Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը կիրակի օրը հրապարակած իր հերթական տարեկան զեկույցում ընդգծել է, որ «Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները` իրավիճակը բարելավելու համար»: Ըստ զեկույցի` 2011թ. ընթացքում Հայաստանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան 10 սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել` բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար: «2008թ. մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան 3 տարի անց` այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ»,- ասված է փաստաթղթում: Անդրադարձ կա նաեւ ընդդիմության հանրահավաքների վերաբերյալ, որտեղ ասվում է. «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011թ. ապրիլին արտոնեց ընդդիմության բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտիվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ Ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: «Օգոստոսին Ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց Ոստիկանության գործողությունների շուրջ»,- արձանագրում է «Human Rights Watch»-ը` հավելելով, թե բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում: Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանություններն ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք, ըստ փաստաթղթի` որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար:
Ի դեպ, զեկույցի վերջում «Human Rights Watch»-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը. «2011թ. հոկտեմբերին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ` արձանագրելով, որ 2008թ. մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել»,- հիշեցնում է միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch»-ը, ում գնահատմամբ` անհարկի է Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը: