10-րդ հանդիպումը

24/01/2012

Երեկ Սոչիում տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին հաջորդել է նրանց համատեղ հայտարարությունը` ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները ՌԴ նախագահի հրավերով 2012թ. հունվարի 23-ին հանդիպեցին Սոչիում եւ քննարկեցին ԼՂ հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները: Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը` սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը: Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է ձեռք բերվել ԼՂ կարգավորման Հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ: Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը: Երկու նախագահները բարձր գնահատեցին ՌԴ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությունն ու հույս հայտնեցին, որ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան այդ կարգավիճակում հետագայում եւս ակտիվ դերակատարություն կունենան կարգավորման գործում` ընդհուպ մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության ու կայունության հաստատումը: Ի զարգացումն 2012թ. մարտի 5-ին Սոչիում արված Համատեղ հայտարարության դրույթի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի` շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակած զեկույցը եւ հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը: Նախագահները հաստատեցին, որ ԼՂ կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից է կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումը: Այդ առումով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ հետագա երկխոսության հաստատմանը: Երեք երկրների նախագահները դիտարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կողմից պատրաստված զեկույցը, որն առնչվում է շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննմանը: Նրանք հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը»: