Միավորվում են

24/01/2012

«Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընկերության ֆիրմային անվանումը «Սբերբանկի» հետ միավորման արդյունքում կլուծարվի, իսկ դրա հիմքի վրա կստեղծվեն երկու նոր բիզնես-դաշինքներ` «Կորպորատիվ-ներդրումային բանկ» (CIB) եւ «Ունեցվածքի կառավարման վարչություն»: Ըստ Ռ. Վարդանյանի` «Ընկերության ֆիրմային անվանումը ներդրումային-բանկային բիզնեսում այսուհետ չի լինի, քանի որ դա անիմաստ է: Եթե մենք ուզում ենք զարգացնել «Սբերբանկ» խմբի ծառայությունները, ավելի ճիշտ է` կոչվել «Սբերբանկ»: Կարող են բացառություն լինել wealth management-ի որոշ ուղղություններ»: Նաեւ հավելել է. «CIB դաշինքը ծառայություններ կմատուցի ռուսական ու արտասահմանյան խոշոր կորպորացիաներին եւ ֆինանսական ինստիտուտներին` դառնալով «Սբերբանկի» «Կորպորատիվ բիզնես» գործարար դաշինքի մի մասը: Իսկ ունեցվածքի կառավարման վարչության մեջ կմտնեն «Սբերբանկի» եւ «Տրոյկա դիալոգի»` մասնավոր հաճախորդներին ներդրումային արտադրանքների վաճառքի բիզնեսները, ներառյալ` ակտիվների ու private banking-ի կառավարումը»: Ռ. Վարդանյանը տեղեկացրել է, որ ինքը կդառնա «Սբերբանկի» թոփ-մենեջերը: Ըստ tert.am-ի` «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է, որ ներկայում ընթանում են կորպորատիվ-ներդրումային բանկի անվան շուրջ քննարկումներ: «CIB-ի կորպորատիվ աշխատանքները կղեկավարի Ալեքսանդր Բազարովը, իսկ ներդրումային բանկը` Ռուբեն Վարդանյանը»,- ասել է նա: