Ցուցակնե՞ր են պահանջում

21/01/2012

Հրազդանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը օրեր առաջ հայտարարել էր, թե ինքը «մեծ ինտերվալով» հաղթելու է նախկին ՀՀԿ-ական պատգամավոր եւ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին: Եվ, որ նախորդ ընտրությունների ժամանակ էլ հաղթել է նրա պաշտպանած թեկնածուին: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հիմնականում պայքարելու են այս երկու թեկնածուները: Ս.Միքայելյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հրազդանի քաղաքապետի նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2008թ. մայիսին, երբ ինքը գտնվում էր ԱԱԾ նկուղում: «Մենք քաղաքական ակտիվությունը պահելու համար թեկնածու ենք դրել եւ նույնիսկ այդ պայմաններում 7000 ձայն ենք հավաքել: Գիտեք, թե այն ժամանակ ինչ էր կատարվել Հայաստանում: Մեր թեկնածուն ոչ վստահված անձ է ունեցել, ոչ հնարավորություններ»,- ասել է Ս.Միքայելյանը: Վերջինս նաեւ ասել է, թե իր մրցակիցն արդեն մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ միասին գործի է դրել Հրազդանի վարչական ողջ լծակները: «Հիմնարկներում բացահայտ ժողովներ են անում, մարդկանցից ցուցակներ են պահանջում` սպառնալով, թե` կազատենք գործից: Ամեն ինչ խոստանում են: Գումար, հող, տնակների տեղ են խոստանում: Եկեք քաղաքի երկրորդական փողոցները նայեք: Տեսեք, թե ինչ վիճակ է, մի լույս վառվո՞ւմ է: Եքա մարզկենտրոն է»,- ավելացրել է Ս.Միքայելյանը: