Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը գրեթե վստահ են` եթե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն, եւ ընտրակարգը դառնա 100 տոկոս համամասնական, ընտրակեղծիքները կպակասեն: Կամ` իշխանության գործարար թեկնածուների մուտքը խորհրդարան կպակասի 41-ով: Այսինքն` ընտրությունների անցկացման մեխանիզմն անկատար է զուտ օրենսդրական մասով: Անհրաժեշտ է փոքրիկ մի շտկում: Որքան թույլ է հիմնավորված ընդդիմության այս պնդումը, նույնքան անհասկանալի է իշխանությունների դիմադրությունը: Ըստ էության` փորձ է արվում երկուստեք սկզբունքային վեճի պատրանք ստեղծել մի հարցի շուրջ, որը հայաստանյան ընտրական գործընթացների վրա գրեթե ազդեցություն չունի: Նման քննարկումները գուցե տեղին լինեին 1995-96թթ. ընտրություններից առաջ: Իսկ այսօր ուղղակի անաքրոնիկ են. իշխանություններն ընտրությունները կկեղծեն 100-տոկոսանո՞ց համամասնական ընտրակարգի պարագայում, թե՞ մեծամասնականով առաջադրված թեկնածուների դեպքում, խնդրի էությունը չի փոխում:
ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, այս հարցում նրանց հետ համակարծիք ԲՀԿ-ն նախաձեռնությունը հիմնավորում են, թե այսպիսով ԱԺ կմտնեն բացառապես քաղաքական հավակնություններով ուժեր: Սակայն քաղաքական դաշտում նույն կուսակցություններն են կամ, ավելի ստույգ ձեւակերպեմ, նույն գործիչները, ովքեր շրջում են կուսակցությունից կուսակցություն: Մերժելով մեծամասնական ընտրակարգը` պատնեշ է դրվում բոլոր նրանց առաջ, ովքեր որեւէ կուսակցության նախընտրական ցուցակ մտնելու համար անհրաժեշտ գումար կամ ցանկություն չունեն, սակայն խորհրդարանում կարող են գրագետ աշխատել: Այսպիսով` սահմանափակվում է նաեւ ընտրողի իրավունքը, ով դարձյալ ստիպված է ընտրություն անել իրենց վաղուց սպառած ուժերի միջեւ: Եվ կամ ստիպված բոյկոտել ընտրությունը: Մտավախություն կա, որ նոր, կարող մարդիկ մեծամասնական ընտրակարգով ընտրվելու շանս չունե՞ն, որ իշխանության գործարար ներկայացուցչի եւ նրանց պայքարում ընտրողն իր ձայնը կտա գործարարի՞ն: Սակայն սա ամենեւին Ընտրական օրենսգրքի թերությունից բխող խնդիր չէ:
Մերժելով մեծամասնական ընտրակարգը` ի սկզբանե արձանագրում ենք` ընտրողները տգետ են, ընտրություն կատարելու անընդունակ եւ ծախված: Ընտրողները պատրաստ չեն տեր կանգնել իրենց ընտրությանը: Սակայն ծախվող եւ իր ձայնը չպաշտպանող ընտրողի խնդիրը եւս ԸՕ փոփոխությամբ չէ, որ լուծվելու է: Ընտրական գործընթացը քաղաքական եւ բարոյական դաշտ բերելու համար լրիվ այլ գործիքներ են անհրաժեշտ:
Բոլոր իշխանություններին, եւ այդ մասին կվկայեն նաեւ ՀԱԿ առաջնորդների վերհուշները, մեծամասնական տեղերի թիվը խիստ սկզբունքային է: Սակայն բոլոր ընդդիմադիր ուժերի համար հենց ա՛յս տեղերն են փորձաքար: Ընտրությունների ընդմիջումներին իշխանությունների ապօրինությունների դեմ պայքարելն, ինչպես համոզվում ենք, այնքան էլ արդյունք չի տալիս: Սակայն ամեն ընտրատեղամասում տարած հաղթանակը` հանուն սեփական թեկնածուի արդար ընտրության, ամենամեծ ու իսկական հաղթանակն է: Որպես 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի հիմնավորում` ներկայացվում է նաեւ ԲՀԿ-ի համաձայնությունը: Իբրեւ` իշխանական այս կուսակցությունը, որը հոգով ընդդիմություն է, համաձայն է մեծամասնական ընտրակարգի մերժմանը: Կոնկրետ ԲՀԿ-ի դեպքում ընտրություններին ցուցակով կամ մեծամասնական եղանակով մասնակցելն ամենեւին սկզբունքային չէ: Այս դեպքում էականը մեկ անուն է` ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցնող մարդու անունը: Թե նրանից հետո ում անունները կլինեն ցուցակում, ընտրողներին արդեն հետաքրքիր չէ: ԲՀԿ ասելով` ընտրողները գիտեն միայն մեկ անուն: Եվ սա նույնքան վտանգավոր միտում է, որքան մեծամասնականո՛վ առաջադրվող օլիգարխը: Նույն սկզբունքն է աշխատում նաեւ ՀՀԿ-ի դեպքում` այն տարբերությամբ, որ այստեղ անգամ ցուցակի առաջի՛ն հորիզոնականը զբաղեցնողի անունը հետաքրքիր չէ: Կարեւորը պաշտոնն է` երկրի նախագահ: Դաշնակցության դեպքում անդամների անուն-ազգանուններն ընտրողներին հետաքրքրում են այնքան քիչ, որ, կարելի է ասել, ընդհանրապես չեն հետաքրքրում: Ընտրողն իր ձայնը տալիս է կուսակցության անվանմանը: «Ժառանգություն» ասելով` եւս հասկանում ենք նախեւառաջ` Րաֆֆի Հովհաննիսյան: Թեեւ այս կուսակցությունում կան նաեւ բարեհունչ այլ անուններ` Զարուհի Փոստանջյան…
Իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած ընդդիմության ներկայացուցիչների, մասնավորապես` ՀԱԿ-ի համար, մեծամասնական ընտրակարգը պետք է որ հարմար առիթ լիներ պայքարելու եւ հաղթելու նաեւ ա՛յդ ճակատում: Ի սկզբանե ընդունել, որ, միեւնույն է` մեծամասնական եղանակով ընտրվելու են բացառապես իշխանության թեկնածուները, արդեն պարտություն է:
Եվ հետո, հիշենք, 2009թ. մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Դրանք 100 տոկոսանոց համամասնական ընտրություններ էին: Բայց ընտրությունները կեղծվեցին նույն սկզբունքով, ինչ սկզբունքով կեղծվում են ՏԻՄ, խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները:
Քաղաքական գործիչները, կուսակցությունները ընտրակեղծիքների նվազման, ընտրությունների արդար անցկացման մեկ կարեւոր խնդիր չեն դիտարկում. իրենց ազնվության խնդիրը: Բոլորն ընդդիմություն են` մինչեւ ընտրություններ: Հետո հանկարծ պարզվում է, որ նրանք հոգով միշտ իշխանությունների հետ են եղել: Գոնե այդպես է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի դեպքում: Վկան` ընտրություններից հետո ստեղծված իշխանական դաշինքները:
Նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտը գրաված ՀԱԿ-ն այս տարիներին իր ժամանակը նվիրեց ապացուցելուն, որ ինքն է միակ ընդդիմությունը: Ընթացքում իշխանություններին պարբերաբար համագործակցելու առաջարկներ էին հնչում: Այժմ ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել արդեն ԲՀԿ-ի հետ եւ համատե՛ղ պայքարել` հանուն արդար ընտրությունների: Քաղաքական կուսակցությունների ու գործիչների անկանխատեսելի եւ անազնիվ կեցվածքն է հիմնական պատճառը, որ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան են մտնում 41 մկանուտ եւ հարուստ պատգամավորներ: Եվ ԸՕ բացթողումն այս դեպքում գրեթե զրո է: