Պատվի համար

24/01/2012

Թուրքական «Milliyet»-ին տված հարցազրույցում Ֆրանսիայի սենատի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը` պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծն ինչո՞վ է տարբերվում Թուրքիայում այդքան քննադատվող 301-րդ հոդվածից, պատասխանել է. «Հարցը հակառակ կողմից տամ։ Թուրքիան ինչո՞ւ է առարկում, երբ Ֆրանսիայում օրինագիծ է ընդունվում, որի նմանը կա հենց Թուրքիայում»: Նրա խոսքով` օրինագծի դեմ հանդես եկող Սենատի շատ պատգամավորներ, տեսնելով Անկարայի արձագանքը, փոխել են իրենց վերաբերմունքը: «Ֆրանսիայի նախկին նախագահի որդին` Լուի Ժիսկար դ’Էստենը եւս դեմ էր օրինագծին: Սակայն նա հայտարարեց, որ Անկարայից եկած արձագանքներից հետո փոխել է իր միտքը»,- ասել է Պ. Դեւեջյանը: Հարցին էլ, թե` որքա՞ն եք պատրաստվում պայքարել, նա պատասխանել է. «Մինչեւ մահ: Սա շատ հոգնեցուցիչ է, բայց այն պատվի խնդիր է»: