Լեգիտիմացնելու փոխարեն՝ դիմադրում են

24/01/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«2007թ. հիմնադրված «Արտ լաբորատորիա» մշակութային հասարակական կազմակերպության (հ/կ) հիմնադիրներն են Գարիկ Ենգիբարյանը, Էդգար Ամրոյանը, Արթուր Պետրոսյանը, Արա Պետրոսյանը, Կարեն Օհանյանը, Հովնան Քարտաշյանը, Սամվել Վանոյանը, Հարություն Զուլումյանը, Նարինե Զոլյանը եւ Հովհաննես Մարգարյանը: «Արտլաբի» գործունեության նպատակն է` արձագանքել հասարակության մեջ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական հրատապ իրադարձություններին եւ բացահայտել այն չերեւացող մեխանիզմները, որոնք նպաստում են բռնատիրական հասարակարգերի կայացմանը: «Արտ լաբորատորիայի» իրականացրած ակցիաները կամ քաղաքական համատեքստով արված սթրիս-արտերը դուրս են զուտ մշակութային պատկերացման շրջանակներից: Դրանք մոբիլիզացիա հիշեցնող գործողություններ են` միտված ուղղակի ազդեցություն գործելու հասարակության եւ քաղաքականության վրա».
«Արտ լաբորատորիա»

Վերջին շրջանում արվեստագետների «Արտ լաբորատորիա» խումբն իսկական բում արեց թե՛ արվեստի, թե՛ քաղաքական դաշտում` անարդարության դեմ պայքարի մեխանիզմը տեղափոխելով արվեստի դաշտ: Խմբի բոլոր անդամներն արվեստագետներ են, որոնք իրենց անհնազանդությունն են արտահայտում` արձագանքելով հրատապ սոցիալ-քաղաքական այն խնդիրներին, որտեղ չլուծված, վիճելի հարցեր կան: Նրանց ներկայացրած քաղաքական ակցիաները, ցուցահանդեսները, պերֆորմենսները, մանիֆեստները, վիդեո-art-երը մեծ արձագանք են գտնում հասարակության մեջ, քանի որ արվեստի «խողովակով» պայքարի այս ձեւաչափը ազդեցության մեծ ուժ ունի: Ի դեպ, շատերն են կիսում այն կարծիքը, որ քաղաքական արվեստով դիմադրությունը` ուժի, նյութի իշխանության զսպաշապիկն է, հետեւաբար` մեր երկրում տիրող անօրինականությունը հիմա առճակատման է գնում քաղաքական արվեստի, այլ կերպ ասած` մտքի, գաղափարի հետ: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ «Արտլաբի» հասարակական հնչեղություն ստացած ակցիաները հայ մարդու մոտ պայքարելու, չհնազանդվելու ձգտում են առաջացրել, ուրեմն կարող ենք արձանագրել, որ Հայաստանի երիտասարդության մի զգալի զանգված գաղափարական, մտքի կռիվ է տալիս: Ինչեւէ, մեզանում տարածված երկու կարծրատիպ կա. ոմանք համարում են, որ արվեստագետն իրավունք չունի ներգրավվել քաղաքական հարցերի մեջ, իսկ շատերն էլ պահանջում են արվեստագետի տեսակետն այս կամ այն հարցի շուրջ` համարելով, որ արվեստագետի խոսքը պետք է առաջնորդող լինի:

 

«Արվեստագետն, անշուշտ, պետք է մասնակցի քաղաքականությանը իր անունից. մասնակցելով քաղաքական իրադարձություններին` դու չես դառնում որեւէ կուսակցության կամ շարժման գործիքը, այլ քո քաղաքացիական դիրքորոշմամբ պրոցեսների մեջ ներգրավվածություն ես ունենում»,- ասում է «Արտլաբի» անդամ Արթուր Պետրոսյանը: Այլ կերպ ասած` ստեղծագործության նյութը դառնում է քաղաքական եւ քաղաքացիական ռեսուրսը: Արա Պետրոսյանը կարծում է, որ այս գլոբալիզացիայի մեջ թաղված 21-րդ դարում արվեստագետն իրավունք չունի անջատ լինել քաղաքականությունից. «Դա սխալ խոսակցություն է, որովհետեւ այս երկրում կատարվող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի բոլորիս հետ` լինես արվեստագետ, բանվոր թե տաքսիստ: Արվեստագետն իրավունք չունի քաշվել մի կողմ ու իր գործն անել, որովհետեւ երկրում կատարվող յուրաքանչյուր դեպք անմիջականորեն առնչվում է իր հետ»: Ըստ նրանց, արվեստագետի խոսքը պետք է առաջնորդող լինի, ավելին` խոսքին կարող է փոխարինել որեւէ գործողություն, որը կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան խոսքի ու բառի նշանակությունը: Խմբի անդամների դիտարկմամբ` արվեստի եւ քաղաքականության բաժանումը հատուկ է արված` արվեստագետին հնազանդեցնելու, իշխելու մտադրությամբ: Այդուհանդերձ, «Արտլաբի» գործունեությունը պայմանավորված է ոչ թե ինչ-որ մեկին բան ապացուցելուն, այլ` այն իրենց տեսակի, մտածելակերպի եւ կենսաձեւի արտահայտությունն է: «Եթե դու քաղաքացի ես` իրավունք չունես իներտ կեցվածք ընդունել: Արվեստագետը պետք է ունենա իր կարծիքը, եւ ցանկալի է, որ ընդդիմադիր կարծիք ունենա, քանի որ, եթե պիտի իշխանության ամեն ասածին «այո» ասես, ուրեմն` Ազգային ժողովի պես դակող ես. եղանակ չես կարող փոխել»,- ասում է Արթուր Պետրոսյանը` վստահեցնելով, որ խումբը կարող է ընդդիմություն լինել նույնիսկ ընդդիմությանը` որեւէ հարցի շուրջ հակադրության անհրաժեշտություն զգալու դեպքում:

«Արտլաբի» մեկ այլ անդամի` Հովհաննես Մարգարյանի հավաստմամբ` իրենց խմբի պայքարն ինքնանպատակ չէ, քանի որ. «Դու տեսնում ես, որ մարդը չի անում այն, ինչի համար նստած է իշխանական աթոռին: Պետք է քննադատես, որպեսզի իր համար ամոթալի լինի այնտեղ նստելը եւ իշխանական լծակներից օգտվելը: Անդրադառնալով արվեստագետի քաղաքական պայքարին` պետք է նշեմ, որ, եթե արվեստը պատի նախշ չի, կամ նկարիչը «ռեմոնտին» հարմարեցված նկար չի անում, ուրեմն` ինքը ասելիք ունի: Եթե ասելիք ունի` հնարավոր չէ, որ քաղաքական չլինի, ուրիշ ի՞նչ… Դա իրադարձություն է, իսկ իրադարձությունը քաղաքականությունն է: Դու, ուզես չուզես, առնչվում ես դրա հետ, որովհետեւ դու, այնուամենայնիվ, հասարակական երեւույթ ես»: Նկատելի է, որ Հայաստանում ամրապնդվում են քաղաքական արվեստի դիրքերը, որն էականորեն տարբերվում է ինչպես մոդեռնիզմի, այնպես էլ` պոստմոդեռնիզմի արվեստից: Ընդ որում, «Արտլաբի» գործունեության ռազմավարությունն իրականության մեջ տեղի ունեցող անարդարություններին դիմադրություն ցույց տալն է: «Թվում է` ոչինչ չի փոխվում, բայց հասարակական միտքը, պատկերացումն է փոխվում: Արվեստագետներն ու քաղաքական գործիչներն էլ են փոխվում, քանի որ վերջինները նույնպես սկսում են արվեստի ակցիաներ անել: Հիշենք Հմայակ Հովհաննիսյանին, ով կանգնել էր ծաղկեպսակի կողքին` կոալիցիայի մահվան կապակցությամբ: Դա քաղաքական ակցիա էր, որն արվեստի երանգ ուներ կամ արվեստի ակցիա էր, որը քաղաքական երանգ ուներ: Կամ` նույն բնապահպանների ակցիաները, որոնք թատերական, գեղագիտական երանգ ունեն»,- ասում է Հովհ. Մարգարյանը: Խմբի անդամները մատնանշում են վերջերս կատարված մի դեպք, երբ Բելառուսի ակտիվիստներից մեկը տեսախցիկի առջեւ այրել էր իր անձնագիրը` ցույց տալու համար, որ հրաժարվում է քաղաքացիությունից: Այդ գործողությունը նա ներկայացրել եւ տարածել է ինտերնետով` իբրեւ արվեստի գործ, քանի որ մի դեպքում` արվեստի կտրուկ, էքսպրեսիվ ժեստ է արվել, մյուս կողմից էլ` այն ունի ռեալ կյանքում ազդեցություն ունենալու հավակնություն: Հովհ. Մարգարյանը կարծում է, որ այսօրվա արվեստը վերակենդանացնում է 20-րդ դարասկզբի ավանգարդի իդեան` ազդում, փոխում է հասարակությանը: Ավելին, եթե արվեստը չի հավակնում փոխել հասարակությանը, ապա ավելի վատ բան է անում. լինելով լեգիտիմացման միջոց` այն խոչընդոտ է հանդիսանում քաղաքակրթության զարգացմանը: Ամեն դեպքում` «Արտլաբը» փորձում է արվեստի դաշտն ընդլայնել քաղաքականության հաշվին:

Ի դեպ, խմբի անդամները վերջերս մի ակցիա արեցին ապամոնտաժված Բանվորի արձանի տարածքում, որը մեծ իրարանցում առաջացրեց տարածքի բնակիչների միջեւ: Նրանք բանվորի արձանի մի մեծ պաստառ փակցրեցին պատին` վերականգնելով տարածքի նախկին` գործարանային նշանակության հուշը: Ակցիայի գաղափարախոսությունը մարդկանց մեջ աշխատանքի, արժանապատիվ կյանքի մասին հիշողություն արթնացնելն էր: «Կար բանվոր դասակարգ, որն ուներ ինքնասիրություն, արժանապատվություն: Մարդկանց դա շատ դուր եկավ, սկսեցին հարց ու փորձ անել: Իմիջիայլոց` Բանվորի արձանը Սովետական ժամանակի մոնումենտ էր եւ պետք չէր վերացնել: Գաղափար, իդեա կար այդ արձանի մեջ: Նկարիչների միությունը պահելու փոխարեն` թող այդ արձանը թողնեին: Նույն Բանվորի արձանի տեղում այսօր ինչ-որ մի խանութպանի շինանյութի շուկա է, որը ճիշտ բնորոշում է այսօրվա մեր իրականությունը»,- ասում են նրանք:

«Արտլաբի» անդամների մեծ մասը նկարիչներ են, ովքեր իրենց համարում են Նկարիչների միության կամ Սովետից մնացած այլ «հաստատությունների» հակադիր ճամբարում գտնվողներ. «Շատերը նստում` իրենց նատյուրմորտը կամ բնանկարն են նկարում` կարծելով, որ իր դերն ինտերիերի համար գործեր անելն է: Այսինքն` իր գործը ծառայություն մատուցելն է»,- ասում է Արա Պետրոսյանն` ավելացնելով, որ Հայաստանում գործող միությունները ենթակա են վերացման: Խմբի անդամների կարծիքով` դրանք «հիմար ու անպետք» կառույցներ են, որոնք միայն ծառայում են բյուրոկրատներին: Ավելին` կոչումների ու մեդալների ինստիտուտն էլ ստեղծվել է մարդկանց հսկողության տակ պահելու, ծառայեցնելու նպատակով, որոնք հիմնականում տրվում են այդ միությունների խողովակներով:

«Արտ լաբորատորիա» խումբը վերջերս Գերմանիա մեկնելու հրավեր էր ստացել, որտեղ, բացի իրենց գործունեության հետ ծանոթացնելուց, նրանք նաեւ ակցիաներ, ցուցահանդեսներ են կազմակերպել: