Քաղաքագետ Էդգար Վարդանյանը երեկ հայտարարել է, թե արդեն իսկ պայմանավորվածություն կա օլիգարխների եւ իշխանությունների միջեւ, թե ինչ ընտրակարգով պետք է առաջադրվեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում, որովհետեւ արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ կոնկրետ օլիգարխների հետ` դուք առաջադրվում եք մեծամասնականով, իսկ համամասնականով կառաջադրվեն քաղաքական դեմքերը»,- ասել է նա: Նրա խոսքով` ՀՀԿ-ն չի ցանկանում իր համամասնական ցուցակում ընդգրկել օլիգարխներին, իսկ մեծամասնական ընտրակարգը իշխանությունների համար ցանկալի է, քանի որ մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվողները այդ տարածքում ունեն հեղինակություն, լծակներ: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա, ըստ Վարդանյանի` նրանք դեմ լինելով մեծամասնական ընտրակարգին, փորձում են ընդամենը թուլացնել իշխանության դիրքերը եւ ոչ թե վերացնել ընտրակեղծիքները: «Ընդդիմությունն ասում է, որ չեն լինելու ազատ ու թափանցիկ ընտրություններ: Այսօրվա պայմաններում իշխանափոխություն հնարավոր չէ: Պարզապես մեծամասնականի վերացմամբ ընդդիմադիրները կկարողանան ավելի շատ ձայներ վերցնել»,- ասել է նա: