Ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութ` իրանցու ճամպրուկում

24/01/2012

Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է Մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում: «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»,- ասել է նա: ՊԵԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի առթիվ ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել «Ռապիսկան» զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության եւ փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում: «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,- տեղեկացրել է Նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ եւ հոգեմետ դեղորայք: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները նաեւ ծանրոցների միջոցով թմրանյութի եւ հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին եւս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. «Մեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ»: Նշենք, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ` մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի եւ ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաեւ մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք: