անսահման մոտ», Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում», Ալեքսանդր Պեյնի «Ժառանգները», Բենետ Միլերի «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» եւ Թեյթ Թեյլորի «Սպասուհին» ֆիլմերը։ Ընդ որում, առաջատարը՝ «Հյուգոն», «Ավատարից» հետո երկրորդ խաղարկային 3D ժապավենն է, որ երբեւէ հավակնում է գլխավոր «Օսկարին»։

Սեւ ու սպիտակ «Արտիստը» «Օսկարի» պատմության գլխավոր մրցանակին հավակնող ընդամենը 5-րդ համր ժապավենն է։ Իսկ Հազանավիչուսը Ֆրանսիայի 8-րդ քաղաքացին է, ով որպես ռեժիսոր կարող է «Օսկար» ստանալ։ Մինչ այս հավակնորդներ են եղել Ռենուարը, Լելուշը, Տրյուֆոն, Մալը, Մոլինարոն, Շրյոդերը, Պոլանսկին, եւ միայն վերջինիս է բախտ վիճակվել ստանալ երազելի արձանիկը։ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում պայքարում է նաեւ Հազանավիչուսի կինը՝ Բերենիս Բեժոն։ Ի դեպ, Հազանավիչուսի մրցակիցներն են Մալիկը, Պեյնը, Սկորսեզեն եւ Ալենը։ Վերջին երկուսն արդեն 7-րդ անգամ են հայտնվում ռեժիսորական անվանակարգում։

«Արտիստի» գլխավոր դերակատար Ժան Դյուժարդենը 4-րդ ֆրանսիացին է, ով որպես լավագույն դերասան ներկայանում է «Օսկարի»։ Նրա նախորդներին բախտը չի ժպտացել, ուստի նա կարող է դառնալ առաջինը։ Դյուժարդենի հետ պայքարում են Գարի Օլդմանը, Ջորջ Քլունին, Դեմիեն Բիշիրը եւ Բրեդ Փիթը։ Վերջինս այս տարի «Օսկարի» է հավակնում նաեւ` որպես «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմի պրոդյուսեր։ Ավելին, չի բացառվում, որ նա նոմինացվի նաեւ երրորդ «Օսկարին». Փիթը հանդիսանում է «Կենաց ծառը» ֆիլմի պրոդյուսերներից մեկը, իսկ այս ժապավենի՝ թեկնածու պրոդյուսերների անունները Ամերիկյան կինոակադեմիան դեռ չի հայտարարել։

Դերասանուհիների շարքում եւս ակնհայտ ֆավորիտ դեռ չկա։ Պայքարում են 5-ը՝ Վիոլա Դեւիսը, Ռունի Մարան, Միշել Ուիլյամսը, Գլեն Քլոուզը եւ Մերիլ Սթրիփը։ Վերջինս, ով այս տարի մարմնավորել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթե լեդի» Մարգարետ Թետչերին, համարվում է Ակադեմիայի ռեկորդակիրը. նա 17-րդ անգամ է ներկայացվում «Օսկարի», ընդ որում, երկուսում հաղթել է, բայց վերջին անգամ արձանիկը ստացել է 29 տարի առաջ։

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ֆավորիտ է համարվում իրանական «Ամուսնալուծություն» ժապավենը, որն արդեն հասցրել է գերել ամբողջ աշխարհը։ Այս ֆիլմը, որի ռեժիսոր Ասգար Ֆարհադին «Օսկարի» է հավակնում նաեւ որպես սցենարիստ, Ամերիկյան կինոակադեմիայի պատմության մեջ մրցանակի հավակնող երկրորդ իրանական ժապավենն է եւ կարող է դառնալ առաջին օսկարակիրը, այն էլ՝ ամերիկա-իրանական քաղաքական հարաբերությունների գերլարվածության ֆոնի վրա։

Օսկարակիրների անունները հայտնի կդառնան փետրվարի 26-ին։

ԹՈՄՍՈՆ