Արքայական պտուղ` մանգո
Մանգոն աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի խումբ է, որի գիտական անվանումն է` Mangifera։ Համարվում է, որ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է` «արքայական պտուղ»։ Տեսակներից մեկը` M.odorata, հենց այդպես էլ կոչվում է` «քվինի»։ Այս տեսակը բնության մեջ հանդիպում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնական արեւադարձային անտառներում` Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, այլ Գուամում։ Այս եւ M.foetida (հոտավետ) տեսակները շատ հարգի են տեղաբնակների մոտ, սակայն չեն արտահանվում սուր (սկիպիդարի) հոտ ունենալու հետեւանքով։ Արտաքին թաղանթը ուտելուց առաջ պարտադիր հեռացնում են, այն պարունակում է խայթող քայքայող հատկություն ունեցող նյութ, որը օգտագործում են դաջվածքների ամրացման եւ վերքերի բուժման համար։ M.foetida տեսակի կորիզը մյուսների համեմատ ավելի ուռուցիկ է։ Արեւելյան ժողովուրդները համարում են, որ այս միրգը տրված է մարդկանց Աստծո կողմից, այն անվանում են «արեւադարձային խնձոր»` առողջություն եւ երկարակեցություն պարգեւող պտուղ։
Մանգոն ազգային արժեքների խորհրդանիշներից մեկն է համարվում հինդուիզմ դավանող Հնդկաստանում եւ Պակիստանի Իսլամական Հանրապետությունում։ 16-րդ դարում պորտուգալացիները բերել են բույսը Բրազիլիա եւ Աֆրիկա։
Հնդկական տեսակը կոչվում է M. indica, այն ունի բազմաթիվ ենթատեսակներ, որոնք մշակվում են ոչ միայն հայրենիքում, այլեւ Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Ավստրալիայի բազմաթիվ երկրներում։ Եվրոպայում բույսը մշակվում է Իսպանիային պատկանող Կանարյան կղզիներում։
Վերջին 20 տարում մանգոյի արտահանման ծավալներն աճել են երկու անգամ։ Առաջատար արտահանող երկիրը Հնդկաստանն է, որտեղ կենտրոնացած է համաշխարհային արտադրանքի 40 տոկոսը։
Մանգոն մշտադալար, 40 մետր բարձրությամբ բույս է, սաղարթը` խիտ բրգաձեւ, լայն մասի տրամագիծը համաչափ է բարձրությանը։ Տերեւները մուգ կանաչ են` սկզբում դեղնավարդագույն, նեղ նշտարաձեւ, վերջում` սուր եւ հիմքում` կլորավուն, կաշվեկերպ, մինչեւ 30 սմ երկարությամբ եւ 10 սմ լայնությամբ։
Ծաղիկները հավաքված են դեպի վեր ուղղված կատվիկների մեջ։ Մեկ ծաղկաբույլում կան հարյուրավոր մանր ծաղիկներ, որոնք բազմերանգ են, սպիտակից-վարդագույն. 5 ծաղկաթերթերով եւ 5 կարմիր բաժակատերեւներով, ունեն նուրբ հոտ։ Երկտուն բույս է, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։ Պտուղները հասունանում են ծաղկելուց 4-6 ամիս հետո։ Հասունացած պտուղները առաձգական են, սեղմելիս վերականգնում են նախնական տեսքը։
Օվալ են կամ կլոր, ներքեւից ունեն արտահայտված փոքր ելուստ, երկարությունը` 10-12 սմ, կորիզը տափակ է եւ ամուր, 8 սմ երկարությամբ։ Կեղեւը բարակ է`կանաչ, դեղին, կարմիր գույնի կամ բազմերանգ, պուտիկավոր։ Հասունացած պտուղը հյութալի է` փափուկ, քաղցր համով, պտղամիսը` դեղնանարնջագույն։
Պտղի քիմիական բաղադրությունը կախված է հասունացման աստիճանից։ Սկզբում այն պարունակում է զգալի քանակությամբ օսլա, որը տրոհվում է` փոխակերպվելով բուսաշաքարի, խաղողաշաքարի, մալտոզայի։ Չհասունացած պտուղը հարուստ է պեկտինով, որի քանակը նվազում է կորիզի կարծրանալուն համընթաց։
Ոչ հասուն պտուղը հարուստ է օրգանական թթուներով, կիտրոնի, թրթնջուկի, սաթի, խնձորի, որի հետեւանքով թթվահամ է, պարունակում է զգալի քանակությամբ ասկորբինաթթու, կարոտին, այլ վիտամիններ։
Հասուն պտուղը պարունակում է 15 տոկոս շաքարներ, մոտ 2 տոկոս բջջանյութ, 0,5 տոկոս սպիտակուց, 0,3 տոկոս ճարպեր։ 100 գ-ի էներգետիկ արժեքը 67 կկալ է, պարունակում է 10 մգ կալցիում, 9 մգ մագնիում, 11 մգ ֆոսֆոր, 156 մգ կալիում, երկաթ, ցինկ։
Կարոտինի պարունակությամբ համարժեք է գազարին, դդումին, չիչխանին, վիտամին C-ի պարունակությամբ գերազանցում է բոլոր ցիտրուսներին։ Պարունակում է B1, B2, B3, B5, B6, B9 եւ D վիտամիններ, ֆերմենտներ, հակաբորբոքային հատկություն ունեցող նյութ մանգիֆերին։ Հասունացած մանգոյի պտղամիսը եւ հյութը հանգստացնում է նյարդերը, օգնում է հաղթահարել սթրեսը, բարձրացնում դիմադրողականությունը, օգնում է անքնության դեպքում, ունի լուծողական հատկություն, լավացնում է մարսողությունը եւ երիկամների կենսագործունեությունը։
– Օգտակար է տեսողության համար` հատկապես հավկուրության դեպքում։ Նպաստում է կոլագենի եւ էլաստինի գոյացմանը մաշկում։ Ամրացնում է անոթների պատերը։ Ուժեղացնում է սեռական կարողությունը։
– Մանգոյի սերմից ստանում են յուղ, այն դեղին է, հալման ջերմաստիճանը` 23-27 աստիճան։ Օգտագործվում է մանկական եւ հակաարեւային քսուքների, մազերի խնամքի համար նախատեսված միջոցների արտադրության մեջ։ Պարունակում է մաշկը հարթեցնող ֆերմենտ` պապաին։
– Մանգոն չի կարելի օգտագործել ալկոհոլի հետ, քանի որ կառաջացնի մարսողության խանգարում։
– Կեղեւի հետ հպվելիս կարող է առաջանալ մաշկի բորբոքում։
Անքնության դեպքում. Խառնեք 50-ական գրամ մանգոյի եւ բանանի տրորած պտղամիս, հարեք 100 գ մածունի հետ։ Կերեք քնելուց առաջ։
Տեսողությունը լավացնելու համար. Մեկ մանր կտրատած մանգոյին ավելացրեք 1-2 գդալ բուսայուղ։
Բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբ. Խմեք 50-ական մլ մանգոյի հյութ, օրը 1-2 անգամ` սնվելուց առաջ։ Հանգստացնում է ստամոքսի բորբոքված լորձաթաղանթը։
Աթերոսկլերոզ. Ամերիկացի գիտնականները խորհուրդ են տալիս ուտել օրվա ընթացքում 1-ական կիվի եւ մանգո` որպես կանխարգելիչ միջոց։
Ի դեպ, այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ 250 գ մանգո ուտելուց կանանց մոտ 17 տոկոսով նվազել է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Հերպես. Տրորեք պտղամիսը, պահեք շրթների վրա 15-20 րոպե։
Խոնավացնող. Խառնեք մաշկի խնամքի համար նախատեսված քսուքներին մի քանի կաթիլ մանգոյի յուղ։
Թեփոտման դեմ. Մերսեք դեմքը մանգոյի պտղամսով։ Ունի նաեւ թարմացնող ազդեցություն։
Արեւահարման դեմ. Խառնեք 1 մանգոյի պտղամսի հյութը, 1 թ/գ մեղր եւ 1 թ/գ ձիթապտղի յուղ։ Մշակեք մաշկը արեւայրուքից հետո։